Բաժիններ՝

«Ինչի՞ց են վախենում, ինչո՞ւ են ամեն ինչ անում, որ Հայաստան վերադառնալու հնարավորություն չունենամ». Հայաստանի բոդիբիլդինգի չեմպիոն Վահրամ Հակոբյան

Նախկին հրապարակումներում անդրադարձել ենք մի քրեական գործի, որն առնչվում է Հայաստանի բոդիբիլդինգի չեմպիոն Վահրամ Հակոբյանի անվանը, ինչի արդյունքում` նրա պնդմամբ, ապօրինաբար կատարված գործողությունների պատճառով, արդեն տևական ժամանակ է՝ սահմանափակվել է նրա ազատ տեղաշարժվելու իրավունքը, և մեծ, անդառնալի վնաս է հասցվել նրա սպորտային կարիերային:

Մենք զրուցել ենք Վահրամ Հակոբյանի փաստաբան Կարեն Ստեփանյանի հետ, ում պնդմամբ, ի սկզբանե գործի հիմքում ընկած ապացույցներն անօրինական են, ուստի ամբողջ գործը կառուցված է ապօրինաբար ներկայացված ապացույցների վրա:

Վահրամ Հակոբյանին վերաբերող քրեական գործից անջատված մասով, գրեթե նույնական հանգամանքներում (գործով անցնող անձ` Սմբատ Ավդալյան), արդեն 2019թ. դեկտեմբերից ի վեր դատական փակ նիստեր են տեղի ունենում` հանրությունից մեկուսացված վիճակով` անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու և չհրապարակելու պատճառաբանությամբ: Սույն նիստերը տեղի են ունենում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:

Մեկ այլ նիստ էլ տեղի է ունենում նույն դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

Արդար դատաքննության իրավունքի խախտում

Ըստ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 3-րդ կետի, «Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է»:

Այս կապակցությամբ փաստաբան Կարեն Ստեփանյանը պնդում է, որ նշված գործը հիմնված է կեղծ և հիմնական իրավունքների խախտմամբ ապօրինաբար ներկայացված ապացույցի վրա:

«Գործի հիմքում դրված է արտաքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումը (ՕՀՄ), որը բազմիցս բողոքարկվել է դատական տարբեր ատյաններում. առհասարակ, գործի հարուցման հիմքն անօրինական է, հետևաբար՝ ամբողջ գործը շինծու է և ապօրինի:

Մասնավորապես, քրեական գործում առկա փաստաթղթերով հիմնավորվում է, որ հաղորդում ներկայացնող անձը հաղորդումը ներկայացնելու օրը և ժամին չի գտնվել Արտաշատի ԱԱԾ բաժնում, որտեղ իբրև թե տվել է հաղորդում: Բացի այդ, ապացուցվում է նաև, որ ԱԱԾ Արտաշատի այդ ժամանակվա բաժնի պետ Գարիկ Սարգսյանը, ով ներկայացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի դատարան, նիստի օրն ու ժամին ևս չի գտնվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում, որտեղ իբրև թե տեղի է ունեցել նիստ` այդ ժամանակվա ԲԴԽ նախագահ, ներկայումս՝ պաշտոնանկ Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ: Նշվածի կապակցությամբ ներկայացվել է հանցագործության մասին համապատասխան հաղորդում Հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու առնչությամբ, ինչի շրջանակներում, որպես վկա-կասկածյալ՝ հարցաքննվել է ԱԱԾ Արտաշատի բաժնի նախին պետ Գարիկ Սարգսյանը, ենթադրյալ տուժող Վաղինակ Ղազարյանը, և մի շարք այլ վկաներ:

Պահանջվել են ապացույց հանդիսացող փաստաթղթեր, մասնավորապես, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` ՕՀՄ թույլտվություն ստանալու վերաբերյալ դատարանին ներկայացված միջնորդությունների գրանցման մատյանի էջերը, որոնցում պարզ երևում է, որ դրանք պարունակում են մուտքագրման օրվա վերաբերյալ կատարված գրառումներում ջնջումներ: ՕՀՄ-ն իրականացվել է 2019թ. ապրիլի 20-ին, սակայն մատյանի էջերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ համապատասխան միջնորդությունը դատարան մուտք է եղել 2019թ. ապրիլի 21-ին, այսինքն՝ մեկ օր ուշ, և մատյանի էջերում «1»-ը ձեռքով ջնջել՝ դարձրել են «0»: Ակնհայտ է, որ ապօրինաբար ձեռքով ջնջում են կատարել, և մատյանում հետին ամսաթվով մուտքագրել»,- նշում է Վահրամ Հակոբյանի պաշտպանը:

Նշված փաստն ի ցույց է տրվել ՀՔԾ քննիչ Վահե Մարտիրոսյանին, ով նույնիսկ հարկ չի համարել պահանջելու նշված մատյանի բնօրինակը` պատասխանելով, որ ինքը բավարարվում է պատճենով, և մերժել է Վահրամ Հակոբյանի պաշտպանի` դատաքննաբանական-դատաձեռագրաբանական փորձաքննություն իրականացնելու պահանջով միջնորդությունը:

Վկաների վրա ազդեցություն գործադրելու միջոցով ցուցմունքների փոփոխություն

«Հատկանշական է նաև, որ 2019թ. ապրիլի 20-ին, առավոտյան ժամին, երբ իբրև թե ներկայացվել է հանցագործության մասին հաղորդումը, և երբ իբրև թե դատական նիստ է տեղի ունեցել, գործին առնչվող անձինք եղել են միմյանցից անկախ` բոլորովին այլ վայրերում: Այսինքն, ենթադրյալ տուժող Վաղինակ Ղազարյանը, ով պետք է այդ օրն ու այդ ժամին լիներ ԱԱԾ Արտաշատի բաժնում, գտնվել է Երևան քաղաքում, իսկ Արտաշատի ԱԱԾ բաժնի այդ ժամանակվա պետ Գարիկ Սարգսյանը, ով պետք է լիներ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում (Տիգրան Մեծ 23/1 հասցեում), գտնվել է Արտաշատ քաղաքում: Այս ամենը զուտ ենթադրություններ չեն, այլ հիմնված են ձեռք բերված օբյեկտիվ ապացույցների վրա: Նշված անձանց հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի և ալեհավաքների տեղակայանների վերաբերյալ ստացված տվյալներով՝ անհերքելի կերպով հաստատվել է այս փաստը: Նրանց հետ այդ օրն այդ ժամին հեռախոսազրույց ունեցած անձինք իրենց նախնական ցուցմունքներով անառարկելիորեն հաստատել են, որ նշված օրը, ժամը 08:00-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսով խոսել են` ոմանք՝ Վաղինակ Ղազարյանի, իսկ ոմանք էլ՝ Գարիկ Սարգսյանի հետ: Սակայն վերջիններս, ակնհայտ ճնշման ազդեցության տակ, վկաների առերես հարցաքննությունների ժամանակ հայտնել են, որ «հնարավոր է»՝ նշված օրը և ժամին խոսել են այլ անձանց հետ: Այսինքն՝ այստեղ գործ ունենք վկաների վրա առերևույթ ճնշում գործադրելու արդյունքում ցուցմունք փոխելու հանգամանքի հետ»,- ասում է փաստաբան Կարեն Ստեփանյանը:

Նման պայմաններում քննիչ Վահե Մարտիրոսյանը քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշում է կայացրել: Վերոհիշյալ որոշումը բողոքարկվել է դատական վերադասության կարգով դատախազությունում, ինչը սկզբում մերժվել է, իսկ այնուհետև բողոքարկվել է դատարանում: Բողոքի քննարկումը մակագրվել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, և գործն ընթացքի մեջ է:

«Նույնիսկ այս ժամանակահատվածում, երբ գործը դեռ գտնվում է դատարանում, ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որ, օրինակ, Վաղինակ Ղազարյանն այցելել է իր հետ վերը նշված օրը` ապրիլի 20-ին հեռախոսազրույց ունեցած և գործով վկա հանդիսացող անձանց, և տարբեր մեթոդներով ազդեցություն գործադրելով, հորդորել է, որ եթե նրանց դատարան հրավիրեն, նրանք «պետք է» պնդեն իրենց երկրորդ ցուցմունքը, և չպետք է նշեն, որ իր հետ այդ օրն անձամբ խոսել են»,- նշում է Վահրամ Հակոբյանի պաշտպանը և պնդում, որ ակնհայտ է, որ նշված օրը դատական նիստ չի կայացել և հանցագործության մասին հաղորդում չի եղել, և որ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացվել է մինչև դատարանի որոշում լինելը, այսինքն՝ ապօրինաբար:

«Նույնիսկ օգոստոսի 23-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահութամբ տեղի ունեցած նիստի ժամանակ ակնհայտ էր, որ վկաներից Նշան Թաքիրյանն ամբողջությամբ փոփոխված վերաբերմունք էր ցուցաբերում իր ցուցմունքը տալիս, ինչը շեշտակի տարբերվում էր հենց նախորդ նիստի ժամանակ նրա տված ցուցմունքից: Ակնհայտ է, որ նրա վրա նույնպես եղել է ազդեցություն, քանի որ շեշտակիորեն տարբերվում էր նրա ցուցմունքը»,- նշեց փաստաբանը:

Դիմադրություն դատական համակարգի կողմից

«Բոլորի` ներառյալ ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի համար պարզ է, որ կատարվել է հանցագործություն, սակայն բոլորն աչք են փակում այդ փաստի վրա: Սա, թերևս, պայմանավորված է այն հանգամանքով, որ շրջանառվում է ԲԴԽ պաշտոնաթող նախագահ Ռուբեն Վարդազարյանի անունը և այն, որ ապօրինի գործողությունները կատարվել են ԱԱԾ մարմինների կողմից: Սույն գործով լուրջ դիմադրություն է առկա նաև դատական մարմինների կողմից, որոնք ամեն գնով պաշտպանում են Ռուբեն Վարդազարյանի կողմից կատարված ապօրինությունը, որը վերաբերելի չէ որպես դատավորի` նրա կողմից կայացված դատական ակտի վերաբերյալ գործողությանը, այսինքն՝ տվյալ դեպքում չի կարող գործել դատավորի անձեռնմխելիության ինստիտուտը»,- նշում է Կարեն Ստեփանյանը և ավելացնում, որ սույն հարցազրույցում տեղ գտած բոլոր պնդումներն ապացուցված են, և, որ դրանք հիմնավորող փաստաթղթերը նա կարող է ներկայացնել ըստ պահանջի:

Մեզ հաջողվեց կապ հաստատել նաև Վահրամ Հակոբյանի հետ, ով գտնվում է արտերկրում, և մեր հարցին ի պատասխան, թե արդյո՞ք նա գտնվում է փախուստի մեջ, վերջինս պատասխանեց՝ միանշանակ ո՛չ, և երբեք էլ չի թաքցրել իր գտնվելու վայրը:

«Ես միշտ էլ սոցիալական ցանցերում ակտիվ եմ եղել և երբեք չեմ թաքցրել իմ գտնվելու վայրը: Ավելին, այսօր էլ, և նախկինում էլ պատրաստ եմ եղել հեռահաղորդակցության կամ տեսազանգի միջոցով պատասխանել բոլոր հարցերին: Այս ամենի փոխկապակցվածությունը վերլուծելով, ես հասկանում եմ, թե ում է անհրաժեշտ, որ ես Հայաստանում չլինեմ: Ինչո՞ւ այս գործը բացվեց իմ` երկրից մեկնելուց հետո: Ինչո՞ւ սպասեցին՝ ես մեկնեմ, հետո նոր միայն այս գործին նման ընթացք տան: Ես պատկերացում չունեի, որ նման գործ կհարուցվեր: Ավելին, իմ` ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ Ինտերպոլով ինձ ձերբակալել են, և ես դատարանով ապացուցել եմ, որ անմեղ եմ, որ իմ դեմ գործ է «սարքվել», և ես արդարացվել եմ՝ որպես անմեղ: Այս ամենի արդյունքում հսկայական վնաս է հասցվել իմ սպորտային կարիերային. ճանապարհներս փակ են, չեմ կարողանում Եվրոպա մեկնել մրցումներին մասնակցելու: Ես մի բան գիտեմ. այս կյանքում ոչինչ անպատասխան չի մնում: Ինչպե՞ս են իմ աչքերի մեջ նայելու այն մարդիկ, ովքեր նման կերպ են վարվում, կամ որ մի օր մի ցուցմունք են տալիս, հետո փոխում իրենց ասածները»,- մեզ հետ զրույցում ասաց Վահրամ Հակոբյանը՝ ավելացնելով, որ այժմ էլ պատրաստ է առցանց ֆորմատով մասնակցել դատավարություններին և պատասխանել հարցերին:

Նա նաև ավելացրեց, որ արտերկրում եղած ժամանակ տեղեկացել է, որ մեկ այլ քրեական գործից ինչ-որ մաս են անջատել և ինչ-որ մի մարմնում մեղադրանք առաջադրել իրեն, որի մասին ոչ իրեն են տեղեկացրել, ոչ էլ փաստաբանի՝ տեղեկատվություն ստանալու դիմումն են բավարարել:

«Ըստ ինձ, ձեր ասած «թաքնված» կամ «փախածը» նրանք են, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի ես Հայաստան վերադառնալու հնարավորություն չունենամ: Թող պատասխանեն իմ այս հարցին. ինչի՞ց են վախենում»,- նշեց նա:

Հույս ունենք, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը կկայացնի անկաշկանդ և օբյեկտիվ դատական ակտ, կարձանագրի ԱԱԾ և քննչական մարմինների ապօրինի գործողությունների արդյունքում թույլ տված իրավունքի և օրենքի կոպտագույն խախտումները, ինչի արդյունքում կդադարեցվի Վահրամ Հակոբյանի նկատմամբ սկսված ապօրինի քրեական հետապնդումը, և հետևաբար, այս ամենի արդյունքում նրա ազատ տեղաշարժի սահմանափակումը, և նա հնարավորություն կստանա իրացնել իր իրավունքները և շարունակել իր սպորտային կարիերան՝ առանց արհեստածին խոչընդոտների:

Հիշեցնենք նաև, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԿԱՄՈ ՄԱՅԻԼՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս