ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդն ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
«Այս սգո օրերին ես միանում եմ ամբողջ հայությանը՝ ոգեկոչելու Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, իսկ տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։
Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 16 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, 2 մարդ համարվում է անհետ կորած: