Ավտոերթի շարժը սահմանափակեցին, վարորդներին բերման ենթարկեցին. իրավիճակն Աբովյան փողոցում կտրուկ  լարվեց

Այսօր ընդդիմությունն անհնազանդության ավտոերթեր էր կազմակերպել չորս տարբեր ուղղություններից:

Քիչ առաջ իրավիճակը լարվեց Աբովյան փողոցում՝ Աբովյան-Երևան մայրուղուց մեկնարկած ընդդիմության ավտոերթի ժամանակ, երբ Հանրապետության հրապարակի մուտքի մոտ Ոստիկանությունը ոստիկանական ավտոմեքենաներով սահմանափակեց  խաղաղ ավտոերթի շարժը դեպի հրապարակ՝ առանց համապատասխան հիմքեր ներկայացնելու:

Նշենք, որ հիմքեր չներկայացվեցին նաև տեղում ավտոերթին մասնակցող ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանին, ով փորձեց հավելյալ բացատրություններ պահանջել տեղում աշխատող Ոստիկանության պաշտոնյաներից:

Ավելին՝ Ոստիկանությունը մի քանի անգամ երթի մասնակիցներին հորդորեց շրջանցել ճանապարհը և շարունակել ավտոերթն Արամի փողոցով, սակայն այդ առաջարկն ավտոերթի մասնակիցների կողմից մերժվեց, քանի որ Ոստիկանությունը պատշաճ չբացատրեց իր սահմանափակումների հիմքերը այն դեպքում, երբ ավտոերթը ամբողջ օրվա ընթացքում տեղի էր ունեցել բացառապես խաղաղ անհնազանդության ակցիայի շրջանակներում և այդպես էլ նախատեսվում էր երթի շարժը Հանրապետության հրապարակով:

Մի քանի րոպե տևած բանակցություններից հետո Ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ավտոերթի մասնակիցներին՝ վարորդներին: Բերման ենթարկելուց հետո Աբովյան փողոց բերվեցին էվակուատոր ավտոմեքենաները՝ ակցիայի մասնակիցների մեքենաներն Աբովյան փողոցից հեռացնելու նպատակով։ Սակայն, ինչպես նկատեցին ներկաները՝ Ոստիկանությունն իր գործողություններով երկարաձգեց Աբովյան փողոցի պարալիզացումը, քանի որ ավտոերթի հետագա շարժը չսահմանափակելու դեպքում Աբովյան փողոցի երթևեկությունը ժամերով կաթվածահար չէր լինի:

Մանրամասները՝ տեսանյութերում

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս