Ի՞նչ առաքելությամբ է Ռիքերը ժամանում Հայաստան ու տարածաշրջան
Նշանակումից կարճ ժամանակ անց Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերը կայցելի Հարավային Կովկաս:
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը նշել է, որ ամերիկացի դիվանագետը հանդիպումներ կանցկացնի Հարավային Կովկասի երեք երկրներում։
«Դեսպան Ռիքերը կմեկնի այսօր երեկոյան և կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Բոլոր երեք երկրներում կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանի հիմնական խնդիրները, ինչպես նաև ուղիներ փնտրելու՝ աջակցելու գործընկերներին՝ ուղիղ ու կառուցողական համագործակցության համար՝ առկա խնդիրները լուծելու ու տարածաշրջանային հետագա համագործակցության նպատակով»,- նշել է Վեդանտ Պատելը։ Այցից այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ Ռիքերի նշանակումից անմիջապես հետո ծրագրված այցը ռեգիոն ամենևին զարմանալի չէ, քանի որ նա նշանակվեց, որպեսզի զբաղվի տարածաշրջանով, քանի որ ԱՄՆ-ը կարծես բաց ուներ այստեղ լրացնելու:
Ըստ նրա, երեք երկրներում Ռիքերը բարձրաստիճան հանդիպումներ կունենա՝ ղեկավարների, ԱԳ նախարարների և դիվանագիտական այլ ներկայացուցիչների հետ:
Նա այն կարծիքին է, որ Վրաստանում և Հայաստանում, Ադրբեջանում քննարկումների բովանդակությունը կտարբերվի, քանի որ Հայաստանում ու Ադրբեջանում ԱՄՆ ուշադրության կենտրոնում ռեգիոնալ կարգավորման հարցերն են՝ Ադրբեջանի, Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ, որոնցից ԱՄՆ-ը, ի տարբերություն ԵՄ-ի, ավելի դուրս էր մղված, չնայած ավելի մեծ ներգրավվածություն ունենալու ցանկությանը:
«Սակայն 44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ն, այսօր արդեն՝ ԵՄ-ն մեծ ակտիվություն են ցուցաբերում, իրենց ներկայացնում են՝ որպես Հարավային Կովկասում խաղացող և այս ամենի ֆոնին ԱՄՆ դիրքերը կարծես ավելի թուլացած էին թվում, դիվանագիտական աշխատանքը կաղում էր: Ուստի Ռիքերի նշանակումը կլրացնի այդ բացը: Քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում, Ռիքերը կաշխատի այդ հարցերով՝ որպես ԱՄՆ ներկայացուցիչ: Բովանդակային տարաձայնություն ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև այս հարցում չկա, սակայն կա որոշակի մրցակցություն, և ԱՄՆ-ը չէր ցանկանա մնալ ստվերում այն դեպքում, երբ շուրջ 3 տասնամյակ եղել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, մասնակցել բանակցությունների, իսկ այսօր գործընթացներից դուրս իրավիճակում է: Ուստի Ռիքերի դերակատարությունը ես դիտարկում եմ այս տեսանկյունից, և առաջիկա այցը ևս միտված է տարածաշրջանում ԱՄՆ գործնական աշխատանքին, հաշվի առնելով ԵՄ աշխատանքը ու ԵՄ-ի հաստատումը Հարավային Կովկասում»,- մեկնաբանեց վրացի վերլուծաբանը:
Նա գտնում է, որ Ուկրաինայի պատերազմի ֆոնին ԵՄ-ին հաջողվեց ճիշտ տեղավորվել Հարավային Կովկասում, պահը «որսալ» ու զբաղվել հարցերով, որոնք աշխարհաքաղաքական ծանր զարգացումների ֆոնին կարող էին մնալ «անտեր»:
«ԵՄ-ն կարողացավ օգտվել պահից, ՀՀ-ին ու Ադրբեջանին ճիշտ տրամադրելով՝ դառնալ միջնորդ այն դեպքում, երբ ԵՄ-ն երբեք չէր եղել միջնորդ ԼՂ հակամարտության հարցով: Ներկայումս ԱՄՆ-ը պետք է հասկանա, թե ինչ օրակարգով է ինտեգրվելու այս խնդիրների լուծման գործին, և որքանով են այս կենտրոնները կարողանալու համատեղ աշխատել, քանի որ նույնիսկ արևմտյան տարատեսակ ուղղությունների միջև կա մրցակցություն»,- ասաց նա: