Սխալ գնահատականներով կառավարությունը իրար է հակադրել Հայրենիքի և Սփյուռքի հզորացումը․ ՀՅԴ Հայ Դատ

Հայաստանի Հանրապետության իշխանությունը ստանձնած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է, ՀՀ Սահմանադրության և օրենքների խախտումով, թիրախավորել ազգային արժեքները, խորացնել ներազգային պառակտումը և սաստկացնել իր ապազգային քաղաքականությունը, որն առարկայորեն ծառայում է թշնամական երկրների ծրագրերին։

2026 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական ծրագրից մինչև խորհրդարանին ներկայացված իր 2026-2031 թվականների կառավարական ծրագիրը, ինչպես նաև տարբեր ներկայացուցիչների հայտարարություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ իշխանությունը (այս պարագայում՝ ինքն իրեն) նույնականացնում է Հայաստանի Հանրապետության հետ։ Դա արվում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին անում էին բոլշևիկները։ Անտեսելով այն փաստը, որ խնդրահարույց վերջին ընտրություններին քվեարկությանը մասնակցած ՀՀ քաղաքացիների կեսից ավելին իր դեմ է քվեարկել, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը համառորեն շարունակում է հայտարարել, որ «եթե մեզ հետ չեք, ուրեմն Հայաստանի Հանրապետության դեմ եք», և ընթանում է այդ տրամաբանությամբ։

Ընտրություններից անմիջապես հետո, շատ արագ, ՔՊ-ն սահմանափակեց ՀՀ քվեարկողների իրավունքները։

Ապա նույն բոլշևիկյան ոճով կրկնեցին, որ Սփյուռքում կան «հակապետական» և «պետականամետ» շրջանակներ։

Կառավարությունն իր 2026-2031 թվականների ծրագրում ներառել է ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը դժվարացնելու և «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացման» նպատակները։

«Իրական Հայաստան»-ի «գաղափարախոսության» հիման վրա և սխալ գնահատականներով՝ կառավարությունը նաև իրար է հակադրել Հայրենիքի և Սփյուռքի հզորացումը։

Վերջին շաբաթներին ՔՊ-ի ներկայացուցիչների կողմից ընդհանրապես Սփյուռքը և հատկապես Հ.Յ.Դ. Հայ Դատի համակարգը թիրախավորելն ակամա խոստովանություն է, որ այդ համակարգը գործում է արդյունավետ, և նրա օրակարգն արժանանում է միջազգային հանրության ուշադրությանը։ Այս արդյունավետությունից դժգոհ են եղել և շարունակում են դժգոհել նախ և առաջ Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր սպառնալիք հանդիսացող Թուրքիան ու Ադրբեջանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ երևույթին, որոշել է այս պարագայում ևս ձայնակցել այդ երկուսին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունը, նորբոլշևիկյան ոճով, մեկ կողմից պնդում է, թե ինքը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը պաշտպանելու առաքելություն ունի, միևնույն ժամանակ պահանջում է, որ ամբողջ աշխարհասփյուռ ազգը հետևի իր քաղաքական ուղեգծին։

Խեղաթյուրումները դադարեցնելու հավելյալ ջանքերով՝ արձանագրենք Հ.Յ.Դ. Հայ Դատի համակարգի առաջնահերթությունները.

Ա) Արցախի և արցախցիների բոլոր իրավունքների պաշտպանություն՝ իր բոլոր դրսևորումներով՝ Ադրբեջանի հանցագործությունների պատժից մինչև վերադարձի իրավունք և ինքնորոշում։

Բ) Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդմանն աջակցություն։

Գ) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, դատապարտում և հատուցումներ։

Դ) Երիտասարդների պատրաստում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության և Հայ Դատի պայքարին։

Հ.Յ.Դ. Հայ Դատի համակարգն իր վերոնշյալ նպատակների իրագործման համար կարող է պարբերաբար փոխել շեշտադրումները, մարտավարությունը պատշաճեցնել պահի պայմաններին, բայց միշտ նույն վճռականությամբ ու հետևողականությամբ շարունակելու է պայքարը։

Հ.Յ.Դ. ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
27 օգոստոսի 2026

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31