Հայաստանի ամենահարուստ մարդը
Եվ գալիք արհավիրքները,
Միայն այդ չի վաճառվում։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հետ անում է այն, ինչ սնանկության կառավարիչներն անում են սնանկացած կազմակերպության հետ՝ վաճառում է հնարավոր ամեն ինչ, քանի դեռ վճարող կա։ Հենց այդ տրամաբանությունն է ընկած եղել այն ամենի մեջ, ինչ կատարվել է Արցախի հետ։ Պատերազմը, լայն իմաստով, Նիկոլ Փաշինյանի համար իմիտացիա էր՝ վաճառքի գործարքի համար մեղադրանքից խուսափելու համար։ Այդ իմիտացիայի համար հասարակությունը վճարեց մի ամբողջ սերնդի կյանքով, Նիկոլ Փաշինյանին, միևնույն է, որակեցին դավաճան, ինչից հետո նա առանց ձևականությունների հայտարարեց, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, կլիներ նույն արդյունքը, «իհարկե, առանց զոհերի»։
Ահա, ուրեմն, Արցախի վաճառքից հետո սկսվել է ամենայնի վաճառքի շքահանդեսը։ Հայաստանի ինքնիշխանությունը վաղուց վաճառվում է միջազգային քաղաքականության սակարաններում, Նիկոլ Փաշինյանը՝ անուս բրոկերի ժրաջանությամբ, ամեն օր փորձում է հնարավորինս բարձր գին պոկել դրա դիմաց, ինչին էլ նվիրված է Հայաստանի արտաքին քաղաքականություն կոչվող չարչիությունը։ Ինքնիշխանության վաճառքը միանվագ ակտ չէ, այլ փաթեթային գործողություն, որում ընդգրկված են Հայաստանի սուվերեն տարածքները՝ Զանգեզուրը և անկլավները, որոնք կիրացվեն հարմար պահի՝ հարմար գնով։ Իհարկե, վաճառքի հանված ամեն ինչի գինն առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի աթոռը՝ իշխանությունն է, բայց վստահաբար, գործարքներն ունեն կամ ունենալու են նաև նյութական արտահայտություններ, որոնք երբևէ հայտնի կդառնան։ Կամ չեն դառնա։
Բայց Նիկոլ Փաշինյանը ոչ միայն աշխարհաքաղաքական առևտրական է, այլ նաև ներքին շուկայի վաճառական, որը վաճառում է ձեռքն ընկած ամեն ինչ։ Հիմա հերթը բանակում պարտադիր ծառայության պարտականությունն է, որն առաջարկվող նախագծով կարելի է գնել ընդամենը 24 միլիոն դրամով։ Կառավարությունը չի հրապարակել այս գործարքից ակնկալվող գումարի չափը, բայց վստահաբար մինչև նման որոշում կայացնելը կատարվել են բազմաթիվ հետազոտություններ, հանրային տրամադրությունների չափումներ, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է՝ սրա մեջ փող կա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կա այնտեղ, որտեղ կա փող։
Ընդ որում, այս գործարքում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ոչ միայն՝ որպես սովորական վաճառող, այլ նաև՝ որպես «մարքետինգային մասնագետ»։ Խաղաղություն քարոզելով՝ նա տողատակում միշտ խոսում է պատերազմի սպառնալիքի մասին, ինչը բազմապատիկ ավելի գրավիչ է դարձնում ծառայության պարտականության գնումը քաղաքացիների կողմից։ Այսինքն՝ վախեցնելով պատերազմով, Նիկոլ Փաշինյանն արդեն այսօրվանից նպաստում է զինվորական ծառայությունից խուսափելու իրավունքի պահանջարկի ավելացմանը։
Բայց այս գործարքն ունի ոչ միայն ներքին ֆինանսատնտեսական ասպեկտներ, այլ նաև արտաքին հակապետական նշանակություն։ Ակնհայտ է, որ նման նախաձեռնությամբ վերջնականապես քայքայվելու է առանց այդ էլ խարխլված հայկական բանակը։ Դրանում ծառայելու են միայն սոցիալապես անապահով խավի երեխաները՝ ծառայության ամեն օրը լցնելով անարդարությանը հայհոյելով, ինչը, մեղմ ասած, բացասաբար է ազդելու նրանց բարոյահոգեբանական վիճակի վրա։
Ահա այսպիսով, Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն կատարում է Իլհամ Ալիևի պահանջը, որը պարբերաբար իրեն իրավունք է վերապահում հայտարարել, որ թույլ չեն տալու ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի գոյությունը (ինչն արդեն Նիկոլ Փաշինյանն իրականացրել է), այլ նաև Հայաստանի զինված ուժերի սպառազինության համալրումն ու մարտունակության բարձրացումը։ Առաջարկվող նախագծով Նիկոլ Փաշինյանն առնվազն անուղղակիորեն բավարարում է Ալիևի նաև այս պահանջը, ինչը նշանակում է, որ գործարքը կարող է ունենալ ոչ միայն ներքին վճարողներ՝ ի դեմս ծառայությունից ազատվող զինվորականների, այլ նաև արտաքին պարգևավճարներ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, պարգևավճարների առանձնակի սիրահար է։
Հայաստանում այլևս վաճառվում է գործնականում ամեն ինչ։ Վաճառվել է հայրենիքի մի մասը (Արցախը վկա), վաճառվում է Հայաստանի ռազմավարական տարածքը (Սյունիքի շուրջ ադրբեջանաթուրքական պահանջները վկա), վաճառվում է խիղճը (Էդմոն Մարուքյանը վկա), վաճառվում է «հանցավոր օլիգարխից խոշոր գործարար դառնալու» իրավունքը (Սամվել Ալեքսանյանը վկա)․․․ հերթը զինվորական ծառայության պարտականության իրավունքինն է, որը վաճառվում է նաև այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն արել և անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանի զինված ուժերը պաշտպանելու օբյեկտ չունենան՝ հայրենիքի ամբողջական վաճառքի պատճառով։
Հ․Գ․ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, ներկայումս զբաղված է սեփական երազանքն իրականություն դարձնելով։ Չար լեզուներն ասում են, որ նա երազել է ոչ միայն հասնել իշխանության, այլև դառնալ Հայաստանի ամենահարուստ մարդը։
Վաճառքի այն ծավալով, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, դա միանգամայն իրատեսական է։ Պարզապես, դրա ավարտին կարող է այլևս Հայաստանը չլինել։ Բայց դա հազիվ թե հուզում է նրան։
Հարություն Ավետիսյան