«5-10 տարի առաջ նույն Թուրքիան իրեն այդպես չէր պահի, այդ երկիրը վերջին տարիների ընթացքում միանգամայն այլ քաղաքական վարքագիծ է հանդես բերում». Ռուբեն Միրզախանյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համար ստեղծված հանձնաժողովի նախագահների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, իսկ մայիսի 24-ին Հայաստանի  և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը տեղի էր ունեցել Երասխ բնակավայրի ուղղությամբ սահմանին:

Սահմանազատման և սահմանագծման համար ստեղծված հանձնաժողովների միջև վերջին շրջանում ակտիվացած հանդիպումների ֆոնին, բազմաթիվ փորձագետներ բարձրաձայնում են, որ  հայկական կողմը նախ պետք է պահանջ ներկայացնի, որպեսզի Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները լքեն ՀՀ սուվերեն տարածքը, և դրանից հետո միայն պետք է սկսեն քննարկել սահմանազատման հարցերը։

Արդյո՞ք սահմանազատման և սահմանագծման արդյունքում թշնամին կլքի ՀՀ սուվերեն տարածքը: Արդյո՞ք ադրբեջանցիների զավթած ՀՀ տարածքներին ՀՀ իշխանությունների կողմից ադրբեջանական անվանումներ տալը չի լեգիտիմացնում թշնամու գործողությունները: Եվ, ի վերջո, այս ամբողջի ֆոնին ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախին։

168.am-ն այս հարցերի շուրջ խոսել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի հետ։

Ռուբեն Միրզախանյանի խոսքով՝ հայկական կողմը 2020 թվականի արցախյան պատերազմում կրել է դաժան պարտություն։

«Հայությունը, նկատի ունեմ՝ ոչ միայն ՀՀ բնակչությունը, այլ ողջ հայությանը,  բարոյահոգեբանական ավելի ծանր վիճակում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո չէր հայտնվել, որում գտնվում է այսօր։

Ի դեպ, անկախ այն հանգամանքից, թե օրվա իշխանությունների նկատմամբ ունեմ ընդդիմադիր կեցվածք, թե ոչ, համոզված եմ, որ բոլորը կամ գրեթե բոլորը գտնվում են առավել ծանր բարոյահոգեբանական վիճակում։

Հանդես բերելով իրատեսական մոտեցում, կարծում եմ՝ այստեղ հարցը կլուծվի պայմանավորված՝ Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածությունների արդյունքում։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում է, պաշտոնական անոնսում նշվում է, որ նախևառաջ պետք է խոսեն ուկրաինական հացահատիկի տեղափոխությունից, Սիրիայում ստեղծված իրավիճակից, և ըստ որոշ լրատվամիջոցների՝ Կովկասում ստեղծված իրավիճակից։ Արդյո՞ք նրանք կանդրադառնան Անդրկովկասում ստեղծված իրավիճակին՝ դժվար է ասել։ Եթե նույնիսկ այս մասին խոսակցություն լինի, ցավոք, դա որպես հիմնական հարց չի դիտարկվի, այլ՝ որպես 4-րդ, 5-րդ-ական հարցեր։ Այստեղից կարելի է գալ որոշակի եզրակացությունների»,- նշեց Ռուբեն Միրզախանյանը։

Ըստ նրա, կարելի է հարյուր հազար անգամ ասել, որ ադրբեջանցիները հայկական հողերում են, նրանք պետք է դուրս շպրտվեն և այլն, ամբողջ պատմության ընթացում այս մասին լսել են, և նրանք, ովքեր ավելի շատ են գոռում ծովից ծով Հայաստան, նրանք ի վերջո 1920 թվականին Հայաստանը հասցրեցին մինիմալ՝ 10 հազար քկմ տարածքի:

«Նման տեսակի զարգացումները պայմանավորված են պահի ազդեցությամբ։ Սրանից 5-10 տարի առաջ նույն Թուրքիան իրեն այդպես չէր պահի, այդ երկիրը վերջին տարիների ընթացքում միանգամայն այլ քաղաքական վարքագիծ է հանդես բերում, որը պայմանավորված է բազում հանգամանքներով։ Տարածաշրջանում կան հիմնական խաղացողներ՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Նույնիսկ Ադրբեջանը, որն իր բոլոր ռեսուրսներով մեզանից ավելին է՝ այս ամենում վճռական ձայն չունի, շատ դեպքերում Ադրբեջանը գործիք է։ Արցախը և Հայաստանը անհրաժեշտ են Ռուսաստանին,  Իրանին,  Թուրքիային և թե՛ ԱՄՆ-ին ու Եվրամիությանը, ու, ինչո՞ւ ոչ, նաև Չինաստանին։ Հիմա շատ են խոսում Սյունիքում «միջանցքի» մասին, հարցը նրա մեջ է, թե այդ միջանցքը ով կվերահսկի։ Ես տարբեր տեսակի գործողություններից ու հայտարարություններից, կարող եմ հստակ ասել, որ Ռուսաստանն այս հարցում որոշակի դիրքորոշում ունի, նա իր խնդիրներն է հետապնդում։ Մենք որևէ մեկից չենք կարող պահանջել, նկատի ունեմ՝ տարածաշրջանի գլխավոր խաղացողներից, որ հետապնդեն մեր ժողովրդի շահերը, նրանցից յուրաքանչյուրը հետապնդում է իր պետության շահերը։ Այստեղ ամբողջ հարցն այն է, թե ինչքանով են մեր շահերը, հետաքրքրությունները համընկնում այս կամ այն գերտերության շահերի հետ, իսկ դա քաղաքականություն ու դիվանագիտություն է»,- հավելեց Ռ. Միզախանյանը։

Ինչ վերաբերում է այս համատեքստում Արցախին սպասվող ճակատագրին, ապա պատմաբանի կարծիքով՝ դա կախված է այդ հարցում տարածաշրջանի հիմնական խաղացողների պայմանավորվածություններից։

«Այդ պայմանավորվածությունները հիմնականում կապված են այն խնդիրների հետ, որոնք այդ պետություններն ունեն՝ կա Ուկրաինայի, Սիրիայի հարցեր։ Սիրիայում տեղակայված է ռուսական լուրջ ռազմական կոնտինգենտ։ Մի կողմից՝ հարցն ավելի բարդ է, բայց մյուս կողմից՝ շատ ավելի պարզ…»,- եզրափակեց Ռուբեն Միրզախանյանը։

Տեսանյութեր

Լրահոս