Ավետիք Չալաբյան. Նոր քրեական օրենսգրքի պատանդը

Վաղը հուլիսի 1-ն է: Վաղը «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր և «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ազատ պիտի արձակվեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, ուր հայտնվել էր անհեթեթագույն մեղադրանքով, բայց դուրս չի գա… Անհասկանալի հանգամանքներում նոր Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը լրացվեց, ու ըստ ամենայնի, Ավետիք Չալաբյանը կմնա կալանավորված:

Բայց՝ ամենասկզբից:

Երբ այս տարվա մայիսի 12-ի երեկոյան Ավետիք Չալաբյանին տնից առևանգեցին ու բերման ենթարկեցին, թեպետ նա ինքնակամ գնում էր ոստիկանների հետ, ավելի ուշ պարզ դարձավ, որ նրան բերման են ենթարկել, ապա քրեական գործ հարուցել, ձերբակալել ու կալանավորել մի ձայնագրության հիման վրա:

Այդ ձայնագրության մեջ գործող անձը Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանն է, ով նախաքննական մարմնին ցուցմունք է տվել՝ ասելով, թե Ավետիք Չալաբյանը խոստացել է Ագրարայինի 2000 ուսանողներին նյութապես շահագրգռել ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար:

Հետաքրքրական է, որ այդ ձայնագրությունը հայտնվել էր իշխանական կայքում:

Ինչևէ, քրեական գործը հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ:

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը հաշվի չառավ գաղտնի արված ու մոնտաժված ձայնագրության՝ ոչ թույլատրելի ապացույց լինելը և բավարարեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
Հետո արդեն Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն անփոփոխ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումը:

Ամբողջ խնդիրն այն է, որ նոր Քրեական օրենսգրքով 163-րդ հոդվածն ապաքրեականացված էր ու այդպես էլ ընդունվել էր, և հուլիսի 1-ից Ավետիք Չալաբյանը պետք է լիներ ազատության մեջ:

Երբ Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց, մասնագետները նույնպես անդրադարձան նշված հոդվածի սպասվելիք ապաքրեականացմանը:

«Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը տեղի են ունեցել ակնհայտ սադրող ձայնագրության հիման վրա, որի ապացուցողական նշանակությունը և թույլատրելիությունը խիստ կասկածների տեղիք են տալիս:

Ընդ որում, նա երկու ամսով կալանավորվել է Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով նախատեսված արարքի համար, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու:

Հետևաբար, Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»,- Մարդու իրավունքների նախկին պաշտպան, քրեական դատավարության մասնագետ Արման Թաթոյանն էր անդրադարձել խնդրին:

Մոտ 10 օր առաջ Արդարադատության նախարարությունը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել էր, որ նոր Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը լրացվել է,  հավաքին մասնակցելուն հարկադրելու հանցակազմը լրացվել է նաև նյութապես շահագրգռելու հանցակազմով, ինչը նշանակում է, որ Չալաբյանը կշարունակի մնալ անազատության մեջ:

Թե երբ ու ինչ հանգամանքներում է լրացվել 236-րդ հոդվածը, որևէ մեկը, այդ թվում՝ Ավետիք Չալաբյանի փաստաբանական թիմը, չգիտի:

Հոդվածի փոփոխությունը հանրային քննարկման չի դրվել, հայտնի չէ նաև, թե ով է այն նախաձեռնել՝ կառավարությո՞ւնը, թե՞ Ազգային ժողովը, և առհասարակ կասկածելի է անգամ՝ առհասարակ ԱԺ գլխադասային պետաիրավական հանձնաժողովի անդամները և հատկապես ընդդիմադիր թևն արդյո՞ք տեղյակ է եղել փոփոխություններից:

Ակնհայտ է, որ հոդվածի էությունը նենգափոխված է, ընթացակարգային խնդիրները՝ բացահայտ, և 236-րդ հոդվածի լրացումը կոնկրետ քաղաքական նպատակներով է կատարվել ու հարմարեցվել քաղաքական իշխանության կազմին:

Գործընթացն ակնհայտ սահմանադրականության խնդիր ունի ու, թերևս, պիտի վիճարկվի Սահմանադրական դատարանում:

Մի հետաքրքիր հանգամանք ևս հաշվի չի առնվել: Նոր Քրեական օրենսգիրքն անցել է մի քանի միջազգային փորձաքննություն, տրվել են եզրակացություններ, ներառյալ՝ Վենետիկի հանձնաժողովը:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ որևէ միջազգային փորձագետ չտեսավ 163-րդ հոդվածի դիպոզիցիան 236-րդ հոդվածում լրացնելու անհրաժեշտություն, և արդյո՞ք հոդվածի լրացումը նույնպես անցել է միջազգային փորձաքննություն: Ի վերջո, մարդուն վերաբերող հոդված է:
Եվ վերջում… Քանի որ «Քրեական օրենսգրքի գործողությունը ժամանակի մեջ» կանոնը ստիպում է, որ նոր օրենքի բարելավող մասը կիրառվի, իսկ վատթարացնողը՝ ոչ, ուստի ստացվում է, որ բարելավող մասը պետք է կիրառվի այնքանով, որ արարքը մասնակի ապաքրեականացվում է, այսինքն՝ 136-րդ հոդվածի 3-րդ մաս, որպես այդպիսին, այլևս չկա, չկա որակյալ հանցակազմ,  և մնում է միայն անձին նյութապես շահագրգռելու հատվածը:

Իսկ սա նշանակում է, որ դա կիրառելու արդյունքում վերաորակված արարքը պետք է սկսի համապատասխանել դեռ գործող հին օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասին: Դա ենթադրում է մինչև մեկ տարվա ազատազրկում այն դեպքում, որ նոր հոդվածի սանկցիան մինչև 3 տարի պատժաչափ է նախատեսում, ուստի Ավետիք Չալաբյանի դեպքում պետք է կիրառվի հնի՝ մինչև մեկ տարի պատժաչափ ենթադրող բարելավող մասը:

Տեսանյութեր

Լրահոս