Քննարկվել է Երևանի պետական համալսարանի և Թունիսի ալ-Մանար համալսարանի միջև համագործակցության հաստատման հարցը
Աշխատանքային այցով հոկտեմբերի 2-8-ը Թունիսում գտնվող ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ է ունեցել Թունիսի արտաքին գործերի, միգրացիայի և Սփյուռքի հարցերով նախարարության գլխավոր տնօրեն Խալիլ ալ-Թազարկիի, ֆրանկոֆոնիայի երկրների կազմակերպության, միջազգային համագործակցության, իրավական, հյուպատոսական վարչությունների պետերի, ինչպես նաև Թունիսի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար Մոնսիֆ Բուքթիրի հետ։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Թունիսի արտաքին քաղաքական գերատեսչությունում կայացած հանդիպումների ընթացքում թունիսյան կողմի հետ քննարկվել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, երկու երկրների ԱԳՆ-ի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման, երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի դյուրացման հետ կապված հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերին Թունիսում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին։
Թունիսի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար Մոնսիֆ Բուքթիրի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ՀՀ և Թունիսի միջև ակադեմիական փոխայցելությունների կազմակերպման, տարբեր համալսարանների միջև համագործակցության հաստատման, համատեղ գիտական հետազոտությունների իրականացման հնարավորություններին։ Այնուհետև քննարկվել է Երևանի պետական համալսարանի և Թունիսի ալ-Մանար համալսարանի միջև համագործակցության հաստատման հարցը։
Հանդիպումների ընթացքում դեսպան Փոլադյանը զրուցակիցների ուշադրությունն է սևեռել 2021թ․ մայիս, նոյեմբեր ամիսներին, 2022թ. սեպտեմբերի 13-ից 15-ը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ադրբեջանական ագրեսիաներին և ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներ ներխուժմանը՝ կարևորելով միջազգային հանրության հստակ դիրքորոշումը ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման և ելման դիրքեր հետքաշման շուրջ։