Աննախադեպ ուղերձներ ու «պահվածք»՝ Իրանից. Ինչպե՞ս Իրանը դիրքավորվեց պատերազմի օրերին
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակման մի քանի օրերի ընթացքում աննախադեպ դիվանագիտական և ռազմաքաղաքական ուղերձներ են հնչում հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունից:
Չնայած այն հանգամանքին, որ Երևանը պաշտոնապես որևէ խնդրանքով, դիմումով չէր դիմել իրանական կողմին, չունի նաև դրա համար անհրաժեշտ երկկողմ պայմանագրային բազա, այս օրերին Հայաստանը մեծ դիվանագիտական աջակցությունը ստացել է Թեհրանից:
Սյունիքի մարզը վաղուց է հարևան Իրանի ուշադրության կենտրոնում. Իրանի կառավարությունն անցած տարվա վերջին որոշեց Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացել՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին: Ներկայացուցչությունը դեռ պաշտոնապես չի բացվել, սակայն Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը:
Բացի այս, Իրանի նախագահը, ԱԳ նախարարը վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են խոսում հայ-իրանական սահմանի փոփոխության անթույլատրելիության, ինչպես նաև ռեգիոնի աշխարհաքաղաքականության փոփոխության անթույլատրելիության մասին:
Այս արձագանքներից ամենածանրակշիռը, թերևս, այս տարվա հուլիսի 19-ին Իրանում Ռայիսի-Պուտին-Էրդողան բանակցությունների շրջանակում Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի փոխանցած ուղերձներն էին Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Էրդողանին ու Պուտինին: Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը:
«Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ հանդես կգա նման որոշմանը, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցության ճանապարհ է»,- ասել էր նա։
Այս պատերազմի օրերը ևս բացառություն չէին իրանական ուղերձների տեսանկյունից: Պատերազմական գործողությունների առաջին իսկ ժամերի ընթացքում Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ընդգծել էր, որ Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն:
Քանանին շեշտել էր, որ Իրանն ուշադրությամբ հետևում է այս խնդրի հետ կապված զարգացումներին և ընդգծում է Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: Փաշինյան-Ռայիսի հեռախոսազրույցի ընթացքում ԻԻՀ նախագահը հիշատակել էր Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո:
Էբրահիմ Ռայիսին շեշտել էր, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:
Առավել ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ թեև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան-ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան հեռախոսազրույց չէր կայացել, Աբդոլլահիանը զանգահարել էր Բաքու իր գործընկերոջը ու համապատասխան դիվանագիտական ուղերձներ փոխանցել:
Նա մասնավորապես ընդգծել էր, որ Իրանը հայ-իրանական սահմանը դիտարկում է որպես պատմական հաղորդակցության ճանապարհ, որը պետք է անփոփոխ մնա։ Լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝ Իրանի արտգործնախարարն ընդգծել էր Թեհրանի պատրաստակամությունը՝ օգնել խնդիրը լուծել խաղաղ և քաղաքական ճանապարհով։ Ամիր Աբդոլլահիանը նշել էր, որ Իրանը մշտապես ընդգծում է երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը։ «Իրանը հայ-իրանական սահմանը դիտարկում է որպես հաղորդակցության պատմական ճանապարհ, որը պետք է մնա անփոփոխ»,- մասնավորապես ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ տարածաշրջանը չի կարող հաշտվել նոր պատերազմի հետ:
Այս օրերին Աբդոլլահիանը թեման քննարկել է նաև ԻԻՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջագարյանի հետ հանդիպմանը՝ ընդգծելով Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության վերականգնումը և հայտարարելով, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունը կարմիր գիծ է և անընդունելի։
Կան տեղեկություններ, որ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում այսօր մեկնարկելիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ԻԻՀ նախագահը Ռայիսին հայ-ադրբեջանական իրավիճակը քննարկելու է Պուտինի ու Էրդողանի հետ:
Այս օրերին ոչ պաշտոնական աղբյուրներում իրանական կողմը տեղեկություններ է տարածում, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել, թե սեպտեմբերի 14–ից Իրան-Հայաստան սահմանին տեղակայվել են Իրանի Զինված ուժերի զրահատանկային և հետևակային ստորաբաժանումներ:
«Իրան–Հայաստան սահմանին տեղակայված ստորաբաժանումները բերվել են 100 տոկոս մարտական պատրաստականության»,- ասված է ոչ պաշտոնական հայտարարության մեջ:
Սակայն իրականում մեզ հայտնի դարձավ, որ իրանական զորքերն անցյալ տարի աշնանը կազմակերպված զորավարժություններից հետո, որի ընթացքում Ադրբեջան-Իրան հարաբերությունները ծայրաստիճան լարվեցին, այդ տարածքից ընդհանրապես դուրս չեն բերվել և մշտապես կանգնած են այնտեղ:
Կարևորն այն փաստն է, որ նման լուր է տարածվում տելեգրամյան ալիքներում, և դա պետք է դիտարկել ԻԻՀ պաշտոնական քարոզչության տիրույթում, ինչը կարևոր հանգամանք է ՀՀ-ի համար:
Մի իրավիճակում, երբ հայկական դիվանագիտական ռեսուրսները զրոյացված են, չկա արտաքին ինտենսիվ աշխատանք թուրք-ադրբեջանական էքսպանսիայի զսպման ուղղությամբ, ավելին՝ կա քարոզչություն, թե ՀՀ-ն աշխարհաքաղաքական ծուղակում է, չունի դաշնակիցներ, անվտանգային երաշխավորներ և չունի այլ ելք, քան համաձայնել ադրբեջանական բոլոր պահանջներին, Իրանի դիրքավորումը ՀՀ դիվանագիտական ներուժի վերականգնման դեպքում կարող է թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քաղաքականությանը դիմակայելու, ետ մղելու ճանապարհին լուրջ արտաքին քաղաքական խաղաքարտ դառնալ: