«Ծագող օլիգարխ Բագրատ Բադալյանի կոռուպցիոն գործունեության մասին հաղորդում եմ ներկայացնելու». Վահան Առաքելյան
Ճանապարհաշինարարության ոլորտում զարհուրելի բաներ են կատարվում. առկա է մենաշնորհ և կոռուպցիա, ուստի իրավապահ կառույցները և կոռուպցիայի կանխարգելմամբ զբաղվող կազմակերպությունները պարտավոր են հատուկ ուշադրություն դարձնել այս ոլորտի վրա՝ խոշորացույցի տակ պահելով առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի և նրա կնոջը հավատարմագրային կառավարման հանձնված «Ճաննախագիծ» ՍՊԸ-ի գործունեությունը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման ահազանգ հնչեցրեց ճանապարհաշինարար, «Ճանապարհների շինարարություն« ՍՊԸ-ի տնօրեն Վահան Առաքելյանը՝ բերելով մեկ օրինակ, հարց բարձրացնելով՝ ի՞նչ կոռուպցիոն սխեմաներով են աշխատում Կառավարության աշխատակազմում պաշտոն զբաղեցնողն ու նրա կնոջը պատկանող ընկերությունները՝ ճանապարհաշինության ոլորտում։
«Օրինակ՝ կա գերմանական «Կոքս–Քոնսալթինգ» մի ընկերություն, որը իրականացնում է ճանապարհների վերահսկման աշխատանքներ։ Այդ ընկերությունից Կառավարությունը 15 միլիոն դոլարի գնում է կատարել՝ մեկ անձից գնման ընթացակարգով։
Այս ընկերությունն առնչվում է Կառավարության շենքում նստող պաշտոնյա Բագրատ Բադալյանին. Ի՞նչ է ստացվում՝ ճանապարհը նախագծում է Բադալյանի «ճաննախագիծ» ՍՊԸ-ն, որպես վերահսկող կազմակերպություն՝ ընտրվում է «Կոքս Քոնսալթինգ» ընկերությունը, որը պայմանագիր է կնքում աշխատողների աշխատավարձը բաժանող մի կապալառու ընկերության հետ. պայմանագրով սահմանվում է, որ աշխատողների աշխատավարձի չափը 3000 դոլար է, բայց արի ու տես, որ այդ ենթակապալառու «Դոռզնակ» ընկերությունը 3000 դոլարի փոխարեն՝ մարդկանց վճարում է 800 դոլար աշխատավարձ։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս ենթակապալառու «Դոռզնակ» ընկերությունը ևս պատկանում է Բագրատ Բադալյանին»,- մի պարզ սխեմա ներկայացրեց Վահան Առաքելյանը՝ ընդգծելով՝ ինչպես այս, այնպես էլ այլ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդում է ներկայացնելու Գլխավոր դատախազությանը, ԱԱԾ-ին, ինչպես նաև Կոռուպցիայի կախարգելման հանձնաժողովին։
«Ստեղծվել է ճանապարհաշինարարությամբ զբաղվող մեկ միասնական ընկերություն՝ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը, որի միջոցով ճանապարհաշինարարության ոլորտում աշխատանքներ է իրականացնում միակ մասնագետ և ծագող օլիգարխ Բագրատ Բադալյանը։ Փաստորեն, Բագրատ Բադալյանը, աշխատելով Կառավարության աշխատակազմում, կարողանում է կազմակերպել ճանապարհաշինության ոլորտում ամբողջ աշխատանքը, և բազմաթիվ պայմանագրեր կնքվում են նրան և նրա կնոջը պատկանող ընկերությունների հետ։ Ուստի այս ու այլ փաստերը հիմք դնելով՝ ես պատրաստվում եմ ներկայացնել հաղորդում հանցագործության մասին՝ ծագող օիլիգարխ Բագրատ Բադալյանի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ»,- ասաց Վահան Առաքելյանը։
Հարցազրույցի մասնամասները՝ տեսանյութում