Ի՞նչ է ծրագրում Էրդողանը, և ինչի՞ մասին են խոսելու Էրդողանն ու Փաշինյանը հանդիպման ժամանակ
Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպումը:
Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում Թուրքիայի նախագահը հայտարարել էր Պրահայում քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանի հետ հանդիպման հնարավորության մասին:
«Եթե Պրահայի գագաթնաժողովին մասնակցելու որոշում կայացնենք, այնտեղ կարող է լինել նաև Նիկոլ Փաշինյանը։ Հավանաբար մտածում է, որ այնտեղ կարող ենք հանդիպել: Գուցե հնարավորություն ունենանք այնտեղ նրա հետ քննարկել այս հարցերը։ Սակայն մենք էլ Կովկասում որոշ նախաձեռնություններ կունենանք։ Այս պահին դեռ ծրագրման փուլում ենք։ Ես այդ հարցերը կքննարկեմ իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ, և ըստ այդմ քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը՝ չհստակեցնելով, թե որ կողմն է առաջարկել նման հանդիպում կազմակերպել:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ էլ Էրդողանը հայտարարել էր, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է փոխանցել, բայց որևէ հանդիպում այդպես էլ չկայացավ:
Փաշինյանը և Էրդողանը միայն հեռախոսազրույց են ունեցել այս տարվա հուլիսին:
Հայկական կողմը ևս չի բացառում Պրահայում Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպման հնարավորությունը՝ միաժամանակ շեշտելով, որ այս պահին նման հանդիպում հաստատված չէ։
Ավելի վաղ The Guardian-ը տեղեկացրել էր, որ քննարկվելու է Եվրոպական քաղաքական համայնքի ձևավորումը՝ մի մարմնի, որը միտված է մայրցամաքում անվտանգության ամրապնդմանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր մայիսին առաջարկել Եվրոպական քաղաքական համայնքի գաղափարը, որը ներառելու է մայրցամաքի բոլոր ժողովրդավարությունները, այդ թվում՝ Ուկրաինան ու ԵՄ անդամության հավակնորդներին Արևմտյան Բալկաններում։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ կասկած չունի՝ Մեծ Բրիտանիան ևս հրավիրվելու է գագաթնաժողովին՝ չնայած Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված բարդություններին։ Թուրքիայի մասնակցության հարցն էլ փաստորեն մնում է վիճելի, քանի որ Հունաստանը և Կիպրոսը, որոնք ներքաշված են Անկարայի հետ երկարատև վեճերի մեջ, դեմ են այս երկրի ներկայացուցիչներին հրավիրելուն։
Թուրքիան մնում է ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու, թեև բանակցությունները տարիներ շարունակ փակուղում են։
Միշելն ասել է, որ ԵՄ-ն պետք է հրավիրի Թուրքիային, սակայն կառույցը պետք է համոզված լինի, որ «աջակցություն կա բոլոր գործընկերների կողմից»:
Նույն պարբերականը նշել էր, որ հրավիրվել են նաև Նորվեգիան ու Շվեյցարիան, ինչպես նաև ԵՄ անդամակցության սպասող 9 երկրներ, այդ թվում՝ Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանն ու Արևմտյան Բալկանների 6 երկիր, ինչպես նաև ոչ թեկնածուներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում ընթացող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել.
«Մոտ ապագայում (սեպտեմբերի 15-16) նախատեսում եք մասնակցել նաև Շանհայի համագործակցության կազմակերպության միջոցառումներին Ուզբեկստանում, որտեղ հնարավորություն կունենաք կրկին հանդիպել և զրուցել բոլոր գործընկերների հետ»:
Հաշվի առնելով հանգամանքը, որ Էրդողանը և Ալիևը ևս հաստատել էին իրենց մասնակցությունը, մի շարք վերլուծաբաններ կարծում էին, թե ռուսական կողմը ծրագրում է Հայաստանի շփումներ Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարների հետ: Սակայն Նիկոլ Փաշինյանը չմեկնեց ՇՀԿ սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին բռնկված պատերազմի պատճառով: Եվ, փաստորեն, ինչպես հայ-թուրքական գործընթացը բանագնացների միջև տեղի չունեցավ ՌԴ հովանու ու միջնորդության ներքո, այնպես էլ Փաշինյան-Էրդողան առաջին հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա արևմտյան հովանու ներքո՝ Պրահայում:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ բարձրաստիճան այս հանդիպումը, բնականաբար, կարևոր է լինելու: Սակայն, նրա խոսքով, հետաքրքրական են Հարավային Կովկասում տեղի ունեցող վերաֆորմատավորման բոլոր գործընթացները, որոնցում ակտիվ են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Հայաստանը և Արևմուտքը՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն: Ռուսաստանը, ըստ նրա, հասկանալի պատճառներով մի փոքր հետ է քաշվել:
«Թուրքիայի նախագահի խոսքում հետաքրքիր էր հնչում նոր նախաձեռնությունները ու դրանց ծրագրումը, որոնք փաստորեն առնչվում են նաև Հայաստանին և Ադրբեջանին: Թուրքիան կարծես հասկանում է, որ ուժային սցենարը կարող է ինչ-որ փուլում դիմադրության և հավելյալ լարվածությունների պատճառ դառնալ, ու նոր ծրագրավորումների մեջ է:
Թուրքիան Հարավային Կովկասում հիմնական խաղացողի դերակատարության մեջ է, թեև մեկումեջ այստեղ նկատվում է նաև Արևմուտքը, Իրանը: Այսինքն՝ բոլոր գլոբալ գործընթացները կապ ունեն նաև Հարավային Կովկասի հետ, այն բանի հետ, թե ինչպես և ինչ պայմաններով պետք է կարգավորվեն հարաբերությունները:
Սակայն կարևոր մեկ այլ հանգամանք ևս կա․ ավելի ցածր մակարդակով բավականին երկար ժամանակ բանակցություններ են տեղի ունեցել, և արդեն կա որոշակի բազա բարձրաստիճան հանդիպման: Բայց Թուրքիան ակնարկում է, որ վերադիրքավորվում է, և Հարավային Կովկասում գուցե նոր առաջարկներ հնչեն»,- ասաց վերլուծաբանը:
Ըստ նրա, Ռուսաստանն առաջարկում էր իրեն, որպես բանակցային հարթակ, սակայն կարծես դրանից հրաժարվեցին:
«Սակայն հոգ չէ, ակտիվ աշխարհաքաղաքական գործընթաց է, իսկ ՌԴ խնդիրները չափից շատ են՝ և ներքին, և արտաքին: Ուստի Հարավային Կովկասի թեմաներին ՌԴ-ն չի կարող այնպես արձագանքել, ինչ նախկինում, ու դա բնական է»,- ասաց նա:
Վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն ասաց, որ նման հանդիպում կարող էր շատ ավելի վաղ տեղի ունենալ, սակայն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ հետաձգվեց: Ըստ նրա, ամենատրամաբանական պատճառը կարծես հայ-ադրբեջանական լուրջ հակասություններն են:
«Մեկ անգամ չէ, որ հայտարարվել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան զուգահեռ են կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ: Հիմա քանի որ խնդիրներ են առաջանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, գուցե առաջին պլան գա Թուրքիան: Ինչպես տեսնում եք, ստատիկ քաղաքականություն ու դիվանագիտական պահվածք այս փուլում որևէ երկիր չունի, անընդհատ ու մշտական փոփոխություններ են տեղի ունենում: Եվ նույնիսկ բարդ է կանխատեսել՝ ինչ կքննարկվի»,- ասաց նա: Վերլուծաբանն այն կարծիքին է, որ Էրդողանի նշած ծրագրերը վերաբերում են աշխարհաքաղաքական մշակումներին:
«Բարդ է ասել, թե կոնկրետ ինչ պետք է սպասել, չեմ կարծում, որ այնուամենայնիվ Թուրքիան իր տարածաշրջանային նպատակներից հրաժարվում է, պարզապես, ինչպես երևում է, որոշակի մշակումներ կամ փոփոխություններ են արվում, առաջիկայում ավելի պարզորոշ կլինի»,- նկատեց նա: