Բաժիններ՝

Փակ դռների ետևում «արդարադատություն» իրականացնողները

Բազմիցս անդրադարձել ենք Հայաստանի բոդիբիլդինգի չեմպիոն Վահրամ Հակոբյանի հետ առնչություն ունեցող դատական գործին, որի շրջանակներում, իր պնդմամբ, արհեստածին գործ է հարուցվել՝ սահմանափակելով իր ազատ տեղաշարժի իրավունքը:

Հիշեցնենք, որ սույն գործի շրջանակներում Վահրամ Հակոբյանը և Սմբատ Ավդալյանը մեղադրվում են ՀՀ Քր. Օր. 182-րդ հոդվածի, 3-րդ մասի 2-րդ կետով («շորթում»)` գործով տուժող հանդես եկող Վաղինակ Ղազարյանից գումար պահանջելու հայտարարության հիման վրա:

Սույն գործի վերաբերյալ մի շարք հրապարակումներ ենք ունեցել, սակայն այս գործին ընթացք տալուց ի վեր՝ 2019թ. գարնանից մինչ օրս, այս գործը քննվում է առեղծվածային գաղտնիության պայմաններում: Մասնավորապես, բոլոր դատական նիստերը՝ առանց որևէ բացառության, մինչ օրս անց են կացվում փակ դռների ետևում՝ պատճառաբանելով, թե տուժողի անձնական կյանքին վերաբերող տվյալների պատճառով նիստը դռնփակ է: Սովետական ժանգոտած համակարգի հոտ է գալիս. այս նույն պատճառաբանությամբ դուք ամբողջ դատական համակարգը կարող եք փակ կառավարել: Դատական գործընթացի հմայքը կայանում է նրանում, որ դատավարությունը մրցակցային պետք է լինի, իսկ այս պարագայում, ամբողջովին կողմին զրկում են հրապարակայնության և պաշտպանվելու իրավունքից:

Փակ դռներ և պաշտպանվելու իրավունքի սահմանափակում

Սույն գործը քննվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ: Շուրջ մեկ տասնյակ դատական նիստերից ոչ մի դատական նիստի թույլ չեն տվել լրագրող մասնակցի՝ հայտարարելով, որ նիստերը փակ են տուժող կողմի անձնական կյանքին վերաբերող տվյալներ պարունակելու պատճառով: Այդ շղարշն ինձ համար ընդունելի չէ. սա հրապարակայնություն ապահովելու հստակ սահմանափակում է: Դատական նիստերի սկզբնական շրջանում, պահպանելով ընթացակարգը, դատավոր Կարեն Ֆարխոյանը հարցնում էր կողմերին, և տուժող կողմի առարկության վերաբերյալ հայտարարություն լսելուց հետո որոշում էր կայացնում նիստերն անցկացնել դռնփակ: Սակայն, արդեն երկու նիստ է, ինչ դեռ նիստերը նույնիսկ չսկսած, ինձ են մոտենում պահակակետի ոստիկանները և ասում են, որ պետք է դուրս գամ, քանի որ նիստերը փակ են: Իմ հարցին, թե ո՞վ է իրենց նման հրահանգ տվել, պատասխանում են. «Դատավորի գրասենյակը»:

Ուրեմն, փաստացի դուք կանխակալ վերաբերմունք ե՞ք ցուցաբերում: Վերջին նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին, երբ ինձ մոտեցավ ոստիկանը և նույն հայտարարությունն արեց, ես հարցրեցի. «Դուք նախապաշարմունքով սահմանափակում ե՞ք լրագրողի մուտքը»: Չգիտեմ, արդյոք այս տերմինը հասկացավ, թե ոչ, համենայնդեպս ասաց, որ պետք է դուրս գամ: Ֆիքսենք, որ այստեղ առկա է նախապաշարմունքով և կանխակալ որոշմամբ ազատ խոսքի և լրագրության սահմանափակում: Թե՞ արդեն դատավորի գրասենյակը նախապես տեղյակ էր՝ տուժող կողմն ինչ դիրքորոշում պետք է ընդուներ:

Այս հարցով զրուցեցի Վահրամ Հակոբյանի հետ, ով ասաց. «Արդեն առաջին դեպքը չէ, որ Վաղինակ Ղազարյանը դատարանի փոխարեն հայտարարություններ է անում: Օրինակ, վերջերս, իմանալով, որ նույն գործով կալանքի տակ գտնվող Սմբատ Ավդալյանի հարցով պետք է կալանավորման խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացվեր, վերջինս ասել էր, որ «նույնիսկ եթե միջնորդությունով հանեք, միևնույն է, մի երկու ամիս հետո հետ եք բերելու»: Որտեղի՞ց գիտի: Հայաստանում արդեն «տուժող կողմն» է՞ դատավորի փոխարեն որոշումներ կայացնում»:

Հարկ է նշել, որ սույն գործի շրջանակներում արդեն մոտավորապես երեք տարի է, ինչ Սմբատ Ավդալյանը գտնվում է կալանքի տակ, և դատարանը խափանման միջոցը չի փոխում, չնայած, որ փաստաբանը գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու մի շարք միջնորդություններ է ներկայացրել:

Դատավորը նաև մերժել է Վահրամ Հակոբյանի՝ նիստերին առցանց ձևաչափով մասնակցելու առաջարկը՝ իմանալով, որ վերջինս շատ տեղեկատվության է տիրապետում: «Առցանց հարցաքննության ձևաչափը կորոնավիրուսի պայմաններում ամբողջ աշխարհում ընդունված ձևաչափ է, իսկ ինձ մերժել են նման ձևաչափով մասնակցել»:

Հաշտեցման փոխարեն՝ դատական համակարգը թշնամանք է սերմանում

«Դատական համակարգը, փոխանակ մարդկանց մեջ կանխի թշնամանքը և մասամբ նաև իրականացնի այն, ինչին իրենք կոչված են՝ նպաստեն հաշտեցմանը, մի կողմից սուտ ու կեղծ միակողմանի ցուցմունքի հիման վրա մարդկանց դատում են, իսկ մյուս կողմից դրանով իսկ նպաստում են, որ արհեստածին թշնամանք առաջանա: Մարդկանց երիտասարդ ամենալավ տարիներից վերցնում են, և թո՛ղ սա սպառնալիք չհնչի, բայց նման բաներն անհետեևանք չեն մնում»,- վստահեցնում է Վահրամ Հակոբյանը: Վերջինս համոզված է, որ դատական համակարգում «հարց է լուծվել»: «Գումարով, թե զանգով, մեզ համար տարբերություն չկա»,- նշում է նա:

Անպատասխան մնացած հարցեր

Որպես սույն դատական գործընթացին հետևող անձ, ում համար սահմանափակվում է տեղեկատվություն ստանալու հնարավորությունները, կան մի շարք անպատասխան հարցեր, որոնք, թերևս, այլ հարթակ չի մնում հնչեցնելու, քան այստեղ.

1. Ինչո՞ւ է այս գործը հայտնվել Ազգային Անվտանգության ուշադրության կենտրոնում, ինչո՞վ է այս գործն այդքան կարևոր, որ մի երկրում, որն այս գործի բացման ժամանակ գտնվում էր կործանարար պատերազմի շեմին և պետք էր տասն աչքով զբաղվել հակալրտեսային և ազգային անվտանգությանն իրական սպառնալիք պարունակող հարցերով, Արարատի մարզի ԱԱԾ բաժանմունքը լծվել է այս գործին: Ինչո՞վ էր այս գործն այդքան կարևոր, կամ սպառնալիք ազգային անվտանգությանը:

2. Ի՞նչ սկզբունքով է որոշվում նիստերի փակ լինելը. արդյո՞ք տուժող կողմի միակողմանի արտահայտած կարծիքով: Եթե այո, ապա գործի ընթացքն էլ է պարզ, արդյունքն էլ: Համենայնդեպս, Վահրամ Հակոբյանի փաստաբան Կարեն Ստեփանյանը պնդում է, որ վաղուց արդեն նիստերի ընթացքում անձնական կյանքի վերաբերյալ տեղեկատվություն չի քննարկվում:

3. Ո՞վ է ում իրավունք տվել կանխակալ և նախապաշարմունքով որոշում կայացնել լրագրողին նիստն սկսելուց առաջ ներս չթողնելու, կամ դուրս հրավիրելու: Կարող է՞ պատահել, որ մի օր էլ այնպես լինի, որ դատարանի դռան վրա գրեք՝ «լրագրողների մուտքն արգելվում է»:

4. Ինչո՞ւ է տուժող կողմը խուսափում հարցազրույցից: Իհարկե, դա նրա իրավունքն է, որն ես ամբողջությամբ հարգում եմ, սակայն հանուն արդարության նշեմ, որ մի քանի անգամ մոտեցել եմ Վաղինակ Ղազարյանին՝ իր կարծիքն էլ լսելու, և նա հրաժարվել է խոսել: Վերջին անգամ, հանդիպել եմ Եվրոպական քաղաքներից մեկից Երևան մեկնող ինքնաթիռի նստեցումից առաջ, որտեղ վերջինս ասաց, որ «լավ չի, որ նման հրապարակումներ եք տպում», որին ի պատասխան՝ ես ասացի, որ «միշտ էլ ցանկալի է, որ բոլոր կողմերի կարծիքները լինեն, ուստի հրավիրում եմ ձեզ նույնպես ձեր կարծիքն արտահայտելու, որն, անշուշտ, պատրաստ եմ հրապարակելու», ինչին ի պատասխան՝ վերջինս ասաց, «մենք հարցազրույց չենք տալիս… քեզ փող ե՞ն տվել»: Զերծ մնալով նման անողնաշար հայտարարությանը պատասխանելուց, քանի որ այն արվել է Հայաստանի Հանրապետության իրավադատությունից դուրս տարածքում, նշեմ, որ, այնուամենայնիվ, հնարավորություն չունեցա հարցեր տալու, այլապես կխնդրեի Վաղինակ Ղազարյանին մեկնաբանել նաև այն հայտարարությունը, որ ըստ մեր նախկին հրապարակումներից մեկում Վահրամ Հակոբյանի խոսքի, վերջինս իր ընկերական շրջապատում պարծենալով ասել է, որ ինքը հարուստ է, և «ծախսելու է այնքան, ինչքան պետք է, որպեսզի Վահրամը հայտնվի ճաղերի ետևում»։

Դասականի սցենարով դեպքերի զարգացում

 Որպես մարդ, ով հեղափոխությունից հետո որոշեց հայրենադարձ լինել, այս ամենն ինձ հիշեցնում է հայտնի դասական Ջորջ Օրուելի թերևս ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Անասնաֆերման» (հուսով եմ, այս հոդվածն ինչ-որ կերպ կհայտնվի նաև «Նապոլեոնի» սեղանին, և վերջինս կփորձի հետաքրքրվել, թե ի՞նչ է իրականում տեղի ունենում «ախոռում»): Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ որոշ շրջանակների պետք էր, որ որոշ ժամանակ որոշ մարդիկ չլինեին Հայաստանում, կամ լինեին սահմանափակված իրենց գործողություններում: «Այո, ես էլ եմ այդ կարծիքին հանգել. սա էլ է թերևս ծրագրի մաս, որ պետք էր ազդեցիկ մարդկանցից ազատվել՝ մարդիկ, ովքեր կարող էին որևէ կերպ ազդեցություն ունենալ կամ իրենց կողքին մարդկանց համախմբել»:

Այսպիսով, կարծես թե վերը նշված ստեղծագործության սցենարով դասական նմանությամբ առաջ ենք շարժվում՝ օր օրի ավելի ու ավելի թուլացնելով մեր բոլորիս «Անասնաֆերման»: Կարծես թե հասել ենք այդ սցենարի այն կետին, երբ արդեն մի պատերազմը պարտվեցինք: Բայց պետք չէ մոռանալ, որ այդ գրքի սցենարով կար նաև երկրորդ պատերազմ… իսկ դուք շարունակեք փակ դռների ետևում ինքներդ ձեզ համար միակողմանի որոշումներ կայացնել ձեր «ախոռներում»:

Կամո Մայիլյան

Տեսանյութեր

Լրահոս