Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի փոփոխությունն ունի սոցիալական զրո բաղադրիչ, և դրանից շահելու են միայն բանկերը. Սամսոն Գրիգորյան
Հուլիսի 1-ից այլևս բնակարանների ու ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ դրամով հնարավոր չի լինելու իրականացնել, բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ: Այս մասին կառավարության հունիսի 2-ի նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով, կանխիկի շրջանառության կրճատումը բարեփոխումների կարևորագույն ուղղություններից է:
«Դրույթ է լինելու, որ եթե հանկարծ որևէ պարագայում կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք, և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է այդ գործարքը հետագայում առոչինչ ճանաչելու հիմք դառնալ: Որևէ մեկը չմտածի, թե մենք ուզում ենք մարդկանց կյանքը բարդացնել, հակառակը՝ մենք ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել: Այստեղ կան նաև հարկաբյուջետային և հակակոռուպցիոն էֆեկտներ»,- նշել էր Փաշինյանը:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դա որևէ օրենքով չի կարգավորվում և դա Նիկոլ Փաշինյանի «հերթական բարբաջանքն» է:
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց է, քանի որ գումարը, որը մարդը ստանում է՝ որպես աշխատավարձ, նվեր կամ ժառանգություն, նույնպես գույք է և համարվում է մարդու սեփականությունը: Պետությունը չի կարող մարդու անձնական գույքը, այս դեպքում՝ ֆինանսները, տնօրինելու պայմաններ սահմանել: Երբ մարդուն պետությունը ստիպում է գումարը ծախսել անկանխիկ եղանակով, ապա ուղղակի միջամտում է սեփականության իրավունքի իրացմանը»,- նշեց իրավաբանը:
168.am-ի հետ զրույցում «ԿԱՍԵՑՈՒՄ» Քաղաքացիական շարժման հիմնադիր, գործարար Սամսոն Գրիգորյանն էլ նշեց, որ կան խնդիրներ, որոնք փաստի առաջ են կանգնեցնելու տնտեսվարողներին ու հասարակությանը:
Ամենամեծ խնդիրն, ըստ Սամսոն Գրիգորյանի, այն է, որ շատ բարձր են բանկերի միջնորդավճարները. 1.5 %՝ Արքա քարտերի, 2-2.5 %՝ Վիզա, Մաստեր քարտերի, և 2.5 %-ից ավելի՝ արտաքին աշխարհի մնացած քարտերի համար բիզնեսի ամբողջ շրջանառությունից:
Նիկոլ Փաշինյանը թեև հայտարարեց, որ սա կնպաստի բանկերում ազատ ֆինանսների առկայությանն ու վարկերի տոկոսների իջեցմանը, սակայն գործարարը սա համարում է խոստում՝ հույս ու հավատի դաշտից: Ավելի օգտակար կլիներ, եթե բանկերը պարզապես նվազեցնեին միջնորդավճարները:
Հաջորդ խնդիրը ՀԴՄ սարքերն են, որոնց վրա ակտիվացված չէ POS տերմինալի ֆունկցիան։ ՀԴՄ յուրաքանչյուր սարքի վրա այդ ֆունկցիան ակտիվացնելու համար բանկերը պետք է լիցենզիա գնեն, որն արժե 50 հազար դրամ:
Ըստ ՊԵԿ նախագահի՝ մոտ 50․000 ՀԴՄ սարքեր, դեռ պոս տերմինալի ֆունկցիան չեն ակտիվացրել։ Սամսոն Գրիգորյանը պարզել է, որ 50․000 դրամով բանկերին լիցենզիա է վաճառելու «Ֆյուչր Փեյմենթս Սիսթեմս» ընկերությունը: ՀՀ բիզնեսը ՀՀ կառավարության շնորհիվ «Ֆյուչր Փեյմենթս Սիսթեմս» ընկերությանը ստիպված կլինի վճարել 2 մլրդ 500 մլն դրամ:
Ինչ վերաբերում է անշարժ ու շարժական գույքի անկանխիկ գործարքներին, ապա այստեղ նույնպես մանևրելու հնարավորություն կա: Որպեսզի այն չիրականացվի անկանխիկ եղանակով, կամ գործարքի արժեքը թաքուն պահելու համար մարդիկ կարող են առուվաճառքը ձևակերպել որպես նվիրատվություն ,կամ անկանխիկ ձևակերպել գույքի արժեքից ցածր գումարով՝ կրկին բանկային գործարքների բարձր միջնորդավճարներից խուսափելու նպատակով:
Սրա նպատակն իրականում, ըստ Սամսոն Գրիգորյանի, 2024 թվականից ուժի մեջ մտնող «Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի իրացման ապահովումն է, որպեսզի վերահսկելի դառնան մարդկանց եկամուտներն ու ֆինանսական շարժը: Ու եթե քաղաքացին չկարողանա բացատրել իր բանկային հաշվի մուտքերի ու ելքերի անհամապատասխանությունը, ապա գործողութան մեջ կմտնի մեկ այլ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը:
Հարցին, թե որքանո՞վ է անկանխիկ վճարային համակարգը միտված ՀՀ քաղաքացու կյանքը բարելավելուն կամ պարզեցնելուն, ինչպես հայտարարում է Փաշինյանը, «ԿԱՍԵՑՈՒՄ» Քաղաքացիական շարժման հիմնադիրը պատասխանեց, որ անկանխիկ գործառնությունների մասին օրենքի փոփոխությունն ունի սոցիալական զրո բաղադրիչ, և դրանից շահելու են միայն բանկերն ու բանկերի վճարած հարկերի շնորհիվ էլ՝ պետությունը:
«Բանկերի ու դրանց տերերի համար այս օրենքը լավ հարստանալու միջոց է, քանի որ տնտեսվարողների գումարները բանկերում են գտնվելու անժամկետ: Բանկը կստանա անվճար միջոցներ դրանք շրջանառության մեջ դնելու, վարկեր տրամադրելու և տոկոսներ ստանալու համար»,- նշեց Սամսոն Գրիգորյանը:
«Պետության տեսանկյունից այս օրենքի նպատակը ստվերի վերացումն է, բայց քանի դեռ պետությունը չի կարողացել զսպել բանկերի ախորժակը, օրենքը կծառայի միայն բանկերին հաճախորդ ապահովելու և բանկերի տերերին հարստացնելու համար»,- վստահեցրեց մեր զրուցակիցը:
ԱՆՆԱ ԴԵՄԻՐՃՅԱՆ