Հենց դատավարության մեջ է երևում՝ պետությունն իրավակա՞ն է, թե՞ ոչ. Հովհաննես Խուդոյան

«Նախ նշեմ, որ նոր օրենսգրքերը որակական առումով էականորեն ավելի լավն են, քան նախկինում կիրառվածները, բայց ինչպես ցանկացած օրենք, օրենսգրքերը նույնպես պրակտիկայում հակասություններ առաջացնում են և պետք է պրակտիկայում շտկվեն: Կան, սակայն, որոշակի խումբ խնդիրներ, որոնք ի սկզբանե պետք է ակնհայտ լինեին ու քննարկման առարկա դառնային, բայց կյանքը ցույց տվեց, որ առաջին անցումային շրջանը լուրջ խնդիրներ է առաջացնում»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Նոր քրեական և Քրեադատավարական օրենսգրքերի համաժամանակյա գործողության մեջ դնելու խնդիրներին:

Այդ խնդիրների շարքում Հովհաննես Խուդոյանն առանձնացրեց արդեն դատական քննության փուլում գտնվող գործերով մեղադրանքի ապաքրեականացման դեպքում դրանց համապատասխանեցմանը մեր Քրեական օրենսգրքին:

«Գուցե առաջին հայացքից հարցը չբարձրացվի դատավարության մասնակիցների կողմից, որովհետև ակնհայտ է, որ նույն տեքստն ունեն, բայց դա չի վերաբերում Քրեական օրենսգրքի բոլոր դրույթներին և դատավարության կարգին առհասարակ»,- ասաց Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ՝ այո, եթե արարքի նկարագրությունը նույնական է, նյութական իրավունքի տեսանկյունից հարցը լուծված է, սակայն շատ կարևոր է նկատի ունենալ, որ նյութական և դատավարական իրավունքները պետք է տարբերվեն:

Ըստ նրա՝ դատավարությունը նույնպես լուրջ գիտություն է, և պրակտիկայում շատ ավելի լուրջ խնդիրներ հենց դատավարության մեջ են բացահայտվում:

Կարդացեք նաև

«Քրեական իրավունքը՝ իր բոլոր հետաքրքիր դժվարություններով հանդերձ, ամենաշատ քննարկված իրավական համակարգն է, բայց դատավարությունը չպետք է զուտ որպես գործիք դիտարկել: Հենց դատավարության մեջ է երևում՝ արդյո՞ք պետությունն իրավական է, թե՞ ոչ: Ի վերջո, քրեական իրավունքը նախատեսում է պատիժներ հանցագործների համար, բայց անձը համարվում է հանցագործ, եթե օրենքով սահմանված ընթացակարգերով ու վերջնական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվում է այդպիսին»,- նշեց Հովհաննես Խուդոյանը:

Նրա խոսքով՝ դատարանները դատավճիռներ կայացնելիս իրենց ձեռքի տակ պետք է ունենան այնպիսի մեղադրանք, որը համապատասխանում է գործող օրենսդրությանը, իսկ դա նոր օրենսգիրքն է:

«Ես հեղինակներին չեմ մեղադրում, որովհետև նրանք, իհարկե, ուշադրության կենտրոնում պահել են բովանդակային կողմը, բայց երբ օրենսդիրը նոր օրենք է ընդունում, ու հատկապես լայն կիրառման օրենսգիրք, բնականաբար, դրան պետք է համապատասխանեցնի ողջ օրենսդրությունը, պետության ֆինանսական քաղաքականությունը, ենթաօրենսդրական ակտերը, այդ թվում՝ նայի, թե նոր օրենքի կիրառմամբ ինչ խնդիրներ կարող են առաջանալ նախկինի հետ համեմատած: Ինձ համար այս հարցն այնքան պրիմիտիվ ու ակնհայտ էր, որ զարմացա, երբ տեսա՝ ընթացակարգ սահմանված չէ օրենքների համապատասխանեցման»,- ասաց փաստաբանը՝ հավելելով՝ ցավոք, դիրքորոշումն այնպիսին է, որ եթե Ազգային ժողովն այդպես է որոշել, ընթացակարգ չի նախատեսել, ուրեմն այդպես էլ պետք է լինի:

Հովհաննես Խուդոյանը պնդում է՝ օրենսդրական այդ բացը պրակտիկայում միանշանակ խնդիրներ առաջացնելու է:

«Շատ գործերով, հնարավոր է՝ չառաջացնի, շատ գործերով՝ նույնիսկ չբարձրաձայնվի պաշտպանների կողմից, որովհետև փոփոխություն չի ենթադրում, բայց լինելու են գործեր, որոնք էական հակասություններ են առաջացնելու: Օրենսգրքերի հեղինակների կողմից միտք հայտնվեց, որ համապատասխանեցնելու դեպքում իրավապահներին ահռելի աշխատանք կսպասվեր: Զուտ մտածենք իրավապահներին ավելի քիչ ծանրաբեռնելու մասին, ընդունելի չէ: Ընդ որում, շատ պարզ է այն գործիքակազմը, որը կարելի էր ներդնել՝ ընդամենն անցումային դրույթով, կամ հենց օրենսդրական մակարդակում ամրագրել: Վերջին օրերին շատ են ասում՝ պաշտպանվում է փաստերից, ոչ թե մեղադրանքից, ինչն ամենևին այդպես չէ: Անձը պաշտպանվում է և փաստերից, և մեղադրանքի իրավական գնահատականից»,- ասաց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս