Քաղաքացիական պայմանագիրը հետաքրքիր է, բայց մինչև վերջ չեմ կարդացել

168.am-ի հարցին` ինչպե՞ս է գնահատում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած Քաղաքացիական պայմանագիրը, թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանը պատասխանեց. «Ինքնին հետաքրքիր փաստաթուղթ է, շատ բանի հետ կարելի է համաձայնել, շատ բանի հետ՝ ո՛չ, հեղինակն էլ առաջարկում է քննարկել անձամբ իր հետ, մինչ վերջնական կարգի բերելը: Սակայն այժմ անգամ մինչև վերջ կարդալու ցանկություն չառաջացավ, ոչ էլ՝ հեղինակի հետ քննարկելու»:

Ա. Նեդոլյանը նաև պարզաբանեց, թե ի՞նչն է պատճառը, որ մինչև վերջ չի կարդացել փաստաթուղթը: «Նման փաստաթղթերը, որոնք հավակնում են խոսել հասարակության կողմից, ինքնին չեն կարող լինել հեղինակային: Դա է առկա ծրագրերի՝ Հայրիկյանի, Բագրատյանի, Փաշինյանի և Ղուկասյանի կողմից հեղինակած՝ հիմնական թերությունը: Նման ծրագիրը կարող է անգամ հրաշալի լինել, ինչպես Բագրատյանինը, օրինակ, սակայն այստեղ կարևոր է ոչ թե դա, այլ՝ թե ի՞նչ ընթացակարգով է այն առաջացել: Եթե առաջացել է բաց հանրային կոլեգիալ քննարկման հետևանքով, որին հաջորդել է մասնակիցների համաձայնությունը, և արդյունքում ստեղծված ծրագրի համար պատասխանատվության ստանձնումը՝ այդ դեպքում դա, իսկապես, հանրային ծրագիր է:

Ես ստորագրում եմ մի ծրագիր, որը ոչ թե իմն է և ոչ թե՝ Փաշինյանինը, Բագրատյանինը, Ղուկասյանինը կամ Հայրիկյանինը, այլ՝ որը ստեղծվել է իմ և մնացած բոլոր, այս պահին շահագրգռված ու հետաքրքրված կողմերի համատեղ մտածողության և փոխհամաձայնության հետևանքով: Այնտեղ կարող է հարյուր դրույթ լինի, կարող է ընդամենը տասը լինի, կարևորն է այստեղ՝ ծրագրի առաջացման մեթոդը, ընթացակարգը:

Օրինակարգ ճանապահով են առաջացել, մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած առողջապահության, գիտության ու կրթության, մշակութային քաղաքականության, բնապահպանական քաղաքականության հայեցակարգերը՝ դռնբաց ռեժիմով աշխատում էին համապատասխան հանձնաժողովներ, մշակույթի հանձնաժողովի աշխատանքին նաև ես եմ մասնակցել, գնում էր տասնյակ, հարյուրավոր դրույթների, մոտեցումների քննարկում, ժխտում, ձևափոխում, հարևան հանձնաժողովների մտքի հաշվի առնում, հակադիր պատկերացումների երբեմն կատաղի բախում, համաձայնեցման, կոնսենսուսի ապահովման բոլոր մեխանիզմների կիրառում, ինչպես նաև՝ տեղում մշակում, արդյունքում միայն՝ առաջանում էին հայեցակարգեր, որոնք հետո նաև անցնում էին Կոնգրեսի մյուս ատյանների (Քաղաքական խորհրդի) քննարկում, և նոր ընդունվում էին` իբրև Կոնգրեսի հայեցակարգ»,- ասաց Ա. Նեդոլյանը, ում խոսքով` հետագա քայլը պետք է լիներ հանրային ակտիվություն ցուցաբերող հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների հետ համատեղ քննարկումը:

Կարդացեք նաև

«Մեզանից յուրաքանչյուրը, նկատի ունեմ Մշակույթի հանձնաժողովը, կարող էր տանը նստել, կենտրոնանալ և գրել ոչ վատ մի ծրագիր, սակայն մենք չգնացինք այդ ճանապարհով, այլ՝ մեծ ջանքերի գնով փորձեցինք ստեղծել իրոք որ լեգիտիմ փաստաթուղթ»,- նշեց թատերագետը:

Իսկ հարցին, թե արդյոք մտավախություն ունի՞, որ այդ փաստաթուղթը կարող է նպաստել ՀԱԿ-ի քայքայմանը, նա պատասխանեց. «Իմ կարծիքով, դա զուտ անձնական կարծիքս է, ՀԱԿ-ի առանձին անդամների առավել արտահայտիչ դառնալը, թե՛ նորանոր ծրագրերի, և թե՛ անկախ քաղաքական քայլերի միջոցով, ինչպես նաև հասարակության, այլ քաղաքական կուսակցությունների մարդկանց առավել վառ ներկայանալու փորձելը, ապագայի համար լավ նախադրյալ են ստեղծում այդ առանձին ծրագրերի, նախաձեռնությունների ու սուբյեկտների վերամիավորման համար, համընդհանուր մի ընթացակարգ մշակելու, որի արդյունքում կստեղծվի իրոք որ լեգիտիմ համահասարակական քաղաքական և քաղաքացիական օրակարգ, ծրագիր, կառույց»:

Նշենք, որ Ա. Նեդոլյանը ՀԱԿ-ի անդամ այն անհատներից է, ով մշտապես հանդես է եկել քաղաքացիական հասարակությանն ուղղված նախաձեռնությունների պաշտպանությամբ: Այս առումով, մեղմ ասած, տարակուսելի է նրա վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստաթղթին, այն առաջին հերթին քաղաքացիական նախաձեռնություն է:

Տեսանյութեր

Լրահոս