Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները կարող են խաթարել աշխարհակարգը. Փեզեշքիան
Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակումներն Իրանի դեմ կարող են հանգեցնել աշխարհակարգի և գլոբալ անվտանգության խաթարման: Այդ կարծիքն է հայտնել Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
«Եթե միջազգային հանրությունը և միջազգային կազմակերպություններն ուշադրություն չդարձնեն և չքննարկեն հիմնական պատճառները, որոնք հանգեցրել են այս պատերազմին և Իրանի դեմ ռազմական ագրեսիային, ապա աշխարհակարգը և համաշխարհային անվտանգությունը կխաթարվեն և կհայտնվեն քաոսի մեջ», – ասվում է Իրանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Նա նաև հայտարարել է, որ Իրանը կշարունակի պատասխան հարվածներ հասցնել ԱՄՆ ռազմակայաններին Մերձավոր Արևելքում:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադրություն չունի հարվածներ հասցնել տարածաշրջանի երկրներին կամ հակամարտության մեջ մտնել նրանց դեմ: Միայն ռազմակայանները, որոնցից կատարվում են հարձակումներ մեր տարածքի վրա, կխոցվեն ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում», – հայտարարել է Փեզեշքիանը:



