Բաժիններ՝

Ինչո՞ւ է գործարարը հացադուլ սկսում

Երեկ համացանցում տարածվել էր «Նավասարդ Ագրո» ՍՊԸ սեփականատեր Գարիկ Նավասարդյանի նամակը, որով նա տեղեկացնում էր կալանավայրում հացադուլ սկսելու մասին։

168.am-ը փորձեց տարբեր աղբյուրներից տեղեկանալ գործարարի կալանավորման ու հացադուլ սկսելու պատճառների մասին։

Այսպիսով, 2021թ.-ի հուլիսի 16-ին Արցախի Հանրապետության և «Նավասարդ Ագրոյի» միջև՝ ի դեմս ՍՊԸ-ի հիմնադիր Գարիկ Նավասարդյանի, կնքվել է հուշագիր, որի համաձայն, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում մինչև նույն թվականի նոյեմբերի 16-ը պետության միջոցներով պետք է կառուցվեր թռչնաֆաբրիկա:

Կարդացեք նաև

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ թռչնաբուծարանի կառուցման ու թռչունների ձեռքբերման պարտավորությունը ստանձնում է պետությունը, իսկ ծրագրի կառավարումն ու արտադրանքի իրացումը՝ «Նավասարդ Ագրո» ընկերությունը:

Սակայն թռչնաֆաբրիկան այդպես էլ չի կառուցվում, իսկ Գարիկ Նավասարդյանը մեղադրվում է  հավերի ձեռքբերման համար տրամադրված գումարը հափշտակելու մեջ։ Հունիսի 2-ին «Նավասարդ Ագրոյի» հիմնադիրը, առանց ծանուցման, կալանավորվում է և Սևան քաղաքից տեղափոխվում Ստեփանակետ։

Գարիկ Նավասարդյանի փաստաբան Մասիս Մելքոնյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ գործարարի գլխին «սարքել են»։

«Ես բոլոր փաստաթղթերին արդեն ծանոթ եմ, եղել եմ Ստեփանակերտում, տեսել եմ քննիչի և դատավորի վերաբերմունքը։ Առանց որևէ հիմքի մարդուն կալանավորել են՝ այն դեպքում, երբ պետության և քաղաքացու միջև կնքված է պայմանագիր կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ, քաղաքացին սահմանված ժամկետում կատարել է իր պարտավորությունները՝ պետք է բերեր 120 օրական 15 հազար թև հավ, բերել է, գրավոր տեղեկացրել է՝ բերել եմ, սակայն թռչնաբուծարանը պատրաստ չէ։  Իմիջիայլոց, թռչնաբուծարանը կառուցելիս է եղել Արցախի Հանրապետության նախագահի շատ մտերիմ անձնավորություն, և ժամկետին չի պատրաստել։

Մարդը գրել է՝ 15 հազար թև հավը պահելու համար օրական կերը միայն կազմում է 350 հազար դրամ, չեն հավատացել։ Արցախի գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը եկել է Հայաստան, գնացել թռչնաբուծարան, տեսել է, որ հավերը ներկրվել են, հետ են վերադարձել Արցախ, խորհրդակցել են, ու որոշել քրեական գործ հարուցել և կալանավորել Գարիկ Նավասարդյանին»,- մանրամասնեց փաստաբանը՝ նկատելով, որ մինչ օրս այդ թռչնաբուծարանը շահագործման հանձնված չէ, սակայն իր պաշտպանյալը կալանքի տակ է։

Գործարարի պաշտպանը տեղեկացրեց նաև, որ մոտ օրերս թեմային առավել մանրամասն կանդրադառնան մամլո ասուլիսով։

Տեսանյութեր

Լրահոս