Համազգեստով, հայրենիքով, զինվորով եղբայրացածները. պատերազմում նրանք նույն մարտում զոհվեցին

Հոկտեմբերի 19-ը Իջևանի գնդի հրամանատար գնդապետ, ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի և նրա տեղակալ, փոխգնդապետ, հետմահու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի արժանացած Արմեն Օհանյանի հիշատակի օրն է:

Նրանք զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի մատույցներում:

Գնդապետ Թաթուլ Ղազարյանը, փոխգնդապետ Արմեն Օհանյանը թե՛ խաղաղ, և՛ թե պատերազմի ժամանակ զինվորի կողքին լինելու, նրանց թիկունքում չթաքնվելու գրված կամ չգրված օրենքներով ապրող և առաջնորդվող հրամանատարներ էին, ինչի հետ ավելի ուշ կհամաձայնի նրանց հետ խրամատներում եղած Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Մարտական հերթապահության ժամանակ ուշադիր ես լինում, բարի ծառայություն քեզ»,- զգուշացնում էր փոխգնդապետ Արմեն Օհանյանը դիրքապահ զինվորին:

Նա այն կարծիքին էր, որ հրամանատարը պետք է կարողանա այնպես անել, որ զինվորն իր հրամանատարին վստահի, կիսվի նրա հետ:

«Դու էլ ես ծնող, հասկանում ես, հարց է լինում հետները, խոսում ես, ինչ-որ տեղ պիտի խաթրով գնաս, բացատրես, հասկացնես՝ առաջին հերթին որպես ծնող: Սրա արդյունքում է, որ ճիշտ ծառայություն է կազմակերպվում»,- գտնում էր փոխգնդապետը՝ միաժամանակ լինելով խիստ և պահանջկոտ իր ենթականների և զինվորների նկատմամբ, երբ հարցը հրամանների կատարմանն էր վերաբերում:

Գնդապետ Թաթուլ Ղազարյանը նույն կարծիքին էր՝ զինվորը պիտի հրամանատարից հոգատարություն զգա:

«Հրամանատարը իրավունք չունի զինվորի թիկունքում մնա»,- ասում էր ՀՀ Ազգային հերոսը:

Թաթուլ Ղազարյանն ու Արմեն Օհանյանը մտերիմ ընկերներ էին՝ բնավորության գծերով իրարից տարբերվող՝ մեկը՝ բռնկուն, մյուսը՝ մեղմ, մեկն՝ արտահայտվող, մյուսը՝ ոչ այնքան:

Նրանց ճանաչողները դա շատ լավ գիտեն, թեպետ առաջին շփումից էլ կարելի էր ինչ-որ բաներ զգալ, բայց երկուսն էլ լավ էին հասկանում՝ մեր պետությունը դժվարին ճանապարհ է անցել, հայրենիքը սկսվում է սահմանից, իսկ այն հատել փորձող թշնամուն պիտի համարժեք պատասխան տալ:

«Երկուսին էլ շատ մոտիկից ճանաչել եմ, նրանց հետ նաև խրամատներում եմ եղել: Իրենք թե՛ հրամանատար էին, թե՛ պարզ զինվորական, թե՛ նվիրումով հայ մարդիկ ու ամբողջովին քրիստոնյա մարդիկ: Գնդապետ Թաթուլ Ղազարյանը և փոխգնդապետ Արմեն Օհանյանը մեզ հետ եղբոր պես են եղել, նրանց ֆիզիկական բացակայությունը մեծ բաց է բերել մեր բանակի կյանքում, և սա, առհասարակ, ոչ միայն Իջևանի գնդի կամ 3-րդ բանակային կորպուսի մասով: Այն, որ իրենք պատերազմի ժամանակ մեկ մետր անգամ չեն զիջել թշնամուն, և հակառակ բոլոր դժվարություններին՝ երկուսն էլ գտնվել են իրենց զինվորի կողքին և այդպես իրենց կյանքը ընծայել, շատ բանի մասին է վկայում: Այսօրվա պես հիշում եմ. փնտրում էի մեր Իջևանի գնդի տեղակայման վայրը, հեռաձայնեցի Արմենին, հեռախոսը չպատասխանեց՝ անհասանելի էր, հետո նույն օրը երեկոյան լուրը ստացա, որ իրենք և Իջևանի գնդի մի քանի տասնյակ տղաները զոհվել են, փորձեցի ճշտել՝ որ ժամին է եղել, պարզվեց՝ ճիշտ նույն ժամին, երբ ես փորձում էի իրենց գտնել, հենց այդ ժամանակ իրենք գտնվում էին ահռելի մարտի մեջ՝ մեկ մետր չնահանջելու պայմանով և իրենց զինվորին չլքելու վիճակում: Սա խոսում է նրա մասին, որ ինչպես իրենք ապրում էին խաղաղ պայմաններում, այդպես և նույնիսկ ավելիով գործեցին պատերազմական դրության մեջ, երբ սեղանին էր մեր հայրենիքի պաշտպանության և մեր պատվի ու արժանապատվության հարցը: Բարձրակարգ հրամանատարներ, հմուտ զինվորականներ և կատարյալ նվիրումով հայ մարդիկ ու եղբայրներ»,- 168.am-ի հետ զրույցում հիշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ համաձայնելով մեր դիտարկմանը, որ Թաթուլը և Արմենը բնավորության որոշ գծերով շատ տարբեր էին:

«Թաթուլը, կարող եմ ասել, ավելի հանդարտ բնավորության տեր էր, մանրամասնությունները քննող, բոլոր առումներով դիտարկող՝ զուտ հրամանատարական իմաստով եմ ասում: Իր անձնական ապրումները՝ խոնարհության մեջ արտահայտված: Արմենն ավելի բռնկուն էր, ավելի խոսող, նետվող, այսինքն, խոնարհության մեջ, բայց որոշակի իմաստով մի տեսակ ազդու: Բայց երկուսն իրար լրացնում էին, ուստի հնարավոր չէ իրենց առանձին գնահատելը, երկուսն իրար փոխլրացնում էին անընդհատ: Իրենք եղբայրացած էին համազգեստով, հայրենիքով, զինվորով: Թեպետ բնավորության գծերով, որոշ մոտեցումներով տարբեր էին, բայց նրանց դժվար է տարանջատել»,- եզրափակում է Սրբազանը:

Թաթուլ Ղազարյանի, Արմեն Օհանյանի և նրանց նման հրամանատարների օրինակը, զոհողությունը հերքում է տարածվող միֆը, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հրամանատարները համատարած մենակ են թողել իրենց զինվորներին և փախել:

Եվ սա հաճախ արվում է դիտավորյալ, գիտակցված՝ ընդհանուր ֆոն ստեղծելու համար, թե բանակն է պարտության հիմնական մեղավորը, թե պատերազմն այլ ելք կունենար, եթե հրամանատարները չփախչեին, չնահանջեին, թե երկրի ղեկավարությանը ճիշտ չի ներկայացվել իրավիճակը:

Իր պարտականությունները չկատարած և զինվորների մահվան պատճառ դարձած հրամանատարը պիտի պատժվի, բայց նրանց կողքին պիտի հիշվեն նրանք, ովքեր մինչև վերջ իրենց զինվորի կողքին են եղել: Ի դեպ, դեռ պետք է քննել, թե այդ փախնող հրամանատարները որքանով են համապատասխանել իրենց պաշտոններին, որքանով են ծանոթ եղել տեղանքին:

Այստեղ ինձ ծանոթ զինվորականներից մեկը (ՀՀ զինված ուժերում չի հիմա) կասեր՝ փախուստը չի կարելի արդարացնել ոչ մի դեպքում: Սա արդեն խոսակցության այլ թեմա է:

Տեսանյութեր

Լրահոս