Արցախի Ջրաբերդն ու նրա բացառիկ ռազմավարական կառույցը
Արցախի պատմական կարևորագույն արժեքներից ու զարդերից մեկը Ջրաբերդն է։ Պատմական տեղեկությունները հայտնում են, որ բերդը կառուցվել է Արշակունիների դինաստիայի օրոք։ 7-րդ դարի հայ պատմիչ Մովսես Կաղանկատվացին իր պատմական աշխատությունում արդեն իսկ հիշատակում է բերդի մասին։ Դա արդեն իսկ փաստում է բերդի կարևորության մասին։ Արդեն իսկ 18-րդ դարում բերդը հայտնի էր՝ որպես Արցախի ամենահզոր պաշտպանական կառույցներից մեկը։ Այն հայտնի է եղել նաև՝ որպես կարևորագույն մելիքական կենտրոն։ Ջրաբերդի պատմական տեղեկությունների մասին կարելի է երկար խոսել, քանի որ կան արժեքավոր տեղեկություններ։ Սակայն պատմական տեղեկությունների կողքին կարիք կա հիշատակելու նաև հայ անվանի գրող, վիպասան Րաֆֆու ակնարկը Ջրաբերդի մասին։
1881 թվականին Րաֆֆին ճանապարհորդում է դեպի Արցախ և այդ ճանապարհորդության ժամանակ նա ուղեկցորդի հետ այցելում է նաև Ջրաբերդ և իր հիշողությունների մասին գրում «Ջրաբերդ» հուշագրական հոդվածում.
«Ջրաբե՜րդ, այդ անունը լսելիս իմ սիրտը բաբախում էր և ուրախությունից, և տրտմությունից։ Ես պիտի տեսնեի այն բերդը, որ շատ անգամ պահել, պահպանել էր մեր հայրերին պարսիկների, թաթարների, արաբների և կովկասյան լեռնաբնակների հարձակումներից։ Մենք պիտի իջնեինք Թարթարի ձորը։ Բերդը տեսնելու համար պետք էր անցնել գետը։
Ես անցա կամուրջը։ Այժմ գտնվում էի գետաձորի հատակի վրա։ Չորեք կողմից բարձրանում են անտառապատ լեռներ։ Նայում ես դեպի վեր, երկնքի մի նեղ շերտն ես տեսնում։ Նայում ես դեպի ցած, և մտածում ես, որ ահա գտնվում ես անդունդի շրթունքների մոտ, որը իր ահագին բերանը բաց արած պատրաստվում է կլանել քեզ։
-Դա Ջրաբերդն է,- ասում է առաջնորդը, ցույց տալով վիթխարի քարաժայռը։ -Նրա լայնանիստ գագաթի վրա գտնվում են բերդի ավերակները»։ (Հատվածը վերցված է Րաֆֆու երկերի ժողովածուի 10-րդ հատորից։ Երևան, 1991 թվական, էջ 63):
Հետաքրքրական է, որ Րաֆֆին մանրամասն ներկայացնում է տարածքի բնությունը, տեղանքը, կատարում է աշխարհագրական վերլուծություններ, ինչպես նաև իր գրչով փոխանցում այն բնությունը, որը հաղթահարելով՝ իրենք շարժվում էին դեպի նպատակակետ։
«Բերդի գլխավոր դռան հսկա կամարներն են միայն մնացել։ Այդ դռներից ներս մտնելով, մի օձապտույտ ճանապարհ, ապառաժների կուրծքը քերելով, դեպի վեր է բարձրանում։ Ճանապարհի հին սանդուղքները այժմ ծածկված են փլատակների բեկորների տակ։ Այդ բեկորների միջից բուսել են, աճել են ծառեր, թուփեր, որոնց ճյուղերից բռնելով` պետք է կամաց–կամաց վեր բարձրանալ։ Ձեռքից պոկվեցավ ճյուղը, և դու մի քանի րոպեից հետո կգտնվես Թարթարի որոտացող կոհակների մեջ, որ ներքևում հոսում է։
Իմ առաջնորդը խորհուրդ չէր տալիս գնալ մինչև բերդի գագաթը, զգուշացնելով, թե այնտեղ կարող էինք գազանների հանդիպել։ Բայց ինչ էլ որ լիներ, ես վճռել էի տեսնել բոլոր ավերակները»։ (Նույն տեղում` էջ 64):
Ակնարկի հետագա հատվածում Րաֆֆին ներկայացնում է բերդի հետ կապված կարևորագույն տեղեկություններ, որը փաստում է հայ մարդու ռազմական և շինարարական մտքի մասին։ Հեղինակն ինքը զարմանքով է արձանագրում այդ ամենը և փաստում, որ դեռևս հնագույն ժամանակներում հայ մարդու ստեղծագործական միտքը եղել է յուրահատուկ։
«Վերջապես մենք գտնվում էինք սեպաձև ապառաժի գագաթի վրա։ Բերդի շինվածքներից ամբողջ ոչինչ չէր մնացել. երևում են կիսակործան աշտարակներ, երևում են կիսավեր պարիսպներ, երևում են զանազան սրահներ, սենյակներ, որոնց բոլորի ծածքերը ցած են թափվել։ Այն հզորները, որ մի ժամանակ այդ ամրություններից սարսափ էին տարածում թշնամու վրա, այժմ չկան։ Նրանց փոխարեն երկչոտ բուն թագավորում է ավերակների վրա և կռնչում է իր չարագուշակ ձայնով։
– Տեսնո՞ւմ եք այդ անցքը,- ցույց տվեց իմ առաջնորդը,- պաշարման ժամանակ այստեղից ջուր էին բարձրացնում բերդի մեջ։
Այդ գաղտնի անցքը ցույց է տալիս, թե ո՛ր աստիճան զարգացած էր հայ մարդու արհեստը, և ո՛ր աստիճան հմուտ էր նա ռազմագիտական հնարների մեջ։ Բերդի բարձրությունից ծածկել էին ապառաժը և բաց էին արել մի անցք, որ տանում էր մինչև բերդի ստորոտը, մինչև Թարթար գետի ափը։ Այդ անցքը թունելի նմանություն ուներ և բազմաթիվ քարե սանդուղքներով իջնում էր ցած։ Սանդուղքները փորված էին բնական ապառաժի վրա։ Իմ առաջնորդը բացատրում էր, թե որպես այդ անցքի միջով ջուր էին գողանում գետից, և այդ պատճառով էլ անցքը կոչվում է ջրագող։ Քարե սանդուղքների յուրաքանչյուրի վրա կանգնած էր լինում մի-մի մարդ, վերջինը գտնվում էր գետի ափի մոտ։ Նա ընդունում էր իր մոտ կանգնողից դատարկ ամանը և փոխարենը տալիս էր նրան ջրով լցվածը, և այդպես ամանները ձեռքից ձեռք անցնելով վերևից ստացվում էր դատարկը, իսկ ներքևից տրվում էր լիքը, և մի քանի րոպեի մեջ լցվում է ջրի ահագին ավազանը, որ գտնվում էր բերդի մեջ, անցքի մուտքի մոտ»։ (Նույն տեղում` էջ 65):
Րաֆֆու ակնարկը կարդալով՝ հերթական անգամ հիանում ես, որ դեռևս հնագույն ժամանակներում մենք կարողացել ենք բերդերում ստեղծել այնպիսի պայմաններ, որ անգամ ռազմավարական դժվարագույն իրավիճակում բերդի ինքնապաշտպանությունն իրականացվի այնպիսի հնարամիտ ձևով, որ թշնամին չկարողանա գրավել անառիկ բերդը։ Հենց դա էր համարվում նաև Ջրաբերդի կարևորագույն հաղթաթուղթը։
44-օրյա պատերազմից հետո Ջրաբերդ գյուղը և բերդն անցել են ադրբեջանցիների հսկողության տակ։
Զ. Շուշեցի