Սպիտակ՝ դատական նիստի բերելուց, տեղափոխող ավտոմեքենայի մեջ էր վատացել. Մամիկոն Ասլանյանի փաստաբանները՝ նրա առողջական վիճակի մասին
168.am-ն այսօր տեղեկացրել էր, որ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց. նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Հիշեցնենք՝ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է 2021թ. դեկտեմբերի 15-ին` ավագանու առաջին նիստից օրեր անց: Նրա խափանման միջոցը կալանքն է ընտրվել: Նախկին քաղաքապետը մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Մամիկոն Ասլանյանի փաստաբաններից Արտակ Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում թեև նշեց, որ չի հասցրել տեղեկանալ, թե կոնկրետ ինչ խնդրով է պաշտպանյալը տեղափոխվել հիվանդանոց, սակայն հիշեցրեց, որ հունիսին արձանագրվել է Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակի վատթարացում, ճնշման տատանումներ:
«Սպիտակ՝ դատական նիստի բերելուց, ինքը տեղափոխվող ավտոմեքենայի մեջ էր վատացել»,- ասաց փաստաբանը:
Վանաձորի նախկին համայնքապետի փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ մասնավորապես տեղեկացրեց. «Դեռ հետազոտություններ է անցնում»:
Փաստաբանը հավելեց, որ հետագա գործողությունները կախված են հետազոտության արդյունքներից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մամիկոն Ասլանյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ: