Պարզաբանումը, թե իբր վարչապետի հետ քննարկումների արդյունքում նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում, պարզապես միֆ է. Ռոբերտ Հայրապետյան

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքն այլևս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար:

«Վարչապետի գլխավորությամբ կայացած միջգերատեսչական քննարկումների արդյունքներով նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում. այդ անընդունելի երևույթի համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչև 3.000.000 դրամի չափով»,- երեկ միջգերատեսչական քննարկումից գուցեև անմիջապես հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Մեկ տարի առաջ՝ 2021-ի հուլիսի 30-ին, Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց հայհոյանքը քրեականացնելու օրինագիծը։ Քրեական օրենսգրքում ավելանում էր  137.1-ը, որ վերնագրված էր՝ «Ծանր վիրավորանք»։

«Ծանր վիրավորանքը և հայհոյանքը քրեականացվել են, որպեսզի ամբողջ հանրությունը պաշտպանված լինի հայհոյանքից, ատելության խոսքից, որի հանցածին նշանակությունը ոչ ոք չի կարող հերքել: Հարուցվել է 802 քրեական գործ, որից 425-ը՝ 137.1 հոդվածի առաջին մասով՝ մասնավոր, կենցաղային դեպքեր, մյուս կեսը հանրային մեղադրանքի գործեր են, որտեղ թիրախները գործող պաշտոնյաներն են, իշխանության ներկայացուցիչները, ընդդիմությունը»,- դեռևս մեկ ամիս առաջ խորհրդարանում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Սահմանադրական դատարանը ապրիլի 29-ին Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել «ծանր վիրավորանքի» հոդվածը։

Այս տարվա հունվարի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունած բանաձևով կոչ էր արել Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել «ծանր վիրավորանքը»։

Մայիսի 2-ին էլ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն էր հայտնել պաշտոնյաներին «ծանր վիրավորանք» հասցնելու համար ՀՀ քաղաքացու  դատապարտման առաջին գործի կապակցությամբ և կոչ էր արել խորհրդարանին չեղարկել օրենքը, որն այնքան կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությամբ հաստատված սկզբունքները, երկրի հանձնառությունները՝ ԵԱՀԿ-ի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում, որի մասն է Հայաստանը:

Եվ ահա Կառավարությունը հրաժարվեց «Ծանր վիրավորանքի» հոդվածից, որը, ինչպես մեկնաբանել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ոչ թե Կառավարության մեծահոգությունն է, ինչպես ներկայացվում է, այլ հարկադրված քայլ:

Թեմայի մասին 168.am-ը զրույցել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ։ Նա նույնպես վստահ է, որ այս որոշումը հնարավոր է դարձել միայն միջազգային կառույցների ճնշման ներքո:

«Ոչ թե հրաժարվում են ծանր վիրավորանքից, այլ 2022թ.-ից ուժի է մեջ է մտնում «նախկինների» կողմից ստեղծված աշխատանքային խմբի,  որտեղ, ի դեպ, մեծ դերակատարում ուներ  նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, մշակած Քրեական նոր օրենսգիրքը, որտեղ ուղղակի չկա ծանր վիրավորանքի հանցակազմ, և այնպես, ինչպես ներկայացնում է այս իշխանությունների Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, թե իբր վարչապետի գլխավորությամբ կայացած միջգերատեսչական քննարկումների արդյունքներով նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում, պարզապես միֆ է: Չմոռանանք, որ երկու օր առաջ Հայաստան են այցելել Վենետիկի հանձնաժողովի նախագահն ու ներկայացուցիչները, և կարծում եմ՝ սա ուղղակի ճնշման արդյունք է, որ չքրեականացվի ծանր վիրավորանքը: Վենետիկի հանձնաժողովը նախկինում արտահայտել էր կարծիք, որ եվրոպական երկրներն ու եվրոպական չափանիշներն առհասարակ դեմ են, որպեսզի վիրավորանքը քրեականացվի, իսկ այն երկրները, որտեղ կքրեականացվեն կամ դեռ քրեականացված են, պարտավոր են հոդվածները կիրառել զգուշությամբ»,- պարզաբանեց Ռոբերտ Հայրապետյանը:

Նրա խոսքով, մինչ օրս հարուցված 800-ից ավելի քրեական գործերի մեծ մասը հարուցվել է նախաքննական մարմնի նախաձեռնությամբ, և որքան էլ զարմանալի է, դրանք հարուցվել են Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելու մեղադրանքով, բայց չգիտես ինչու՝ Նիկոլ Փաշինյանը չկա այդտեղ՝ որպես տուժող:

«Բոլոր այն գործերը, որոնք հարուցված են գործող Քրօրենսգրքի 137.1 հոդվածով, պետք է կարճվեն, եթե մինչև հուլիսի 1-ն օրինական ուժի մեջ կմտնեն դատավճիռներ, ապա դրանք հուլիսի 1-ից հետո պետք է վերաբացվեն, և այդ հոդվածով մեղավոր ճանաչված անձինք պետք է արդարացվեն դատարանի կողմից: Չի կարող լինել որևէ դեպք, որ ՔրՕր. 137.1 հոդվածով հարուցված գործը նախաքննական մարմինների միջնորդությամբ ուղարկվի քաղաքացիական ընթացակարգով քննության, որովհետև Քաղօրենսգիրքը այլ բան է նախատեսում, իսկ Քրօրենսգիրքը՝ լրիվ այլ բան»,- մանրամասնեց իրավաբանը:

Հարցին՝ եթե չլիներ միջազգային կառույցների ճնշումը, իշխանությունը կկարողանար որևէ կերպ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքում «տեղավորել» ծանր վիրավորանքի հոդվածը, Ռոբերտ Հայրապետյանը պատասխանեց.

«Մինչև հուլիսի 1-ը օրենսգրքում տեղավորելու զուտ իրավական ընթացակարգ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով նախատեսված կարգով չկա, այսինքն՝ պիտի սպասեին՝ ուժի մեջ մտներ օրենքը, հետո կատարեին համապատասխան փոփոխություն, բայց էդ դեպքում էլի որևէ կերպ նախորդիվ  հարուցված գործերի վրա ազդեցություն չէր կարող ունենալ, որովհետև նոր Քր. Օրենսգիրքն ընդունվելու է, և էդ հոդվածը չկա, դա նշանակում է, որ բարենպաստ իրավական հետևանք է առաջացնում, իսկ դա օրենքով ունի հետադարձ ուժ, բոլոր գործերը պիտի կարճվեն, իսկ եթե լիներ ծանրացնող հանցակազմով, չէր կարող ունենալ հետադարձ ուժ, և, միևնույնն է, մարդիկ ազատվելու են պատասխանատվությունից:  Այսինքն՝ իշխանությունը փոխելով քրեական քաղաքականությունը և նպատակ ունենալով զսպել իշխանության հասցեին հնչած քննադատությունները, որևէ կերպ չի կարողացել հասնել դրան, որովհետև անգամ 2010թ. գործող Քաղաքացիական օրենսգրքով զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացման արդյունքում, էդ դեպքերով անգամ հստակություն չկա, ուր մնաց՝ Քրեական օրենսգրքով հստակ լիներ ծանր վիրավորանքի սահմանադրականությունը:

Մենք դրա վերաբերյալ ունենք նաև ՍԴ որոշում, որը այնքան երերուն է գրված, որ կարելի էր եզրակացնել, որ ՍԴ քաղաքական որոշակի շրջանակների կամք կատարեց, ցույց տալով, որ քրեականացումը հակասահմանադրական չէր, բայց այնպիսի տեքստով է գրված, որ հասկացվում է, թե հիմա հակասահմանադրական չեն ճանաչում, որովհետև միևնույնն է՝ հուլիսի 1-ից հետո այդ հոդվածն այլևս չի լինելու: ՍԴ-ն էլ չի խորացել հոդվածի սահմանադրականության մեջ, հակառակ դեպքում պարտավոր էր դա ճանաչել հակասահմանադրական»:

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս