Բաժիններ՝

Վահան Քերոբյանը գյուղացիներին կոչ է անում հողերն անմշակ չթողնել, բայց նա չգիտի, որ հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա. Սարգիս Սեդրակյան

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության 6 ամսվա ցուցանիշը. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճը կազմել է 11.8 տոկոս: Պաշտոնական վիճակագրությամբ՝ աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում՝ բացի գյուղատնտեսությունից, որն անկում է գրանցել 5.5 տոկոսով:

Շատ գյուղատնտեսներ նշում են՝ իրենց համար այս ցուցանիշը սպասելի էր, քանի որ ոլորտը բարձիթողի վիճակում է:

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանն անդրադառնալով գյուղատնտեսության մեջ առկա խնդիրներին՝ արձանագրեց.

«Գյուղացիները հիմնականում գտնվում են անօգնական վիճակում: Իշխանությունների կողմից մարզերում ինչ-որ ծրագրեր են իրականացվում, սակայն գյուղացիներից շատ քչերն են օգտվում դրանցից:

Կարդացեք նաև

Հիմնական խնդիրներն են շարունակում մնալ պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի, թունաքիմիկատների, թանկ գները, ոռոգման հարցերը, կարտոֆիլի և լոլիկի վնասատուի (ցեցի) դեմ խոստացված, բայց չիրականացված պայքարը, մարզերում նոր, ժամանակակից գյուղտեխնիկայի բացակայությունը, բերքի իրացումը»:

Օրերս ԵԱՏՄ-ին ներկայացվել են ՀՀ ցորենի և արևածաղկի սպառման պահանջարկը՝ 377 հազար տոննա, և տեղեկություն, որ հանրապետության ներքին շուկայում պարենային անվտանգության ապահովման նպատակով այս մշակաբույսերի անհրաժեշտ ծավալը մինչև տարեվերջ կհամալրվի ՌԴ-ից մատակարարումների ավելացման հաշվին՝ մինչև 275 հազար տոննա, հենց այդ նկատառումով գյուղոլորտի մասնագետից հետաքրքրվեցինք՝ հացահատիկային մշակաբույսերի մշակման ծավալներն ավելացնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է անեն ՀՀ իշխանությունները:

Նա ի պատասխան՝ նախ նշեց, որ տարիներ շարունակ ՀՀ իշխանությունների կողմից երկրում իրականացվել և իրականացվում է սխալ ագրարային քաղաքականություն, ինչի հետևանքով հանրապետության մշակելի վարելահողերի կեսից ավելին չի մշակվում, դեգրադացվել է, ապա պարզաբանեց.

«Սակավահող Հայաստանում մշակելի հողատարածքները տարիներով անմշակ թողնելն առնվազն հանցագործություն է: Այս մասին, 2018թ.-ի միտինգների ժամանակ հնչեցնում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն անցած 4 տարիների ընթացքում այս ուղղությամբ իշխանությունների կողմից ոչինչ չարվեց:

Երկրում հացահատիկային մշակաբույսերի մշակման ծավալներն ավելացնելու համար անհրաժեշտ է ավելացնել հացահատիկային մշակաբույսերի մշակման ցանքատարածությունները: Վերջինս կարելի է իրականացնել անմշակ, դեգրադացված վարելահողերը դարձնելով մշակելի. դրա համար իշխանություններին անհրաժեշտ է ցանկություն, կամք, հետո՝ ֆինանսական որոշակի միջոցներ, փորձառու մասնագետներ, ճիշտ կառավարում, երկրում ագրարային ճիշտ քաղաքականության իրականացում և համապատասխան մեքենա-սարքավորումներ:

Պետք է ունենալ ցանքի համար որակյալ (էլիտար) սերմացու. Ներկայումս գյուղացիներից յուրաքանչյուրը ցանում է այն սերմացուն, որն ընկնում է ձեռքը՝ անկախ հանգամանքից, թե այդ սերմացուն որակյա՞լ է, թե՞ ոչ: Գյուղացիները հիմնականում ցանում են նախորդ տարվանից մնացած իրենց սերմացուն, իսկ իրականում, նախորդ տարվա ստացած բերքը պետք է զտել և տեսակավորել համապատասխան մեքենա-սարքավորումներով: Զտումից հետո խոշոր հատիկներն օգտագործում են պարենային նպատակներով (ալյուր ստանալու), միջին չափի հատիկները՝ որպես սերմացու, իսկ մանր հատիկները՝ որպես անասնակեր:

Դժբախտաբար, մեզ մոտ այս պահանջները ճիշտ չեն պահպանվում:

Անհրաժեշտ է հողը լավ նախապատրաստել ցանքին. սա նշանակում է նախ՝ ցանվող հողատարածքից հեռացնել բոլոր կողմնակի իրերն ու առարկաները: Այնուհետև հողը վարել անհրաժեշտ խորությամբ (Հայաստանի հողերի համար այդ խորությունը 25-35 սմ է. սակայն փորձեք շրջել Հայաստանով և կտեսնեք, որ ոչ մի տեղ այդ խորությունը 15 սմ-ից ավել չի անցնում»,- պարզաբանեց Սարգիս Սեդրակյանը:

Անհրաժեշտ գործողությունների ցանկին ՀԿ նախագահը հավելեց նաև միաժամանակյա պարարտացումով ցանքի իրականացումը, ոռոգման ջրի կորստի սահմանափակումը, հացահատիկի բերքահավաքի ճիշտ իրականացումը: Վերջինի համար նա կարևորեց ժամանակակից գյուղտեխնիկայի ձեռքբերումը:

«Հայաստանի դաշտերում, հացահատիկի բերքահավաքի համար, հիմնականում օգտագործվում են խորհրդային տարիներից մնացած և օտագործվող, հնամաշ կոմբայններ, որոնք ավելացնում են բերքի կորուստը: Ամենացավալին այն է, որ մեր գյուղատնտեսությունից անգրագետ իշխանության մտքով չի անցնում՝ միջոցներ ձեռնարկել Հայաստանի գյուղատնտեսական մեքենաների պարկը (տրակտորներ, կոմբայններ, հողամշակման, ցանքի և այլ մեքենա գործիքներ) թարմացնել նոր, ժամանակակից մեքենա-սարքավորումներով: Այս առումով բարի նախանձով կարելի է նայել մեր հարևան Վրաստանին, որի դաշտերում հիմնականում նոր, ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկա է:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գյուղացիներին կոչ է անում հողերը անմշակ չթողնել, ավելացնել ցանքատարածքները, բայց նա չգիտի, որ հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա, գյուղացիներին անհրաժեշտ է պետական աջակցություն:

Հացահատիկի բարձր բերք ստանալու համար՝ ինչպես Գերմանիան՝ 7,53 տ/հա, Ֆրանսիան՝ 6,8 տ/հա, Եգիպտոսը՝ 6,4 տ/հա, Չինաստանը՝ 5,7 տ/հա և այլն, Հայաստանն ունի լավ բնակլիմայական պայմաններ: Բայց հարկավոր է նաև ճիշտ ագրարային քաղաքականություն իրականացնելու երկրի իշխանությունների ցանկությունը»,- եզրափակեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս