Մեծ Բրիտանիան 456 միլիոն դոլար կտրամադրի պարենային ճգնաժամից տուժած երկրներին
Մեծ Բրիտանիան 372 միլիոն ֆունստ ստեռլինգ (456 միլիոն դոլար) կտրամադրի այն երկրներին, որոնք ամենից շատ են տուժել պարենի եւ պարարտանյութերի համաշխարհային գների աճից: Այս մասին հաղորդում է Միացյալ Թագավորության կառավարությունը։
«Մենք ավելացնում ենք օգնությունն այն պետություններին, որոնք գտնվում են կրիտիկական վիճակում հակամարտությունների եւ կլիմայի փոփոխության պատճառով»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Առանձին ուշադրություն է նվիրվում Աֆրիկային աջակցությանը, որտեղ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, 140 միլիոն մարդ տառապում է պարենի պակասից: Որպես աջակցության միջոց թագավորությունը 160 միլիոն դոլար կտրամադրի ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրին, 64 միլիոն՝ Արտակարգ իրավիճակների հակազդման կենտրոնական հիմնադրամին, 45 միլիոն՝ Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամին, ինչպես նաեւ 163 միլիոն դոլար կհատկացնի առաջավոր տեխնոլոգաների մշակմանն ու ներդրմանը՝ պարենային անվտանգության բարձրացման համար:
Պարենի համաշխարհային գները հասել են առավելագույնին վերջին 50 տարվա ընթացքում: 2022 թվականի սկզբին ավելի քան 275 միլիոն մարդ հայտնվել է սաստիկ սովի հետ կապված իրավիճակում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, այս տարի սովահարների թիվը կարող է աճել 47 միլիոնով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: