Զելենսկին հայտնել է Ծոցի երկրներ ուկրաինական պատվիրակություն ուղարկելու մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը ուղևորվել է Պարսից ծոցի երկրներ՝ օգնելու արաբական երկրներին պաշտպանվել իրանական դրոններից։ Համապատասխան տեսանյութը Զելենսկին տեղադրել է X-ի իր էջում։

«Մեր թիմը՝ ներառյալ զինվորականները և Ռուստեմ Ումերովը, ուղևորվում է դեպի Պարսից ծոցի տարածաշրջան, որտեղ մեր տղաները կարող են օգնել պաշտպանել կյանքերը և կայունացնել իրավիճակը։ Մենք տեսնում ենք այն մարտահրավերները, որոնք ներկայումս առաջացնում են Իրանի կողմից հարվածները։ Իրանի ռեժիմը փաստացի փակել է Հորմուզի նեղուցը՝ համաշխարհային շուկա նավթի և գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկը։ Սա զգալիորեն անկայունացնում է իրավիճակը»,- ասվում է մարտի 10-ի երեկոյան Զելենսկիի հրապարակած տեսանյութում։

Նրա խոսքով՝ Ումերովը, զինվորականների, հետախուզության, պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության հետ համատեղ, կմշակի կոնկրետ պայմանավորվածություններ այն հարցի շուրջ, որ բոլոր այն երկրները, որոնք օգնության համար դիմում են Ուկրաինային, իրենք ևս օգնություն տրամադրեն ուկրաինական կողմին։

«Մեզ նույնպես կայունություն է պետք։ Նրանք, ովքեր այժմ դիմում են Ուկրաինային աջակցության համար, պետք է շարունակեն աջակցել մեր պաշտպանությանը, մասնավորապես՝ մեր հակաօդային պաշտպանությանը։

Անցյալ տարի մենք առաջարկեցինք Միացյալ Նահանգներին անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագիր։ Սա ճիշտ հեռանկար է՝ լինել մեզ հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության և կիրառման հարցում։ Եվ բոլորը հիմա տեսնում են, որ այս հեռանկարն այլընտրանք չունի։ Ուկրաինան ունի աշխարհում ամենամեծ փորձը հարձակողական անօդաչու թռչող սարքերին հակազդելու գործում»,- ասել է Զելենսկին՝ նշելով, որ առանց ուկրաինական փորձի «շատ դժվար կլինի կառուցել ուժեղ պաշտպանություն»։

Տեսանյութեր

Լրահոս