«Եթե Աննա Հակոբյանն այցելի մեր գյուղ՝ կներկայացնեմ խնդիրները, որոնց առջև գյուղը հայտնվեց, երբ Փաշինյանի հրամանով մեր դիրքերը հանձնեցին թշնամուն». Բարձրավանի գյուղապետ

Հուլիսի 6-ից Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, գտնվում էր Սյունիքի մարզում։ Նա այցելել էր Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Ներքին Հանդ։ Բոլոր այդ հանդիպումներից Աննա Հակոբյանի պաշտոնական կայքում եղան կարճ հաղորդագրություններ և լուսանկարներ։ Նրա եռօրյա այցը Սյունիքի մարզ ավարտվել է Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղ այցելությամբ։

168.amՍյունիքի մարզի Բարձրավան գյուղի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանից հետաքրքրվեց՝ Աննա Հակոբյանն այցելե՞լ է Բարձրավան, նրան ծանոթացրե՞լ են գյուղի խնդիրներին, մասնավորապես՝ անվտանգային խնդիրներին, որոնց առջև գյուղը կանգնել է 2020 թվականի պատերազմից հետո։

«Աննա Հակոբյանը մեր գյուղ չի այցելել, նրան ո՛չ հանդիպել, ո՛չ էլ տեսել եմ։ Անկեղծ, չեմ էլ սպասում, որ նա կայցելի գյուղ։ Եթե Աննա Հակոբյանն այցելի մեր գյուղ, նրան կդիմավորեմ ու մանրամասն կներկայացնեմ այն խնդիրները, որոնց առջև գյուղը հայտնվեց 2020 թվականի դեկտեմբերից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով մեր դիրքերը հանձնեցին թշնամուն։ Կարծում եմ՝ այդպես ավելի ճիշտ կլինի»,- նշեց Բարձրավանի գյուղապետը։

Նշենք, որ նախորդ տարի օգոստոսի 25-27-ը թշնամին փակել էր Գորիս-Կապան, այնուհետև՝ Գորիս-Որոտան ճանապարհը,  որի հետևանքով Բարձրավանը հայտնվել էր շրջափակման մեջ։ այդ օրերին գյուղ որևէ մեքենա չէր կարողանում մտնել, միայն ԱԻՆ-ի մեքենայով կարողանում էին այլ ճանապարհով գյուղին հաց հասցնել։

Հիշեցնենք, Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի հրամանով  և Պաշտպանության նախկին նախարարի ձեռամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր, այդ թվում՝ Բարձրավանը,  պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ էր եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են  և ամրապնդում են իրենց գրավված դիրքերը։

Տեսանյութեր

Լրահոս