Ի՞նչ անել փորձությունների ժամանակ
Փորձությունների տեսակները
Փորձություն բառը, ըստ Մալխասյանցի բացատրական բառարանի, նշանակում է փորձ, քննություն, աղետ, փորձանք, գայթակղություն, վտանգավոր տեղ:
Փորձությունները գալիս են Աստծու կողմից. «Այս ամենից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։ Եվ նրան ասաց. «Վերցրո՛ւ քո սիրելի որդուն՝ Իսահակին, որին սիրեցիր, գնա՛ բարձրադիր վայրը [եբր․ Մորիա] և այնտեղ՝ լեռներից մեկի վրա, որ ցույց կտամ քեզ, նրան մատուցի՛ր որպես ողջակեզ» (Ծննդ. 22:1-2), Սատանայի կողմից. «Դրանից հետո Հիսուսը Հոգու կողմից անապատ տարվեց՝ Սատանայից փորձվելու» (Մտթ․ 4:1), և մարդկանց կողմից. «Փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան Հիսուսին և փորձելու նպատակով խնդրում էին, որ երկնային մի նշան ցույց տա իրենց» (Մտթ․ 16:1):
Փորձությունները և մարդու կարողությունը: Կան մարդիկ, որոնք փորձության ժամանակ ասում են՝ «փորձությունը կարողությունիցս վեր է», սակայն այս արտահայտությունը ճիշտ չէ աստվածաշնչյան և աստվածաբանական մոտեցումներով, որովհետև Աստված արդար է, չի արտոնում, որ մարդը իր կարողությունից վեր փորձությունների հանդիպի. «..․.Բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ ձեր կարողությունից ավելի փորձության մեջ չի գցի, այլ փորձության հետ նաև հաղթահարման ելք ցույց կտա, որպեսզի կարողանաք դիմանալ» (Ա Կորնթ. 10:13):
Փորձություններ և սեռ: Փորձությունները չեն ճանաչում սեռ և կարող են պատահել ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց: Նաբաղը սխալվեց Դավիթ թագավորի նկատմամբ. «Դավիթն ասաց. «Ուրեմն իզուր էր, որ Նաբաղի ամեն ինչը պահպանեցի այնտեղ՝ անապատում։ Նրա ունեցվածքից ոչինչ չառա, բայց նա իմ երախտիքի փոխարեն չարություն է հատուցում» (Ա Թագ․ 25:21): Դավիթը որոշեց Նաբաղին սպանել իր տան չափահաս տղամարդկանց հետ միասին: Նաբաղի կինը՝ Աբիգեան, որ լի էր իմաստությամբ, գնաց Դավիթի մոտ, երկրպագեց նրան մինչև գետին և խնդրեց, որ ընդունի իր ուղարկած ընծաները և ների (Ա Թագ․ 25:23-31):
Փորձություններ և տարիք: Փորձությունները չեն ճանաչում տարիք և կարող են պատահել ծերին, չափահասին, երիտասարդին, պատանուն կամ մանուկին: Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր, երբ դուրս եկավ Խառանից (Ծննդ. 12: 4): Դրանից որոշ ժամանակ հետո Աստված փորձեց նրան (Ծննդ. 22:1, 2): Սակայն «..․.Աբրահամը փորձության ժամանակ հավատարիմ գտնվեց և դրա համար էլ արդար համարվեց» (Ա Մակաբ․ 2:52): Հոբը չափահաս էր, երբ փորձության մատնվեց՝ կորցնելով իր զավակներին, ծառաներին և հարստությունը: Հովսեփը երիտասարդ էր, երբ փորձության մատնվեց փարավոնի դահճապետ Պետափրեսի կնոջ կողմից, որն աչք էր դրել նրա վրա, որովհետև շատ գեղեցիկ էր. «Կինը բռնեց նրա շորերից ու ասաց. «Կենակցի՛ր ինձ հետ»։ Հովսեփը, թողնելով իր շորերը նրա ձեռքում, դուրս փախավ» (Ծննդ. 39:12):
Փորձություններ և կրոն: Փորձությունները չեն ճանաչում կրոն և կարող են պատահել քրիստոնյային, ինչպես մանրամասնորեն նշեց Պողոս առաքյալը (Բ Կորնթ․ 11: 23- 33), և կարող են պատահել հրեային կամ նույնիսկ հեթանոսին, ինչպես նշեց Հովնան մարգարեն. «Տերը հողմ բարձրացրեց ծովի վրա, և մեծ փոթորիկ եղավ ծովի վրա, և նավը խորտակվելու վտանգի մեջ էր։ Նավավարները (որոնք հեթանոս էին) խիստ վախեցան, և յուրաքանչյուրն աղաղակում էր իր աստծուն, և գույքը, որ նավի վրա էր, ծովը գցեցին, որպեսզի թեթևացնեն իրենցից։ Իսկ Հովնանը, իջնելով նավի մի խորշը, ննջում էր և խռմփացնում» (Հովն․ 1:4-5):
Փորձությունների տևողությունը: Փորձությունները լինում են տարբեր տևողությունների․ կարճ՝ ինչպես պատահեց Հովսեփ գեղեցիկի հետ, և երկար՝ ինչպես մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս փորձվեց Սատանայի կողմից. «Նա այնտեղ էր քառասուն օր, փորձվեց Սատանայից…» (Մրկ․ 1:13):
Փորձությունների պատճառները: Փորձություններն ունեն զանազան պատճառներ: Օրինակ.
Նենգություն: Ղուկաս ավետարանիչը պարզաբանեց իրեն պատահած փորձությունների պատճառը. «.․..ապրեցի՝ ծառայելով Տիրոջն ամենայն խոնարհությամբ, արտասուքով ու փորձություններով, որ հրեաների նենգությունների պատճառով ինձ պատահեցին» (Գործք 20:18-19):
Ցանկություն: Հակոբոս առաքյալը ցույց տվեց, որ կան փորձություններ, որոնք գալիս են ցանկությունների պատճառով. «Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից» (Հակ․ 1: 14):
Դրամասիրություն: Պողոս առաքյալը կապում է դրամասիրությունը փորձության հետ. «Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման ու կորստյան մեջ» (Ա Տիմ․ 6:9):
Նախանձ: Սատանան իր անկումից հետո (Ես․ 14:15) նախանձեց Ադամին և Եվային, որովհետև նրանց բնությունը ապականված չէր մեղքով, ուստի մոտեցավ Եվային օձին միջոցով և երկխոսության մեջ մտավ, որպեսզի համոզելով՝ (Ծննդ. 3:1-7) գցի մեղքի մեջ:
Ի՞նչ անել փորձությունների ժամանակ
Քահանային դիմել: Քահանան Տիրոջ խորհուրդների սպասավորն է: Երբ փորձության մեջ ընկնենք կամ գտնվենք, շատ լավ կլինի անմիջապես քահանային դիմենք, որպեսզի ոչ միայն մեզ համար աղոթի, այլ նաև մեզ խրատի, խաղաղեցնի, մխիթարի, քաջալերի և զորացնի:
Աղոթել: Աղոթքը աստվածային ներկայության մեջ լինելու զգացումն է: Այն մեր կյանքի խաղաղ և փոթորկոտ հանգրվանների անբաժանելի մասն է: Փորձությունների ժամանակ սրտանց աղոթելը մեզ տալիս է ուժ, ներքին խաղաղություն, համբերություն, Աստծու հանդեպ վստահություն:
Ծոմապահություն անել: Ծոմապահության պատվիրանը աստվածային է և դա առաջին անգամ տեսնում ենք Ծննդոց գրքի մեջ․ «Տերը՝ Աստված, պատվիրեց Ադամին՝ ասելով. «Դրախտում եղած ամեն մի ծառից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք»» (Ծննդ. 2:16-17): Ծոմապահությունը հոգևոր միջոցներից մեկն է: Այն զորացնում է մարդու հոգին, և այդ զորացումով մենք հաստատուն կմնանք փորձությունների ուժեղ ալիքների դիմաց: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, չար ոգով բռնված տղային բժշկելուց հետո ասաց. «Այդ տեսակ ոգին այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով» (Մրկ․ 9:29):
Համբերել: Համբերել փորձության ժամանակ՝ նշանակում է լավ իմանալ, որ ամեն փորձություն ժամանակավոր է: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 13 տարի համբերեց Խոր Վիրապի մեջ, որ ինքնին երկարատև փորձություն էր: Համբերությունը, ինչպես նկարագրում է Ղուկաս ավետարանիչը, մարդու հոգին շահելու պայմաններից մեկն է. «Եվ ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները» (Ղուկ․ 21:19):
Աստվածաշունչ կարդալ: Աստվածաշունչ կարդալը մեզ զորացնում է, քանի որ դրա մեջ տեսնում ենք տարբեր փորձությունների ենթարկված բազմաթիվ մարդկանց, որոնցից ոմանք ընկան, իսկ ուրիշները հաղթական դուրս եկան: «Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար» (Բ Տիմ․ 3:16):
Հայսմավուրք կարդալ: Սուրբ հայրերի կյանքը մեզ հիշեցնում է, որ թեև նրանք ենթարկվեցին շատ ծանր փորձությունների, բայց հաղթականած դուրս եկան և ձեռք բերեցին փորձառություն, որից մենք կարող ենք օգտվել: Մեր տեսած փորձությունները ոչինչ են սրբերի փորձությունների դիմաց:
Ուրախանալ: Հակոբոս առաքյալը հորդորում է, որ փորձությունները համարենք որպես ուրախություն. «Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք» (Հակ․ 1:2): Կան նաև այլ հոգևոր միջոցներ, ինչպիսին են՝ խոստովանությունը, սուրբ հաղորդություն ստանալը, հոգևոր գրականություն ընթերցելը, հոգևոր խորհրդածությունը, սրբավայրեր այցելելը:
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր