Ալեուտները Կովկասում

Միջազգային քաղաքականության մեջ ընդունված նորմերի համաձայն, գաղութատերը ոչ միայն վայելում է գաղութներում իր իրավունքները, այլև որոշակի պատասխանատվություն է կրում իր գաղութի համար։ Մասնավորապես, գաղութատերը սովորաբար պաշտպանում է իր գաղութի անվտանգությունը, ինչը բնական է, քանի որ նա գաղութը համարում է իր սեփականությունը, իր ապրանքը, ուրեմն և պետք է տիրություն անի նրան։

Մեր տարածաշրջանում այժմ ականատես ենք նրան, որ Ռուսաստանը չի ցանկանում պաշտպանել միջազգային հանրության կողմից իրեն նվիրած Հայաստանի անվտանգությունը։ Ավելին, որքան էլ սա տարօրինակ է միջազգային հարաբերությունների տեսանկյունից, սակայն այն նոր մեթոդաբանություն չէ Ռուսական Կայսրության համար։ Ինչպես 1867թ․ Ռուսաստանը վաճառեց իր գաղութ Ալյասկան ԱՄՆ-ին, այնպես էլ այժմ նա վաճառում է Հայաստանը Թուրքիային։Այն ժամանակ Ղրիմի պատերազմից հետո Ռուսաստանի տնտեսական և քաղաքական վիճակը բավականին լարված էր, ու պատճառաբանություններն էլ կարծես թե նույնն էին, ինչ այս մի Ղրիմի պատերազմի ժամանակ․ տվյալ տարածաշրջանում Ռուսաստանն իր ներկայությունը առաջնահերթ չի համարում, չի ցանկանում ռեսուրսներ ծախսել ռեգիոնի վրա, ավելին՝ եթե հնարավոր է, ապա ցանկանում է գաղութի վաճառքից կոնկրետ օգուտներ քաղել։

Այն ժամանակ Ռուսաստանի գաղութի վաճառքի գինը հայտարարված էր 7 միլիոն 200 հազար դոլար 1 միլիոն 519 հազար քառակուսի կմ տարածքի համար, այժմ վաճառքի գինը չի հայտարարվում, բայց կարող ենք որոշակի հետևություններ անել, հետևելով քաղաքական պրոցեսներին։ Օրինակ, այդ գնի մաս է Թուրքիայի երկդիմի հարաբերությունները ԱՄՆ հետ պատժամիջոցների հարցում, Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ում բոլորին հակադրվելը, ադրբեջանական խողովակաշարերով ռուսական աշխաջրածինների ծածուկ վաճառքը, Ադրբեջանի վրայով Կասպից ծովից հրթիռները դեպի Ուկրաինա կրակելը, թուրքական բանկերի համագործակցությունը Ռուսաստանի հետ, Թուրքիայի դիվանագիտական նախաձեռնությունները Ուկրաինայի և Եվրոպայի հետ բանակցություններում, մասնավորապես՝ վերջերս հնչեցրած գազային հաբի մասին առաջարկը, և այլն։

Հիմա դժվար է այս ամենի գինը հաշվարկել դոլարով, բայց հաստատ այն ավելին է, քան Ալյասկայի դեպքում 1 քառ․ կմ-ի դիմաց շուրջ 6.5 դոլար գինը՝ անգամ հաշվի առնելով այս ընթացքում դոլարի շուրջ 20-ապատիկ ինֆլյացիան։

Այս երկու վաճառքների մյուս նմանությունն այն է, որ ինչպես այն ժամանակ Ալյասկայում բնակվող ալեուտները չբողոքեցին իրենց տարածքների վաճառքի դեմ (միևնույն է, դրանք համարվում էին ռուսական տարածքներ, ուրեմն ռուսները ինչ կուզեն, կանեն), այժմ էլ Հայաստանում բնակվող հայերն են հարգանքով սպասում, թե ինչ են անում իրենց գլխին ռուսները։ Իհարկե, Ալյասկայի կենտրոն համարվող Սիտկայում թերևս եղել են ալեուտ ընդդիմադիրների 1-2 հանրահավաքներ, որոնք միայն էմոցիոնալ, ոչ քաղաքական նշանակության են եղել․ նույնը կրկնվում է այսօր և մեր մոտ։

Ընդհանրապես ասած, ալեուտները թասիբով և ազատատենչ ժողովուրդ էին և շատ էլ կողմ չէին, որպեսզի իրեն ցեղին և իրենց հայրենիքը մի գերտերությունը վաճառի մեկ այլ գերտերության։

Սակայն հավաստի աղբյուրներն ասում են, որ բողոքի ալիքը ճնշելու համար Ալեքսանդր 2-րդ ցարը առանձին գործարքի էր գնացել ալեուտների ընդդիմադիր ցեղապետերի հետ` նրանց խոստանալով աքիսների մորթիների, սաղմոնի խավիարի և կետի սպերմայի հատուկ քվոտաներ, որպեսզի սրանք չընդդիմանան վաճառքին․ նույնը կրկնվում է այսօր և մեր մոտ։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս