Պիտի քննարկենք ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը, գաղափար կա՝ խաղաղության պայմանագիր կնքել առանց ԼՂ հարցի վերջնական լուծման. ԱԽ քարտուղար

Ղարաբաղի հիմնախնդիրը Հայաստանի համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը եւ որոշենք ինչպես առաջ ընթանալ: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։

– Պարոն Գրիգորյան, աշխարհաքաղաքական կենտրոններից վերջերս հնչում են գնահատականներ, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման եւ այսպիսով տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատելու լրջագույն հնարավորություն կա: Հայաստանի իշխանությունը տեսնո՞ւմ է նման հնարավորություն:

– Այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը խաղաղության օրակարգը հռչակել է պետական ռազմավարություն եւ քաղաքականություն ուղղակի վկայությունն է այն բանի, որ նման հնարավորություն տեսնում ենք: Այդ հնարավորությունը ավելի է առարկայանում, երբ հաշվի ենք առնում, որ Հայաստանի կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը խաղաղության օրակարգի իրագործման պատասխանատվություն է ստանձնում, հասկանալով, որ դա հեշտ ճանապարհ չէ: Կարծում եմ ՀՀ կառավարության եւ քաղաքական մեծամասնության նվիրվածությունը խաղաղության օրակարգին կարեւոր գործոն է միջազգային տարբեր հարթակներից հնչող գնահատականների համար:

– Ի՞նչ ճանապարհային քարտեզ եք պատկերացնում խաղաղության օրակարգի իրագործման համար:

– Այդ օրակարգը հայտնի է. սահմանագծման եւ սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներ Ադրբեջանի հետ, որն արդեն մեկնարկել է եւ օգոստոսի երկրորդ կեսին նախատեսված է սահմանագծման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը Մոսկվայում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում…

– Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանը ձգձգում է այդ հարցերի լուծումը:

– Սահմանագծման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը օգոստոսի երկրորդ կեսին նշանակվել է ադրբեջանական կողմի առաջարկով: Հայկական կողմը երկրորդ հանդիպմանը պատրաստ էր եւ հունիսին, եւ հուլիսին: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով մենք բազմիցս արտահայտել ենք մեր պատրաստակամությունը: Վերջերս համացանցում հայտնվել է դեռեւս 2021թ. դեկտեմբերին դիվանագիտական ճանապարհներով մեր փոխանցած առաջարկների փաթեթը, որն այսօր էլ ուժի մեջ է: Մենք մի քանի այլ առաջարկներ էլ ենք արել, եւ մեծապես շահագրգիռ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով, որը «Հայկական խաչմերուկ» նախագծի մաս է: Իհարկե՝ նախագծի արեւելք-արեւմուտք հատվածի կոնկրետ երթուղու հարցը քննարկելի է, մենք երբեք չենք շեշտել միայն մի տարբերակի հնարավորությունը եւ մեզ նույնքան անհրաժեշտ է ամենաարդյունավետ երթուղին գտնել, որովհետեւ դրանից է կախված «Հայկական խաչմերուկ» նախագծի գործունակությունն ու գրավչությունը: Կոմունիկացիաների հարցով եռակողմ աշխատանքային խմբում, որ համանախագահում են ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերը, մենք որոշակի առաջընթաց ենք նկատում եւ տրամադրված ենք շարունակել նույն ոգով:

– Այս երկու քայլերի՞ց է ուրեմն բաղկացած խաղաղության հաստատումը Ադրբեջանի հետ: Ղարաբաղի կարգավիճակը ի՞նչ է լինելու:

– Ոչ, ձեր նշած ճանապարհային քարտեզի եւ խաղաղության օրակարգի կուլմինացիան, իհարկե, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Դուք գիտեք, որ Ադրբեջանն այս առումով ներկայացրել է հինգ կետեր եւ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ դրանցում անընդունելի ոչինչ չկա:

– Ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչու՞մը: Հայաստանն այսինքն ճանաչո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ տարածքային պահանջներ չունի՞:

– Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է հենց թեկուզ այն փաստի բերումով, որ դա մեր օրենսդրության մաս է: Բազմիցս ենք ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ճանաչել են դեռեւս 1991 թվականին ստորագրված եւ հետագայում վավերացրած ԱՊՀ ձեւավորման մասին համաձայնագրով: Եւ սա այսօր թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի օրենսդրության մաս է: Դա պետք է արտահայտել նաեւ երկկողմ մակարդակով: Եւ ինչպես ասել ենք, նման հեռանկարի մեջ մեզ համար անընդունելի ոչինչ չկա եւ Հայաստանը, այո, Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի:

– Իսկ Ղարաբաղը, ինչ է լինելու Ղարաբաղի հարցը եւ կարգավիճակը:

– Մենք բազմիցս ենք ասել, որ Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ համար սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը եւ որոշենք ինչպես առաջ ընթանալ:

– Այսինքն՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել առանց ԼՂ հարցի վերջնական լուծմա՞ն:

– Նման գաղափար նույնպես կա: Բայց այս պահին վաղ է որեւէ նման բանաձեւի մասին խոսելը:

– Իսկ ԼՂ հայության համար ի՞նչ անվտանգության երաշխիքներ պիտի լինեն:

– ԼՂ հայության անվտանգության ապահովման միջազգային երաշխիք կա, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունն է: Այդ երաշխիքի հետագա կատարելագործման վրա պետք է աշխատել, բայց ԼՂ հիմնախնդրի դեմիլիտարիզացիան կարեւոր գաղափար է:

– Մեծ հաշվով Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:

– Մեծ հաշվով, կարծում եմ, մենք ընթանում ենք այդ ճանապարհով:

– Իսկ գերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը:

– Հումանիտար հարցերի լուծումը խաղաղության պարտադիր ուղեկիցն է: Այդ թվում՝ մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Այդ բոլոր հարցերն, իհարկե, պետք է հասցեագրվեն: Հայաստանն, ի դեպ, վերջին երկու տարվա ընթացքում Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների 130 մարմիններ է փոխանցել Ադրբեջանին: Մենք պատրաստ ենք ակտիվորեն համագործակցել նաեւ այս հարցի շուրջ եւ նույնը ակնկալում ենք Ադրբեջանից: Հայկական կողմը Ղարաբաղյան առաջին պատերազմից ավելի քան 770 անհետ կորած անձ ունի: 44-օրյա պատերազմում մեր անհետ կորած անձանց թիվը 203 է:

– Նախորդ օրը ՏԿԵ նախարարությունը հայտարարեց, որ Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի վերակառուցումը նախատեսվում է սկսել օգոստոսին: Դա Լաչինի միջանցքի նոր երթուղի՞ն է: Իսկ երբ է ավարտվելու շինարարությունը:

– Այո: Շինարարությունը կավարտվի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ժամկետում:

– Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարներն ինչպե՞ս եք գնահատում:

– Երկու երկրների հատուկ ներկայացուցիչները ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ, այն է՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, եւ սկսել օդային բեռնափոխադրումներ երկու երկրների միջեւ:

– Հայաստանի վարչապետը եւ Թուրքիայի նախագահը հուլիսի 11-ին ունեցած հեռախոսազրույցում համաձայնվել են կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները եւ հետագա քայլեր ձեռնարկել: Միանշանակ է, որ մենք հավատարիմ ենք մնալու այդ պայմանավորվածություններին, մանավանդ որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ֆրանսիան, թե՛ Իրանը, թե՛ Վրաստանը, թե՛ ԵՄ-ն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս