«Կառավարությունը միշտ էլ շոուներով է զբաղված․ ինձ թվում է՝ փող են աշխատում պարարտանյութերի մեջ»․ գյուղացիներն ահազանգում են՝ սելիտրայի համար 9000-ի փոխարեն՝ 12․000 դրամ են վճարում

Բազմաթիվ հողօգտագործողներ, գյուղացիներ ահազանգում են, որ իշխանությունների խոստացած պարարտանյութի սուբսիդավորումը «փուչիկ» էր, և, որ 9000 դրամի փոխարեն՝ իրենցից 12.000 դրամ և ավելի են պահանջել։

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Սամվել Լալազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքում ևս նույն խնդիրն է առաջացել․

«Այս իշխանությունները խաբեբաներ են, ոնց որ բոլոր հարցերում, այնպես էլ պարարտանյութի հարցում խաբեցին խեղճ գյուղացուն։ Սկզբից ասացին՝ 9000 դրամ, հետո սարքեցին 12.000։ Հարցրեցինք՝ պատճառն ի՞նչն է, որ թանկացել է, պատասխանեցին՝ ճանապարհածախս է, սա՛ է, նա՛ է։ Մեկ պարկի հաշվով՝ 3000 դրամ, էդ ի՞նչ ծախս են արել, Թիֆլիսից էդ մի հատ պարկը բերել-հասցրել են Երևան, դարձել է 3000 դրա՞մ։

Ստացվեց, որ կառավարությունն իրենց գովազդն արեց, ասեց՝ 9000 դրամ է լինելու, բայց դարձել է 12․000 դրամ, ոչ մեկը խնդրին չանդրադարձավ, չասաց, որ գյուղացու համար պարարտանյութը թանկացել է։ Կառավարությունը, ՔՊ-ն միշտ էլ շոուներով է զբաղված, մանիպուլյացիաներով, խաբելով, նորություն չի դա։ Ամպագոռգոռ հայտարարություններ արեցին, գեղեցիկ բառեր ասացին, բայց այդ բառերի հետևում դատարկություն է, աշխատանք, արդյունք չկա, սա է ամբողջը»։

Հարցին, թե ո՞ր երկրի պարարտանյութն էին պատվիրել, քանի որ պարզաբանումներ են լինում, թե այդ թանկացումը պայմանավորված է Լարսի ճանապարհի երկար ժամանակ փակ լինելու հանգամանքով, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Մենք վրացական ենք պատվիրել, այդ խնդիրը չէր կարող ազդել Վրաստանից բերվող պարարտանյութի վրա։ Ինձ թվում է՝ ուղղակի փող են աշխատում պարարտանյութի մեջ, դա է ամբողջ գաղտնիքը․․․»։

Նույն խնդրի մասին մեզ հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի մեկ այլ բնակիչ, որը չցանկացավ ներկայանալ։

Երիտասարդ հողօգտագործողն ասաց, որ իրենցից դեռ մարտ ամսին են 1 պարկ (50 կիլոգրամ) սելիտրայի համար 9000-ական դրամներ հավաքել, սակայն վերջերս, երբ պարարտանյութը տեղ է հասել, խնդրի առաջ են կանգնել․

«Մենք 10 պարկ սելիտրա էինք պատվիրել, 90.000 դրամ էլ գումար էինք վճարել, ասել էին՝ 18.000 դրամ է, 50 տոկոսը պետությունն է սուբսիդավորում։ Պարարտանյութը հասավ գյուղ, կանչեցին, որ ստանանք, ասացին՝ 10 մեշոկ չի ձերը, թանկացել է, մի մեշոկը 12.000 դրամ է դարձել, այդպես 7.5 մեշոկ սելիտրա տվեցին՝ 2.5-ով պակաս։ Բայց մենք կոնկրետ հաշվարկ էինք արել, որ այսքան քանակի պարարտանյութ պետք է տրվի, հիմա քչություն է անելու…»։

Հիշեցնենք, Կառավարությունը մարտի 3-ի նիստում հաստատել էր Հայաստանի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ անդրադառնալով այս տարեսկզբից պարարտանյութերի կտրուկ թանկացումներին՝ 2,5-3 անգամ, հայտարարել էր, որ դա փոքր ֆերմերներին դրել է շատ փխրուն և խոցելի վիճակի մեջ, ուստի որոշեցին հանդես գալ աջակցության ծրագրով․

«Մինչև 3 հա տարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին սուբսիդավորել պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 9000 դրամը»։

Տեսանյութեր

Լրահոս