Բաժիններ՝

Մեկ ամիս և նույն պատասխանը՝ բանակցություններ են տարվում, որ ադրբեջանական կողմը թույլ տա մտնենք տարածք. Սպասում ենք․ անհետ կորածի հայր

Սեպտեմբերի 13-ին թշնամու  սանձազերծած պատերազմի ընթացքում Սյունիքի մարզի Ներքին Հանդի դիրքերը պաշտպանելիս 3 տեղից վիրավորված ժամկետային զինծառայող 19-ամյա Վահե Թորոսյանի հարազատները հույսով սպասում են, որ իրենց որդին ողջ և առողջ կվերադառնա տուն։

Վահեն վերջին անգամ ծնողների հետ կապ է հաստատել սեպտեմբերի 15-ին, հայտնել իր գտնվելու վայրի մասին, ընկերոջ հետ զրույցում էլ նշել է, որ 3 տեղից վիրավորվել է, այդ թվում՝ գլխի շրջանում։

Սեպտեմբերի 15-ից հետո Վահեի հետ կապը կորել է։ Իսկ նշված հատվածը, որտեղ զինծառայողը հեռախոսազրույցի ընթացքում նկարագրել է, անցել է թշնամու վերահսկողության տակ։ Հարազատները բազմիցս փորձել են մտնել նշված տարածք և դուրս բերել Վահեին, սակայն, ինչպես նրանք էին վստահեցնում՝ ՊՆ-ից թույլ չեն տվել, ասելով, որ թշնամին կրակում է և ցանկացած նման փորձի դեպքում նոր զոհեր  կլինեն։

Անհետ կորած զինծառայողի ծնողներն ու հարազատները, ընկերներն ու համագյուղացիներն այս ընթացքում բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության շենքի մոտ, նախորդ շաբաթ էլ փակել էին Էջմիածին-Մարգարա ճանապարհը, պահանջում էին հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ուզում էին կոնկրետ պատասխան ստանալ, թե ե՞րբ է հնարավոր լինելու մտնել նշված տարածք։

Կարդացեք նաև

Ճանապարհը փակելու օրը՝ հոկտեմբերի 12-ին,  ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն անհետ կորած զինծառայողի ծնողներին փոխանցել էր, որ Սուրեն Պապիկյանը պատրաստ է 3 հոգանոց խմբի հետ հանդիպել, ինչից հետո հարազատները շտապել էին Երևան՝ Պաշտպանության նախարարություն։

168.am-ն այսօր զրուցել է Վահե Թորոսյանի հոր՝ Արամ Թորոսյանի հետ, հետաքրքրվել, թե նախարար Պապիկյանն ի՞նչ է ասել իրենց, արդյո՞ք ժամկետներ նշվել են, թե երբ հնարավոր կլինի մտնել թշնամու վերահսկողության տակ անցած տարածք և դուրս բերել այնտեղ մնացած զինծառայողներին, գուցե նաև՝ դիեր, Արամ Թորոսյանը պատասխանեց, որ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում չի՛ եղել․

«Մեզ ասացին՝ Պապիկյանն է ընդունելու ձեզ, բայց նախարարը չի ընդունել։ Այն մարդիկ են ինձ դիմավորել, որոնք առաջին օրը՝ լրատվամիջոցների ներկայությամբ էին ընդունել, նորից նույն պատասխանը, ոչ մի նոր բան։

Մինչև էսօր ում զանգում եմ՝ նույն պատասխանն է, անցած ամսվա 16-ից մինչև էսօր նույն պատասխանն է՝ բանակցություններ են տարվում, որ ադրբեջանական կողմը թույլ տա մտնենք տարածք։ Սպասում ենք․․․»։

Տեսանյութեր

Լրահոս