Ներդրումների զուտ հոսքերը պակասել են, մաքուր պաշարները՝ կրճատվել. Սա՞ է ներդրումների «շատ բարձր» հոսքը
Վահան Քերոբյանն իր նախարարական գործունեության ընթացքում այնքան հակասական ու իրականությունից կտրված հայտարարություններ է արել, որ շատերը սկսել են նրա ասածներին լուրջ չվերաբերել։ Բայց միևնույն է՝ դա չի խանգարում, որ նա շարունակի նույն ոգով։
Օրերս էլ հայտարարեց, թե «այս պահի տվյալները խոսում են այն մասին, որ այս տարի ունենալու ենք շատ բարձր ներդրումների հոսք դեպի Հայաստան»։
Սա, իհարկե, էկոնմիկայի նախարարի ոչ առաջին և հավանաբար ոչ էլ վերջին նման հայտարարությունն է ներդրումների վերաբերյալ։ Մեկ անգամ չէ, որ նա խոսել է Հայաստանում ներդրումների հորդելու ու աննախադեպ ակտիվության մասին։ Հետո, իհարկե, պարզվել է, որ նման բան չկա, որ ներդրումները ոչ միայն չեն հորդում, այլև գրեթե չեն ավելանում, երբեմն էլ նվազում են։ Բայց դրանից նախարարն այդպես էլ հետևություններ չի անում։ Էլի շարունակում է ներդրումների շատ բարձր հոսքերից խոսել։
«Արդեն տեսնում եք, որ հազարավոր ընկերություններ են բացվում: Հայաստանում առաջին հերթին միջավայրն է գրավում: Հայաստանում ամենալավ բիզնես միջավայրն է: Ամենատարբեր ինդեքսներով մենք ունենք ամենակայուն բիզնես միջավայրը, ամենադեմոկրատական հասարակարգը, ամենացածր կոռուպցիան, և այլն:
Բոլոր այս գործոնների համադրությունը Հայաստանը դարձնում է գրավիչ երկիր ապրելու և աշխատելու համար»,- ասում է Վահան Քերոբյանը:
Զարմանալ կարելի է, թե ի՞նչ ամենալավ բիզնես միջավայրի մասին է խոսում էկոնոմիկայի նախարարը՝ անվտանգային այնպիսի սրված պայմաններում, որում հայտնվել է Հայաստանի տնտեսությունը։ Ինչպե՞ս կարող է Հայաստանի բիզնես միջավայրը կայուն լինել, երբ ցանկացած պահի թշնամին կարող է նոր ագրեսիա սկսել, ավելի ու ավելի խորանալ Հայաստանի տարածքներում՝ սպառնալիքներ ստեղծելով ոչ միայն քաղաքացիների, այլև տնտեսության համար։ Նման իրավիճակի բախվեցինք ոչ վաղ անցյալում, երբ թշնամին ոչ միայն գնդակոծեց, այլև ընդհուպ մոտեցավ Հայաստանի ամենազբոսաշրջային և առողջարանային բնակավայրերից մեկին՝ Ջերմուկին։ Դրանից հետո ինչպե՞ս է նախարարը պատկերացնում, որ մոտակա ժամանակահատվածում այստեղ կարող են ընդհանրապես ներդրումներ կատարվել։
Նախարարի ասած ինդեքսների մասին նույնիսկ անիմաստ է խոսելը։ Եթե Վահան Քերոբյանը նկատի ունի տնտեսական ազատության ինդեքսը, որն այդքան ոգևորել էր նրան ու մյուս պաշտոնյաներին, ապա դա էլ, պարզվեց, «ժամկետանց» է։ Վերջին տվյալներով, Հայաստանի դիրքերը ոչ միայն չեն բարելավվել, այլև վատացել են։
Համաձայն «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցի, Հայաստանում 2022թ. տնտեսական ազատության ինդեքսը նախորդ տարվա համեմատ նվազել է 6,6 միավորով։ Դրա հետևանքով համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է 26 հորիզոնականով. նախորդ տարվա 32-րդ հորիզոնականից՝ 2022թ. հայտնվել ենք 58-րդ հորիզոնականում:
Սա վատագույն ցուցանիշն է, որն ունենք 2001թ. ի վեր։ Այդ ընթացքում չի եղել տարի, որ տնտեսական ազատության ինդեքսը Հայաստանում այսպիսի խոր հետընթաց գրանցի և հայտնվի նման ցածր մակարդակում: Արդյունքում՝ 2022թ. տնտեսապես հիմնականում ազատ երկրների խմբից Հայաստանը հայտնվել է չափավոր ազատ երկրների խմբում:
Ահա այսպիսին է տնտեսական ազատության ինդեքսի մասով Հայաստանի կառավարության ձեռքբերումը։ Զարմանալի չէ, որ չնայած էկոնոմիկայի նախարարի չարդարացված լավատեսություններին, մեր տնտեսության ներդրումային իրավիճակը շարունակում է մնալ այդքան տխուր։
Թե ի՞նչ տվյալների հիման վրա է այս անգամ նախարարը եզրակացրել, որ ունենալու ենք շատ բարձր ներդրումների հոսք, նույնիսկ կարևոր չէ։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ օտարերկրյա ներդրումների մեջ այդ հոսքերը չեն երևում։ Դրանց համաձայն, իրական հատվածում առաջին կիսամյակում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն անցած տարվա 132 միլիարդի դիմաց այս տարի կազմել են 41 մլրդ դրամ։
Բացարձակ փոփոխությունը -91 միլիարդ է։
Նույն պաշտոնական վիճակագրության տվյալներն են վկայում, որ մեր տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների մաքուր պաշարները գնալով նվազում են։ Եթե անցած տարվա հունիսի վերջի դրությամբ դրանք կազմել էին 2 տրիլիոն 869 մլրդ դրամ, ապա այս տարվա հունիսի վերջի դրությամբ կազմել են 2 տրիլիոն 660 մլրդ դրամ։
Այսինքն՝ մեկ տարում կրճատվել են 209 միլիարդով։
Նույնը նաև ուղղակի ներդրումների պարագայում է. անցած տարվա հունիսի վերջի դրությամբ իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարները կազմել էին 1 տրիլիոն 957 մլրդ դրամ, այս տարի կազմել են 1 տիլիոն 910 մլրդ դրամ։
Այս դեպքում էլ կրճատվել են 47 միլիարդով։
Սա՞ է ներդրումների շատ բարձր հոսքը։
Բազմաթիվ երկրներից այս տարի ունենք ներդրումների զուտ հոսքերի կրճատում։ Նիդեռլանդներից ներդրումների զուտ հոսքերը նվազել են ավելի քան 34 մլրդ դրամով, Գերմանիայից՝ շուրջ 6 միլիարդով, Կանադայից, 3,7 միլիարդով, Արգենտինայից՝ 3,1 միլիարդով, Ճապոնիայից՝ գրեթե 2,5 միլիարդով։ Ավելի քան 6 միլիարդով կրճատվել են նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներդրումների զուտ հոսքերը։
Ներդրումների ավելացում ունենք հիմնականում Ռուսաստանից։ Զուտ հոսքերն այս երկրից կազմել են ավելի քան 47 մլրդ դրամ, որոնք էլ գնացել են հիմնականում հանքարդյունաբերություն և էներգետիկա։ Հանքարդյունաբերության մեջ ներդրումները հավանաբար կապված են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ռուսաստանցի նոր սեփականատիրոջ, իսկ էներգետիկայում՝ բաշխիչ էլեկտրացանցերի հետ։
Օտարերկրյա ներդրումների առումով վիճակագրական պատկերը, մեղմ ասած, այնպիսին չէ, ինչպես ներդրումների վերաբերյալ հայտարարում է էկոնոմիկայի նախարարը։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, թե հաշվի առնենք այն անկայուն աշխարհաքաղաքական միջավայրը, որտեղ հայտնվել է Հայաստանի տնտեսությունը։ Այն ոչնչով չի նպաստում, որպեսզի ներդրումներ կատարվեն տնտեսության մեջ։
Իհարկե, դա չի նշանակում, թե տնտեսությունն ընդհանրապես զրկված է ներդրումներից։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների որոշակի աճ կա. զուտ հոսքերը գրեթե 34 մլրդ դրամով ավելացել են և կազմել 76 մլրդ դրամ։
Տարվա առաջին 6 ամիսների միջին փոխարժեքով, այն համարժեք է ընդամենը 162 մլն դոլարի։ Դա այն գումարը չէ, որ մեր տնտեսությունը կարող է հանել այս վիճակից։ Կար ժամանակ, երբ ներդրումներն անգամներով ավելին էին։
Մանր-մունր ներդրումներ միշտ էլ եղել են ու էլի կլինեն։ Բայց ծավալային ներդրումներ, այսպիսի պայմաններում, անհնարին է սպասել, որքան էլ էկոնոմիկայի նախարարը շարունակի իր սիրած «շոկային օպտիմիզմով» կերակրել տնտեսությանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ