«Հայաստանում փողոցային պայքարն ունեցել է իր ազդեցությունն Ադրբեջանի հետ գործընթացների վրա, ինչը տեսանելի է արտաքին աշխարհին». Գառնիկ Դավթյան

Հունիսի 7-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, պատասխանելով Anadolu լրատվական գործակալության հարցերին, ասել էր, որ Բաքուն ամենաբարձր մակարդակով հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին։

Միաժամանակ, նա ասել է, թե Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը, ըստ էության, «մի կողմ է դրել անցյալի վերքերը»՝ հայտարարելով «խաղաղության» և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին։

Անդրադառնալով, իրենց ձևակերպմամբ, «Զանգեզուրի միջանցքի» բացման բանակցություններին, Բայրամովը նշել է, որ այս հարցում դեռ կոնկրետ արդյունքներ չկան։

«Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը»,- հայտարարել էր ադրբեջանցի պաշտոնյան։

Գրեթե նույն ժամանակահատվածում «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում  Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն ասել էր, որ Եվրամիությունը չպետք է մասնակցի Արցախի հակամարտության կարգավորմանը, ընդգծելով, որ հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ դերը՝ կարծում են, որ հակամարտության կարգավորման հարցը չպետք է բանակցությունների առարկա դառնա Եվրամիության համար։

168.am-ը այս երկու հայտարարությունների, ինչպես նաև Փառուխի և Քարագլխի վերաբերյալ ադրբեջանական մեդիատիրույթում առաջ տարվող թեզերի վերաբերյալ զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ։

Փորձագետի խոսքով՝ հաշվի առնելով վերջին զարգացումները, մասնավորապես, Հայաստանի կապիտուլյացված իշխանության կողմից վարվող քաղաքականությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու, նշաձողն իջեցնելու, անկլավների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը և  այդ ֆոնի վրա Հայաստանում ներքաղաքական զարգացումները որոշակի ազդեցություն ունեցել են պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունների վրա ևս.

«Այս պարագայում, բնականաբար, պետք է հաշվի առնել, որ Հայաստանում ներքաղաքական զարգացումները, նկատի ունեմ փողոցային պայքարը, ունեցել է իր ազդեցությունը Ադրբեջանի հետ գործընթացների վրա,  ինչը տեսանելի է արտաքին աշխարհին։ Ադրբեջանի կողմից նման հայտարարությունների հիմքում նախևառաջ պետք է տեսնել ընդդիմության փողոցային շարժումը, որտեղ կոնկրետ ներկայացվում է հայ ժողովրդի այն անհամաձայնությունը, որը կապված է Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելու, հետագայում որևէ ձևով  իշխանության նշած «անկլավները» Ադրբեջանին հանձնելու հետ։

Ինչո՞ւ խոսվեց հենց «միջանցքի» մասին, որովհետև Շառլ Միշելի հայտարարությունում այդ երեք կոմպոնենտները կար, այսինքն՝ կար Ղարաբաղի էթնիկ բնակչություն, որտեղ կարելի էր ենթադրել, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի, «անկլավների» վերաբերյալ ակնարկ և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում։ Այս ամենի չիրականացումն այս պահին պետք է դիտարկել ընդդիմության շարժման հաջողության տրամաբանության ներքո։ Այսինքն՝ այս շարժումը կարողացել է ժամանակավորապես կասեցնել բոլոր այն ապահայկական գործողությունները, որոնք վարվում են Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից»,- նշեց Գառնիկ Դավթյանը։

Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ Եվրամիությունը չպետք է մասնակցի Արցախի հիմնախնդրի կարգավորմանը, մեր զրուցակիցը նկատեց՝ այսօր Արցախի անվտանգությունը ՊԲ զինվորների հետ ապահովում են ռուս խաղաղապահները, Հարավային Կովկասում իր ներկայությունն ու քաղաքական թելադրանքն ունի Ռուսաստանը։ Հետևաբար, այս ամենը համադրելով, պարզ է դառնում, որ Եվամիության կողմից արվող հայտարարություններն առաջին հերթին քաղաքական առումով մարտահրավեր է Ռուսաստանին։

«Հայաստանի կողմից այս ամենը լավ տարբերակ ընկալելն ուղղակիորեն կբերի Արցախի հայաթափմանը։ Եվրամիությունն առաջին հերթին ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել այս տարածաշրջանից, և այդ ամենն առաջին հերթին պետք է անի դիվանագիտական ճիշտ քայլերով՝ նախևառաջ Հայաստանում Եվրամիության դերն ավելի բարձրացնելով։ ԵՄ-ն այս թիրախավորված հայտարարություններով Ռուսաստանի կողմից ձեռք բերված հարաբերական խաղաղությունը կասկածի տակ է դնում։ Բոլոր այն գործողությունները, որոնք միտված կլինեն հակառուսականությանը՝ ուղղակիորեն կործանարար կլինեն  Հայաստանի ու Արցախի համար։ Հաշվի առնելով, որ այս պահին ուժերի բալանսը խախտված է, Հայաստանը չունի հզոր բանակ, դրան զուգահեռ՝ ունի կապիտուլյացված իշխանություն՝ Հայաստանը նոր բախման դեպքում տուժելու է։ Բացի այդ, Հայաստանն այսօր չունի սեփական օրակարգ և տարբեր ուժերի մոտ իրեն դրսևորում է այնպես, որ կողմերին դուր գա»,- հավելեց Գ. Դավթյանը։

Ինչ վերաբերում է Փառուխին և Քարագլխին, Գառնիկ Դավթյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմը երեկ ՌԴ արտգործնախարարի թույլ տված սխալը, թե  «վրիպակն» օգտագործում է և փորձում ցույց տալ, որ Քարագլխում իրավիճակի հսկողությունն իրենց ձեռքում է, ինչն իրականություն է։

«Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել, թե ինչո՞ւ է  Լավրովը նման հայտարարություն արել, ինչն արտահայտվեց հակառուսականությամբ, թե Ռուսաստանը Ադրբեջանի համար բարեկամ պետություն չէ, և առհասարակ ռուսները չպետք է գնան Ադրբեջան, և այլն։ Ադրբեջանը փորձեց մանիպուլյացնել և Քարագլուխը ներկայացնել, որ ռուսական կողմը անաչառ չէ։ Ադրբեջանական մեդիատիրույթում և սոցցանցերում նման տրամադրություններ են տիրում քարոզչական առումով։ Նրանք իրենց հասարակությանը տրամադրում են, որ կա խնդիր, որի առաջին մեղավորը Ռուսաստանն է։ Լավրովի պարզաբանումից հետո էլ այդ քարոզչությունը չնվազեց»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։

Տեսանյութեր

Լրահոս