Նուբար Աֆեյանը կարևորում է Հայաստանում արհեստական բանականության զարգացումը
Աշխարհահռչակ հայ գործարար, FAST-ի համահիմնադիր, Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը կարևորում է Հայաստանում արհեստական բանականության զարգացումը: Աֆեյանը նման տեսակետ հայտնեց Երևանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի (GIF) ընթացքում իր ելույթում:
«Սա այն միջոցառումն է, որին ես սպասում էի, քանի որ մեզանից շատերը վերադառնում են այն տեղերից, որտեղ ստիպված են բնակվել, և փորձում ենք կիսվել նրանով, ինչ սովորել ենք այդ վայրերում»,-ասաց Աֆեյանը:
Նա նկատեց՝ ֆորումը տեղի է ունենում երկրի համար դժվարին պայմաններում, և այսպիսով մի քիչ դժվար է խոսել մեքենայական ուսուցման, կենսաբանության, գիտական այլ տեխնոլոգիաների մասին:
«Սակայն մարտահրավերները մեզ համար խիստ ծանոթ բան են: Մարտահրավերները ստիպում են մեզ մեր մտքերը կենտրոնացնել, ուժերը լարել: Մարտահրավերները, որոնք տեսնում ենք որպես պետություն, որը գտնվում է զարգացման փուլում, բազմաթիվ են: Մենք ունենք ոչ համարժեք ռեսուրսներ, 30 տարվա ընթացքում թերզարգացած տնտեսություն, ինստիտուցիոնալ կարողությունների բացակայություն, զարգացումը դանդաղ է գնում, բարդ աշխարհագրական դիրք, որը մենք չենք ընտրում: Բայց սա մեր տունն է եղել շատ ավելի վաղ, քան մեր բոլոր հարևանները հայտնվեցին այստեղ»,-ասաց Աֆեյանը:
Նա խոսեց նաև տարածաշրջանի անվտանգության խնդիրների մասին: Աֆեյանն ընդգծեց նաև, որ աշխարհն է այսօր դիմակայում անհավանական ինտենսիվության մարտահրավերների՝ պատերազմների, համավարակների և այլն: Նա գլոբալ մարտահրավեր է համարում նաև կլիմայի փոփոխությունը: Նա շեշտեց՝ միևնույն ժամանակ չպետք է կորցնել հույսը:
«Այս դարը լինելու է այն դարը, որտեղ կենսաբանությունն է ամենամեծ ազդեցություն ունենալու մարդկության վրա: Կենսաբանությունը միշտ էլ եղել է մարդու կյանքի մի մասը, բայց տեխնոլոգիայի տեսանկյունից երբեք կապված չի եղել համակարգիչների հետ, հիմա կապվում է, ինչը շատ կարևոր է»,-ասաց Աֆեյանը:
Նա նորարարության համար կարևորեց երևակայությունը, հավատը:
«Արհեստական բանականությունը կարող է լինել հեղափոխական ուժ՝ ոչ միայն կոմերցիոն կամ այլ ոլորտներում, այլ նաև գիտության ոլորտում, քանի որ արհեստական բանականությունը ունակություն ունի նաև տեսնելու այն միտումները, որոնք մարդու միտքը չի կարողանում տեսնել՝ այն բարդության մակարդակով, որը կա: Մարդիկ միգուցե չտեսնեն, որ ինչ-որ տեղ կարելի է ունենալ առաջընթաց, իսկ մեքենան տեսնի դա՝ կատարելով կանխատեսումներ, թե ինչքան մոտ կարող ես դրան գնալ»,-ասաց Աֆեյանը:
Աֆեյանը հավելեց՝ կցանկանար, որ Հայաստանում լինի այնպիսի միտքը, որը պետք է ողջունի և զարգացնի արհեստական բանականությունը:
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գլոբալ նորարարական չորրորդ ֆորումն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 5-6-ը: Ֆորումը սկսել է իրականացվել 2017 թվականից: Ֆորումն այս տարի անցկացվում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։