«Զրոյական արդյունք ենք ստացել․ Էլի 20 տոկոս և ավելի կտրվածներ ունենք». փորձագետը՝ միասնական քննությունների առաջին փուլի մասին
«Ըստ էության էական տարբերություն անցած տարիների հետ չկար: Մեծ հաշվով, փոփոխություններ չենք տեսնում, ընդհակառակը՝ կրթության որակի անկման միտումը շարունակվում է, որովհետև տեսնում ենք, որ միջին գնահատականները չեն բարձրանում, դիմորդների թիվն էլ մոտավորապես նույնն է մնում»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով միասնական քննությունների առաջին փուլը՝ ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:
Նրա խոսքով՝ նախորդ տարիներին կրթության ոլորտում արված բարեփոխումների արդյունքները պետք է երևային, սակայն տեսնում ենք, որ զրոյական արդյունք ենք ստացել:
«Էլի 20 տոկոս և ավելի կտրվածներ ունենք: Սա խոսում է այն մասին, որ 5-ից մեկը դպրոցական ծրագիրը չի յուրացրել: Ընդ որում, այդ 5-ից 1-ը լավագույն երեխաներն են: Եթե ընդհանուր վերցնենք, ապա մեծ թիվ է, որովհետև պարզ է, որ ոչ բոլորն են բուհեր դիմում: Ստացվում է, որ մեր լավագույն երեխաների 20 տոկոսը չի կարողանում հաղթահարել դպրոցական ծրագրով նախատեսված նվազագույն գիտելիքների շեմը»,- նշեց Ատոմ Մխիթարյանը:
Դիտարկմանը՝ ստացվում է, որ 12-ամյա կրթությունը պետք չէր, քանի որ ոչինչ չի փոխվել, կրթության փորձագետը պատասխանեց.
«Ըստ էության՝ այո, որովհետև հանրակրթական դպրոցներում բազմաթիվ ուսուցիչներ, կրթության գործի կազմակերպիչներ ասում են, որ հատկապես վերջին տարին՝ 12-րդ դասարանը, ըստ էության, շատերի համար ժամանակի կորուստ է, որովհետև երկրորդ կիսամյակում ընդհանրապես դասեր չեն անում, առաջին կիսամյակում էլ՝ կիսատ-պռատ: Պարզ է, որ այն երեխաները, ովքեր պետք է բուհեր դիմեն՝ սկսում են պարապելը, ու շատերը խնդիր ունեն հաճախումների հետ կապված: Ու կարելի էր այդ մեկ տարին հանել: Եթե վերանայենք դպրոցական ծրագրերը՝ հնարավոր կլինի այդ մեկ տարին չկորցնել»:
Ատոմ Մխիթարյանը կարևորեց կրթության որակը բարելավելուն ուղղված քայլեր կատարելու հանգամանքը: Նրա կարծիքով՝ պետք է փոխվի նաև ընդունելության համակարգը:
«Հիմա մենք ունենք ԽՍՀՄ-ից, ավելի ճիշտ՝ պլանային տնտեսությունից ժառանգած ընդունելության համակարգ: Խորհրդային Միության ժամանակ ամեն ինչ պլանավորվում էր: Այդ թվում՝ այն, թե բուհերում քանի տեղ հատկացնի պետությունը, որպեսզի հետո վերցներ ավարտած ուսանողներին և տեղավորեր աշխատատեղերում, որտեղ նա արդեն պլանավորել էր 5 տարի առաջ: Հիմա պետությունը ձեռքերը լվացել է, որևէ մեկը չի հետաքրքրվում ավարտած ուսանողի ճակատագրով: Սակայն պետությունը, կոպիտ ասած, «քիթը խոթում» է ընդունելության քննությունների մեջ, ուզում է կարգավորել. ինչի՞ համար: Ի՞նչ հիմքով են այս կամ այն մասնագիտությանը հատկացնում անվճար տեղեր. որևէ վերլուծություն գոյություն չունի։ Այնպիսի մարդիկ են այդ տեղերում սովորում, որոնք հետո թողնելու են, դուրս գան երկրից, կամ ոլորտն են փոխում: Ունեն բիզնեսը, դրանով են զբաղվելու, իսկ նրանց, ովքեր պետք է սովորեին, հետո արդյունք տային Հայաստանի տնտեսությանը, հնարավորություն չենք տալիս»,- եզրափակեց կրթության փորձագետը: