Հայաստանում չկա հարգանք ոչ ողջերի, ոչ մեռածների նկատմամբ․ Վահագն Տատրյանը դրա վառ օրինակն է
Ես այս հոդվածը գրում եմ մեծագույն ցավով ու հիասթափությամբ։
Հայոց ցեղասպանության ականավոր մասնագետ Վահագն Տատրյանը մահացել է 2019 թվականի օգոստոսի 2-ին, Նյու Յորքի հյուսիսային շրջանում, 93 տարեկան հասակում: Ծնվելով Կոստանդնուպոլսում (Թուրքիա), նա իր ողջ կյանքը նվիրեց Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականության բացահայտմանը: Տատրյանն իր մանրազնին ուսումնասիրությունները կատարեց թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և հայերեն լեզուներով՝ հրատարակելով տասնյակ գիտական գրքեր և հոդվածներ ակադեմական ամսագրերում։
Թվում էր, թե Տատրյանի նման նշանավոր անհատը հարգանքի կարժանանար ոչ միայն իր կենդանության օրոք, այլև մահից հետո: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ քայլ արեց՝ 2019 թվականի օգոստոսի 19-ին որոշում կայացնելով ստեղծել բարձր մակարդակի պետական հանձնաժողով և համապատասխան բյուջե հատկացնելով՝ Երևանում Տատրյանի հուղարկավորության համար անհրաժեշտ միջոցառումների կազմակերպման և թաղման ծախսերի համար։
Պետական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին․ «Ա. Հարությունյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Զ. Մնացականյան, արտգործնախարար, Ա.Թորոսյան, առողջապահության նախարար, Ա. Ջանջուղազյան, ֆինանսների նախարար, Հ. Մարության, Երևանի քաղաքապետ, Ռ. Մարտիրոսյան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, Վ. Տերտերյան, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, Վ. Մովսիսյան, ՀՀ փոխոստիկանապետ, Տ. Հովնան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ եպիսկոպոս Հակոբյան, Ա. Իսկանկարյան, «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպության տնօրեն, Հ․ Մարության, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Գ.Սարկիսյան, «Զորյան» հաստատության նախագահ (Կանադա)»։ Տատրյանը «Զորյան» հաստատության ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենն էր:
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից պրոֆեսոր Տատրյանի աճյունը Հայաստան տեղափոխելուց հետո, 2019 թվականի օգոստոսի 31-ին տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, որի անդամն էր Տատրյանը։ Այդ արարողությանը ներկա էին պետական հանձնաժողովի անդամները, ինչպես նաև այն ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տատրյանի 90-ամյա քույրը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և ակադեմիկոսներ։ Պրոֆեսոր Տատրյանի աճյունը ամփոփվեց Երևանի Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը։
Վերջերս, երբ Կալիֆորնիայի Միսըն Հիլզում գտնվող Արարատ-Էսքիջյան թանգարանի տնօրեն Մեգի Մանգասարյան Գոշինը ցանկացավ Տատրյանի գերեզմանի լուսանկարը ներառել իր թանգարանում, որտեղ պահվում են Տատրյանի արխիվները, ոչ ոք չկարողացավ գտնել Տատրյանի գերեզմանը: Երկար փնտրտուքներից հետո Փարիզից Բաղդիկ Գույումջյանին և Կանադայից Հրայր Խաչերյանին վերջապես հաջողվեց գտնել Տատրյանի անհայտ գերեզմանը: Պարզվեց, որ նրա հուղարկավորությունից երեք տարի անց Պետական հանձնաժողովը չի բարեհաճել Տատրյանի գերեզմանին դնելու շիրմաքար կամ նույնիսկ նրա անունով հուշատախտակ։ Գերեզմանը ահավոր վիճակում էր՝ պատված մոլախոտով ու աղբով։ Երկու պարոնները ժամանակավոր հուշատախտակ են դրել Տատրյանի գերեզմանին և այն մաքրել մոլախոտերից։ Ահա այն սարսափելի վերաբերմունքը, որին արժանացել է ականավոր ակադեմիկոսը մահից հետո իր հայրենիքում։
Պրոֆեսոր Թաներ Աքչամ՝ Հայոց ցեղասպանության հանրածանոթ մասնագետ և UCLA-ի Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագրի տնօրենը, առաջինն էր, որն իր ֆեյսբուքյան էջում ահազանգեց Տատրյանի գերեզմանի ողբալի անտեսման մասին։ Հեգնական է, որ թուրքական ծագում ունեցող անհատն ավելի շատ է մտահոգված Տատրյանի գերեզմանի նկատմամբ արհամարհական վերաբերմունքով, քան Հայաստանի կառավարությունը։ Տատրյանը եղել է Աքչամի խորհրդատուն և գործընկերը Ցեղասպանության ուսումնասիրության հարցում։ Աքչամն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դադրյանն արժանի չէ դրան։ Անընդունելի և չափազանց ամոթ է, որ Հայոց ցեղասպանության ժամանակակից հետազոտության հիմնադրի գերեզմանն անուշադրության է մատնված և մոռացված»։
Ի պատասխան պրոֆ. Աքչամի արդարացված վրդովմունքի՝ «Զորյան» հաստատության (Հայաստան) ծրագրի համակարգող Մարի Հովհաննիսյանը հայտարարություն տարածեց՝ «Փոթորիկ մի բաժակ ջրում» վերնագրով։ Նա այսպես է պատճառաբանել հետաձգումը․ «Քովիդ-19 համավարակի և 2020 թվականի Արցախյան պատերազմի պատճառով հայ ազգը կորցրեց իր մի քանի հազար լուսավոր զավակներին և զբաղված էր նրանց հուղարկավորությամբ, որոնցից յուրաքանչյուրը պահանջում էր իր համապատասխան տապանաքարը»։ Սա անընդունելի արդարացում է։ Տատրյանին հուղարկավորել են Հայաստանում կորոնավիրուսի տարածումից յոթ ամիս առաջ և Արցախյան պատերազմից ավելի քան մեկ տարի առաջ։ Դա բավական ժամանակ էր Տատրյանի գերեզմանին շիրմաքար կամ գոնե հուշատախտակ տեղադրելու համար, էլ չասած, որ 2020 թվականի պատերազմից անցել է գրեթե երկու տարի, և կորոնավիրուսն այլևս տարածված չէ Հայաստանում։ Ավելին, Տատրյանի մահից ի վեր այլ անհատներ են թաղվել մոտակա գերեզմաններում, և նրանք շիրմաքար ունեն…
Առավել մտահոգիչ են այս խայտառակությունը կոծկելու փորձերը։ «Զորյան» հաստատությունից Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խնդրում ենք այս հարցը հրապարակայնորեն բարձրացրած անձանց զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից և ավելորդ մեկնաբանություններից, որոնք կարող են միայն պատճառ դառնալ փոթորկի մի բաժակ ջրում»։ Նման անիմաստ արդարացումներ հնչեցրել են նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը և Երևանի Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հարություն Մարությանը։ Այսպիսի պահվածք դրսևորում են նրանք, ովքեր ցանկանում են կոծկել իրենց ամոթալի սխալները։ Ավելի պատշաճ կլիներ ներողություն խնդրել և անհապաղ քայլեր ձեռնարկել Տատրյանի գերեզմանին շիրմաքար տեղադրելու համար։
Եթե Փաշինյանի նշանակած պետական հանձնաժողովի անդամները չեն կարողացել երեք տարում կազմակերպել մեծարգո հայ գիտնականի շիրիմին տապանաքար դնելու գործը, ապա նրանք պետք է նկատողություն ստանային Փաշինյանի կողմից իրենց անփութության և ապաշնորհության համար։ Սա ազգային խայտառակություն է։ Ցավալի է նաև այն փաստը, որ եթե հայ պաշտոնյաները չեն կարողանում գերեզմանի վրա շիրմաքար տեղադրել, ինչպե՞ս կարող են հայերը վստահել իրենց կառավարությանը՝ այսքան լուրջ խնդիրներ ունեցող երկրի ղեկավարումը:
Վերջապես, պրոֆ. Տատրյանի գերեզմանը չպետք է լիներ Թոխմախի գերեզմանատանը։ Ավելի պատշաճ կլիներ Տատրյանի աճյունն ամփոփել Ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի հետնամասում կամ Կոմիտասի անվան պանթեոնում՝ մյուս նշանավոր անձանց կողքին։ Դա ամենաքիչն է, ինչ կարող է անել Հայաստանի կառավարությունն իր կոպիտ սխալը շտկելու համար։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի