«ՆԳՆ կկոչվի, թե Նիկոլի նախարարություն, էական ոչինչ չի փոխում․ սա պոպուլիզմ է, հերթական թոզփչոցին մարդկանց աչքերին»․ Սայաթ Շիրինյան
Ազգային ժողովում երեկ «Ներքին գործերի նախարարության ստեղծումը. քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով լսումներ են ընթացել։
ԱԺ Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ստեղծումը կարևոր բարեփոխում է Հայաստանի անվտանգության համակարգի ոլորտում։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ նշեց, որ Ներքին գործերի նախարարը հնարավորություն կունենա Անվտանգության խորհրդում քաղաքականություն մշակել․․․»։
Ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանությունների՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացին՝ ասաց․
«Ես առաջինը կուզեի հասկանալ, թե իրենք ինչո՞վ են հիմնավորում, ինչո՞վ են պատճառաբանում, որ ՆԳՆ-ի ստեղծման անհրաժեշտություն կա։ Եթե ոստիկանությունը հավուր պատշաճի իր ֆունկցիոնալ պարտականություններն իրականացնի, որն է՝ հանցագործությունների նախականխումը, կանխարգելումը, հանցավորության դեմ պայքարը, հանցագործությունների բացահայտումը, մենք բացարձակապես որևէ խնդիր չենք ունենա։ Ի՞նչ իմաստ ունի ոստիկանությունը նորից քաղաքական միավոր դարձնել, այ սա է խնդիրը, ինչո՞ւ են դարձնում քաղաքական միավոր։
Մենք ի՞նչ շահ ենք հետապնդում, եթե այդ քաղաքական միավորն Անվտանգության խորհրդի հետ է շփվելու, կամ ՆԳ նախարարն Ազգային ժողովում ներկայացված է լինելու, հարցուպատասխանի է մասնակցելու։ Ի՞նչ ֆունկցիոնալ պարտականություններ է ինքը կատարելու։ Ոստիկանության ֆունկցիոնալ պարտականություններն ավելի՞ են ընդլայնվում, հանցավորության դեմ պայքարում ՆԳ նախարար դառնալուց հետո, նախականխման կամ կանխարգելման աշխատանքներին ավելի ընդարձակ լիազորություններ են տրվելո՞ւ, իհարկե ո՛չ։
Ոստիկանության ծառայության մասին օրենքը, Սահմանադրությունը, մնացած օրենքները, ենթաօրենսդրական ակտերը, ինչ-որ կան, նույն այդ օրենսդրական ակտերով ոստիկանությունն աշխատելու է, աշխատելու է նաև ՆԳ նախարարություն դառնալուց հետո։ Հասկանանք՝ ի՞նչ է տալիս այդ քաղաքական միավորը, ինչո՞ւ են քաղաքականացնում»։
Դիտարկմանը, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ ՆԳ նախարարության կազմավորումը թույլ կտա ապահովել երկրի ներքին անվտանգության կառավարելիությունը, Սայաթ Շիրինյանն ասաց․
«Այսինքն՝ երկրի արտաքին անվտանգությունն ապահովե՞լ են, հիմա անցել են ներքի՞ն անվտանգությանը։ Թուրքը, արդեն տարիուկես է, ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք, բայց նրանք՝ այդ թրքահպատակներն ու թրքահաճոները, անհանգստացած չե՛ն։ Իրենք մտածում են՝ ինչպես կարող են ներքին անվտանգությունն ապահովել այն դեպքում, երբ ցանկացած քաղաքացու իրավունքներն այսօր ոտնահարվում են, երբ իրենք ապօրինաբար ձերբակալում են, կալանավորում են, բայց վերջում պարզվում է, որ հանցակազմի բացակայությամբ գործը կարճում են, սրա՛ մասին պետք է մտածել։ Որ Ներքին գործերի նախարարություն դարձավ, այդ ապօրինությունները չե՞ն շարունակվելու, իհարկե շարունակվելո՛ւ են և լա՛յն թափով են շարունակվելու։ Ես այս պահին Ներքին գործերի նախարարության ստեղծման անհրաժեշտություն չեմ տեսնում, բացարձակապես»։
Մեր մյուս դիտարկմանը, որ Անդրանիկ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ ՆԳՆ-ի ստեղծումը, իսկ ըստ էության՝ վերականգնումը անմիջապես մի քանի հարց է լուծելու։ Մասնավորապես՝ «Կսահմանվեն ՆԳՆ-ի հստակ գործառույթները, ինչպես նաև կներդրվի կադրերի պատրաստման նոր համակարգ։ ՆԳՆ-ն կդառնա կառույց, որը կմշակի ոլորտի քաղաքականությունը», Սայաթ Շիրինյանն այսպես արձագանքեց․
«Այդ ի՞նչ կադրային բազա են ստեղծելու, որտե՞ղ է ձևավորվելու այդ կադրային բազան, մի հատ տեսնենք էլի, հասկանանք։ Այդ անգրագետներով, ոնց որ պարեկային ծառայությունը լցրեցին, այդպե՞ս են ուզում շարունակել, թե՞ ուզում են այն պոպուլիզմը նորից առաջ բերեն, երբ ասում էին՝ սփյուռքը ներգրավվելու է իշխանության ձևավորմանը, այն մարդիկ, որոնք չեն կարողացել նախկին իշխանությունների օրոք աշխատանք ունենալ, աշխատանքով ապահովելու ենք, բայց հետո պարզվեց, որ իրենց բարեկամ, խնամի, ծանոթ, քուր, ախպեր, ով ասես գրավեցին պաշտոնները․․․ Սա պոպուլիզմ է, հերթական թոզփչոցին մարդկանց աչքերին։
Դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա՛, դա չի՛ նպաստելու քաղաքացու իրավունքների պաշտպանությանը։ Եթե ոստիկանությունը հավուր պատշաճի, բարձր մակարդակով, օրենքներին ծառայելով՝ ծառայի ժողովրդին, մենք բացարձակապես խնդիրներ չենք ունենալու։ Սրանք նորից ուզում են քաղաքական միավոր ձևավորել, որը ծառայելու է միայն իշխանությունների շահերին, ուրիշ ոչ մի խնդիր չկա։ Իսկ ավելի կոնկրետ՝ 2018 թվականին, երբ տեղի ունեցավ՝ հեղափոխություն էր, իշխանափոխություն էր, իշխանության փոխանցում էր, իշխանության հանձնում էր, ես չգիտեմ, իսկապես չգիտեմ, մինչ օրս չեմ կարողանում հասկանալ, 2018 թվականից պետության քանդման, քայքայման, կազմալուծման հիմքը դրվեց, իսկ այսօր կարելի է ասել, որ մենք՝ որպես Հայաստան երկիր, ինքնիշխան երկիր, գոյություն չունենք։ Բռնաբարված են մեր ինքնիշխան պետության սահմանները, ոտնահարված, տրորված է սահմանադրությունը, բռնաբարված են բոլոր օրենքները, ձևավորվել է մի անձի իշխանություն․ ՆԳ նախարարություն կկոչվի, թե Նիկոլի նախարարություն կկոչվի, դա էական ոչինչ չի փոխում․․․»։
Ազգային ժողովում երեկ ելույթով հանդես էր եկել նաև Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նշել, որ Ներքին գործերի նախարարությունը զրոյից չի ստեղծվելու, և, որ բարեփոխման ավելի օպերատիվ իրականացումն ապահովելու շահերից ելնելով՝ ՆԳՆ-ի ստեղծման հիմքը կլինի գործող նախարարություններից մեկը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Մենք մտադիր ենք ապահովել Փրկարար ծառայության, Ոստիկանության և այլ շատ կարևոր ծառայությունների համադրումը։ Այս տեսանկյունից ՆԳՆ-ի կառուցվածքը կլինի շատ հարուստ և լավ փոխկապակցված։ Միաժամանակ կխնայվեն հսկայական ռեսուրսներ»,- հավաստիացրել էր Կարեն Անդրեասյանը։
Անդրադառնալով նախարարարի այս հայտարարությանը, Սայաթ Շիրինյանն ասաց, որ դրանք տարբեր գործառույթներ իրականացնող մարմիններ են, ավելին՝ այսօր ունենք փրկարարական ծառայություն, որը շատ ավելի նպաստավոր է աշխատում, քան այն ժամանակ, երբ գտնվում էր ոստիկանության համակարգում։
«Հիմա ինչո՞ւ եք նորից հետ գնում, ինչո՞ւ։ Որովհետև երկրի կազմաքանդման հիմքերն են դրել, ես ուրիշ բան չեմ տեսնում այդտեղ։ Իրենց համար նշանակություն չունի, թե ով է աշխատելու, ոնց են աշխատելու, արդյունավետ կաշխատեն, թե չեն աշխատի, իրենց նպատակը քաղաքականացնելն է, իրենք քաղաքականացնում են այդ պոստը․․․»։