Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Բեյրութում «Հեզբոլլահ»-ի օբյեկտների վրա գրոհների շարքն ավարտելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ավարտել է «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքների վրա հարվածների շարքը: Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

«Այսօր առավոտյան (մարտի 11-ի) ԻՊԲ-ի ուժերն ավարտել են Բեյրութի Դահիա շրջանի վրա հարվածների ևս մեկ ալիքը՝ գրոհելով «Հեզբոլլահ» կազմակերպության հրամանատարական կենտրոնների և այն օբյեկտների վրա, որտեղ կազմակերպությունը զենք էր պահում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 11-ի առավոտյան մայրաքաղաք Բեյրութի կենտրոնական հատվածում բնակելի շինության վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով վիրավորվել է 4 մարդ։ Հարձակումն իրականացվել էր առանց նախազգուշացման։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ուժերի նախաձեռնած պատերազմից հետո Իսրայելը սկսել է նաև հարվածներ հասցնել Լիբանանին։ Իսրայելական կողմը պատճառաբանում է այն Լիբանանում իրանամետ «Հեզբոլլահ» զինված արմատական խմբավորման դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։Լիբանանը հայտնել է, որ մարտի սկզբից ի վեր Իսրայելի կողմից հարձակումների հետևանքով երկրում զոհերի թիվը գերազանցել է 400-ը։

Տեսանյութեր

Լրահոս