Շարժումը կասեցրել է Արցախի հարցում՝ հայկական կողմի նշաձող իջեցնելու հարցը. Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման անդամ, Աժ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը  Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսի ընթացքում՝ մինչ լրագրողների հարցերին անդրադառնալը,  վերհիշեց պայքարի մեկնարկը և ամփոփեց ձեռքբերումները:

«Թշնամու հերթական ագրեսիայից հետո խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշում կայացրին ապրիլի 5-ին հրավիրել հանրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի: Ինչո՞ւ եմ ես շատ կարևորում ապրիլի 5-ը, որովհետև,  ըստ էության, մեր պայքարի մեկնարկը սկսվեց ապրիլի 5-ից:

Ապրիլի 5-ին մենք Ազատության հրապարակում շատ հստակ ներկայացրինք այն սկզբունքները և պահանջները, որով պետք է առաջնորդվի ՀՀ ցանկացած իշխանություն, և հստակ հայտարարեցինք, որ այն իշխանությունը, որը կշեղվի այս սկզբունքներից և պահանջներից, պետք է օր առաջ հեռացվի, և այդ իշխանության դեմ ժողովուրդն իրավունք ունի իր բողոքի ձայնը բարձրացնելու, անհնազանդության ճանապարհով այդ իշխանությունը հեռացնելու»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:

Նա հիշեցրեց, որ հենց  ապրիլի 5-ին Արցախի դրոշը տեղադրվեց Ֆրանսիայի հրապարակում ու ՀՀ գրեթե բոլոր խոշոր քաղաքներում՝ քաղաքացիների նախաձեռնությամբ:

Ընդդիմադիր գործիչը նկատեց, որ Փաշինյանի հայտնի՝   նշաձող իջեցնելու ելույթից հետո որոշում կայացվեց փողոցային անդադար պայքար սկսելու վերաբերյալ. «Ապրիլի 25-ից մենք սկսել ենք համաժողովրդական դիմադրության շարժումը, իսկ մայիսի 1-ից մինչ օրս՝  դուք տեսնում եք՝ ինչ ծավալի, ինչ չափերի անհնազանդության ակցիաներով, հավաքներով, երթերով, հայ ժողովուրդը ոտքի է կանգնել օրվա իշխանության վարվող քաղաքականության դեմ»:

«Դիմադրություն» շարժման ձեքբերումները շարժման անդամն  արձանագրեց կետ առ կետ՝ վստահեցնելով, որ այն կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի՝ նշաձող իջեցնելու գործընթացը, ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում՝ միջազգային գործընկերների համար, քանի որ առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը, շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու, և այն ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանությունների հեռացման համար:

Իշխան Սաղթելյանը համոզում հայտնեց, որ շարժումը վերջին երեսուն տարվա ՀՀ անկախ պատմության մեջ բացառիկ է իր ծավալներով, չափերով, իր ժողովրդականությամբ:

«Այն, ըստ էության, Արցախյան, Ղարաբաղյան երկրորդ շարժումն է:

Շարժմանը մաս են կազմում հանրության բոլոր շերտերի ներկայացուցիները՝ սկսած ուսանողներից, մտավորականներից,  գործարարներից, բժիշկներից, ուսուցիչներից:  Այն իր բնույթով և ծավալով նոր և համաժողովրդական շարժում է, որը լինելու է անկասելի»,- եզրափակեց  միտքը Իշխան Սաղաթելյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս