Պաշտոնական Ստեփանակերտը ձեռնպահ է մնում մեկնաբանել ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունը. Նախագահի խոսնակ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Արմենպրեսին», որտեղ անդրադարձել է Արցախի հիմնախնդրին, Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելուն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և այլ հարցերի։
Նա ընդգծել է, որ կա գաղափար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել՝ առանց Արցախի հարցի վերջնական լուծման։
Ըստ ԱԽ քարտուղարի, Ղարաբաղի հիմնախնդիրը Հայաստանի համար տարածքային հարց չէ: Այդ առումով Հայաստանի համար սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանն ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշել է, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Հետևաբար՝ այժմ պիտի ակտիվորեն քննարկեն այդ տարբերակը և որոշեն՝ ինչպես առաջ ընթանալ:
«Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է հենց թեկուզ այն փաստի բերումով, որ դա մեր օրենսդրության մաս է: Բազմիցս ենք ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ճանաչել են դեռևս 1991 թվականին ստորագրված և հետագայում վավերացրած ԱՊՀ ձևավորման մասին համաձայնագրով: Եվ սա այսօր թե Հայաստանի, և թե Ադրբեջանի օրենսդրության մաս է: Դա պետք է արտահայտել նաև երկկողմ մակարդակով: Եվ, ինչպես ասել ենք, նման հեռանկարի մեջ մեզ համար անընդունելի ոչինչ չկա, և Հայաստանը, այո, Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի»,- ասել է Արմեն Գրիգորյանը:
Պաշտոնական Ստեփանակերտն ինչպե՞ս կմեկնաբանի Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե կա գաղափար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել՝ առանց Արցախի հարցի վերջնական լուծման։ Նման քայլի գնալու պարագայում ի՞նչ վտանգներ է սպասվում Արցախին։
168.am-ն այս հարցերն ուղղեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին։
Ի պատասխան՝ Լուսինե Ավանեսյանը մասնավորապես ասաց. «ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները մեկնաբանելուց ձեռնպահ ենք մնում։ Սա սկզբունք է, որին հավատարիմ ենք մնալու։
Պաշտոնական Ստեփանակերտը ձեռնպահ է մնում որևէ մեկնաբանությունից»։