Գառան հնազանդությամբ երկիրն ադրբեջանահպատակության տանելու հերթական պատվերը

Այս տարվա մայիսի 8-ին՝ մայիսի 9-ի Եռատոնին ընդառաջ, որից այս իշխանությունների թեթև ձեռքով մնաց նշելու միայն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահին պատկանող epress.am կայքում հրապարակվեց «Խաղաղություն՝ առանց բայցերի» վերտառությամբ հայտարարության տեքստ, որը ստորագրել էին շուրջ ութ տասնյակ անձինք՝ քաղաքացիներ, արվեստաբան-արվեստագետներ, դերասան, հոգեբան, հոգեթերապևտ, ճարտարապետ, լրագրող դիզայներ, իրավաբան, ուսուցիչ, բանասեր, գիտաշխատող, իրավապաշտպան, հետազոտող ներկայացող անձինք:

Հայտարարությունը, ի դեպ, լայն տարածում գտավ, երբ այն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սորոսական թևի կարկառուն ներկայացուցիչ, թուրքերի ու ադրբեջանցիների հետ «բարեկամության» անխոնջ ջատագով Մարիա Կարապետյանը:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ այն ստորագրողներն օրվա խորհուրդը մեկնում են՝ որպես խաղաղության հստակ պահանջ, որովհետև խաղաղությունը հաղթանակ է, իսկ խաղաղությամբ չպսակված «հաղթանակը»՝ պարտություն։

«Հակադարձում ենք հողային պահանջատիրությանը խաղաղության պահանջատիրությամբ, պնդում ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի՝ ոչ թե իբրև պարտվածի վզի փաթաթան, այլ իբրև խաղաղ երկնքի ներքո ապրելու Հայաստանի ժողովրդի ազատորեն արտահայտված կամք՝ վավերացված 2021-ի արտահերթ ընտրությամբ»,- նշում են նրանք:

Հաջորդիվ ցավով փաստում են, որ 2018-ի ոչ բռնի, անարյուն, ժողովրդական հեղափոխության առաջնորդները, գալով իշխանության, համալրեցին պատերազմի «ավանդական» կուսակցությունների տխրահռչակ շարանը՝ հայտնվելով անցյալի լարած թակարդում, բայց և չեն կարող անտեսել ներկայիս բարդագույն աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, խոցելի ինքնիշխանությամբ և լրջագույն անվտանգային մարտահրավերների առջև կանգնած Հայաստանը մեկուսացման և ազգամիջյան թշնամանքի փակուղուց հանելու, ապաշրջափակելու, հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու՝ գործող իշխանության գործադրած ջանքերը։

«Համարում ենք, որ պատերազմի կուսակցությունները Հայաստանում չունեն անելիք այլևս, քանի որ Ղարաբաղի հարցի շահարկմամբ իշխանափոխության արատավոր շրջանն ավարտվել է։ Ուստի, նրանց ոչինչ չի մնում, քան մի վերջին՝ քաղաքացիական պատերազմի հրահրմամբ փորձել վերստին զավթել ժողովրդի իշխանությունը։ Պարզից էլ պարզ է, որ ինքնահռչակ «ազգափրկիչներից» ոչ մեկը չի պատրաստվում ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ առավել ևս Թուրքիայի դեմ պատերազմել։ Հետևապես, նորօրյա «հայ վրիժառության» միակ հասանելի թիրախը «ներքին թուրքն» է, ասել է թե՝ մեզ պես սովորական ՀՀ քաղաքացին, որ ընտրել է ոչ թե հանուն հայրենիքի մեռնելու, այլ իր երկրում ազատ, արժանապատիվ և երջանիկ ապրելու ուղին։ Մենք կոտրում ենք մեզ պես մտածող, բայց «թուրք» ու «ազգի դավաճան» պիտակվելուց խորշող հազարավոր քաղաքացիների լռությունը՝ պահանջելով ՀՀ լեգիտիմ իշխանություններից տեր կանգնել իրենց խոստմանը և խաղաղության պայմանագրով հանգուցալուծել Ղարաբաղյան հակամարտությունը»,- գրված էր հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ հայտարարությունը գրվել ու հրապարակվել է Մայիսի 9-ին ընդառաջ, երբ այդ օրը նշվում է նաև Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձները:

Հայտարարության մեջ որևէ բառ Արցախի, Արցախի ինքնորոշման, մեր հաղթանակների մասին վերը բերված տեքստում չկա, դատապարտող որևէ խոսք և ոչինչ չի ասվում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության շարունակության մասին, ինչից ակնհայտ է դառնում, որ այս հայտարարությունները ստորագրողները համաձայն են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու գաղափարին:

Հայտարարության հեղինակները և այն ստորագրողներն իրենց բացահայտ պրոադրբեջանական ու պրոթուրքական կողմնորոշումն ու հեռուն գնացող նպատակները «փաթեթավորում են» հողային պահանջատիրության մերժմամբ, մինչդեռ հողային պահանջատիրությունը բոլորովին չի նշանակում զավթել այլոց տարածքները, ուրիշ երկրների հողերը:

Այս տեքստը երկնողները կամ չգիտեն, կամ դիտավորյալ անտեսում են այն հանգամանքը, որ ազգերի ինքնորոշման իրավունքը բխում է այն իրողությունից, որ առանցքում բնիկ, իր հողի վրա ապրող ժողովրդի իրավունքների հարցն է, որի նկատմամբ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպան քաղաքականություն, մինչդեռ մասնավորապես գործող քաղաքական իշխանությունները դրա մասին կամ չեն խոսում, կամ գործածում են «էթնիկ զտում» եզրույթը, ինչը ըստ էության բավականին «անվտանգ» ձևակերպում է այն նպատակների ու գործադրվող քաղաքականության համեմատությամբ, որը դրված է Ադրբեջանի իշխանությունների առաջնահերթությունների թվում:

«Էթնիկ զտում» ձևակերպումն առհասարակ կարող է կապ չունենալ ազգերի ինքնորոշման իրավունքի հետ, որովհետև օրինակ, պայմանականորեն եթե խոսում ենք «էթնիկ զտման» մասին, ապա դրա իրականացման եղանակներից կարող է լինել, ենթադրենք, կենցաղային տարրական պայմանների վերացումը, լույսի, գազի, ջրի անջատելը, կրթության ու առողջության պահպանման իրավունքից զրկելը, այսինքն՝ ամեն ինչ անելը, որ տվյալ տարածքն ազատեն: Բայց դա չի նշանակում, որ, օրինակ, եթե ՀՀ Արարատի մարզում ինչ-որ ազգի ներկայացուցիչների նկատմամբ իշխանությունները որոշեն էթնիկ զտում իրականացնել, ապա նրանք պետք է ինքնորոշման իրավունք ունենան Արարատի մարզում:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի իրավունք է: Արցախահայերը դարերով ապրել են այդտեղ, և դարերով էլ նրանց նկատմամբ շարունակաբար փորձ է արվել իրականացնել ցեղասպան քաղաքականություն, որն այս պահին էլ շարունակվում է:

Որևէ մեկը չի ուզում, ինչպես ներկայացված է այս հայտարարության մեջ, զավթել այլոց հողերը, ընդհակառակը, մենք՝ Հայաստանն ու Արցախը, պայքարում ենք մեր հողի վրա մեր ապրելու իրավունքի իրացման համար:

Պակաս կարևոր չէ նաև այն, որ իշխանություններն Արցախի հարցը չեն կապում ադրբեջանցիների՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու և տարուց ավելի հիմնավորվելու հետ՝ Սոթքից մինչև Խոզնավար, Գեղարքունիքից մինչև Սյունիք, մինչդեռ ադրբեջանցի զինված խմբավորումների ներխուժումն ուղիղ կապ ունի Արցախի հարցի հետ և տեղի է ունեցել Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո:

Ինչ վերաբերում է այս հայտարարության մեջ նշված ««պատերազմի կուսակցությունների»՝ նախկինում լարած թակարդի մեջ ընկնելու»՝ ՔՊ-ականների թեզին, հայտարարությունը ստորագրողները հավանաբար «մոռացել են», որ այս իշխանությունների «սխալներն» են հանգեցրել պատերազմի, որ իրենց սիրելի կառավարող ուժն է փակել Արցախի հարցի լուծման դիվանագիտական բոլոր ուղիները, 2018թ.-ի մայիսից պաշտոնավարող Նիկոլ Փաշինյանն է «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարության հեղինակը:

Մոռացել են նաև, որ արդեն իսկ հրահրված ու տոտալ ձախողած պատերազմից ու խայտառակ պարտությունից հետո անգամ այս իշխանությունները թաքցնում էին Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, պատերազմից հետո իրականացվող հակահայկական քաղաքականությունը, ատելության քարոզը՝ քաղաքական դժգոհություններ երկրի ներսում թույլ չտալու համար:

Ձևակերպելով «նորօրյա «հայ վրիժառության» միակ հասանելի թիրախը «ներքին թուրքն» է» միտքը՝ հայտարարության հեղինակները, բոլորի համար հասկանալի իրենց նպատակներին հասնելու համար տպավորություն են ստեղծում, թե մասնավորապես Արցախի ու Հայաստանի փրկության ուղենիշ ունեցող ընդդիմադիր շարժումը մեկ այլ ազգի նկատմամբ ատելություն տարածող շարժում է, ինչը բացարձակապես այդպես չէ, մասնավորապես ընդդիմադիրների երթերին ու հանրահավաքներին Հայոց եռագույնի ու Արցախի պետական դրոշի հետ մեկտեղ՝ կարելի է տեսնել մեր կողքին ապրող ազգային փոքրամասնության՝ եզդիների դրոշը, ովքեր հավասարապես պայքարում են այս հողում ապրելու իրենց իրավունքի համար:

Այս հայտարարության հեղինակները վարկաբեկում են «հայ վիժառության» գաղափարը՝ նախ չակերտների մեջ դնելով, ապա ցույց տալով, որ այն միշտ եղել է հողազավթման ինքնանպատակ, ֆաշիստական կռվան, քաղաքական պայքարի օրակարգ, մինչդեռ իրականում սա կոնկրետ նպատակով արվող պարզ մանիպուլյացիա է, և մեր թե ֆիդայական շարժումները, թե Գարեգին Նժդեհի գործունեությունը, թե Արցախյան առաջին պատերազմի հերոսները նախ Թուրքիայի, ապա Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից պաշտպանել են որպես բնիկ ժողովրդի՝ մեր երկրում, մեր հողի վրա ապրելու իրավունքները:

Այնպես որ, կարելի է համարել, որ այս հայտարարության հեղինակները կատարել են իրենց պատվիրատուների հրահանգը՝ հասարակության մեջ հերթական Օվերտոնի պատուհանը բացելով ու իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելով, սակայն մեր հասարակությունը պետք է հասկանա ու հստակ գիտակցի՝ ինչի մեջ են ներքաշում իրեն:

Տեսանյութեր

Լրահոս