Մեծահասակ բնակչության միայն 10-50 տոկոսն է պատվաստվում

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` պատվաuտումների շնորհիվ աշխարհում ներկայումս տարեկան կանխվում է մոտ 2 մլն մանկան մահվան դեպք: Իմունականխարգելման աշխատանքները կարևորվում են նաև ՀՀ կառավարության կողմից: Այս տարի առողջապահության ոլորտում բարձրացվել է միայն իմունիզացիայի ծրագրի ֆինանսավորումը: Հայաստանում պատվաստումներին ընդգրկվածության և առկա խնդիրների մասին զրուցել ենք Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ:
– Իմունականխարգելման աշխատանքների արդյունավետության գնահատման հիմնական ցուցանիշը պատվաuտումներում ընդգրկվածությունն է, որը, համաձայն ԱՀԿ-ի, հանրապետական, մարզային և համայնքային մակարդակներում պետք է լինի 95 տոկոuից բարձր: Ի՞նչ ցուցանիշներ ունենք այսօր երեխաների պատվաստումների հետ կապված:

– Առանձին պատվաստումների արդյունավետության ցուցանիշն 95 տոկոս ընդգրկվածությունն է, բայց եթե ամբողջական ընդգրկվածությունը 90 տոկոս է կազմում՝ լրիվ իդեալական է համարվում: Հայաստանում երեխաներն առաջին պատվաստումը ստանում են ծննդատանը. դա ԲՑԺ-ն է (տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութ) և ՎՀԲ-ն (հեպատիտ Բ-ի դեմ պատվաստանյութ):

ԲՑԺ-ի ընդգրկվածությունը բավական բարձր է, մինչև 98-99 տոկոս է հասնում: Հեպատիտ Բ-ի ընդգրկվածությունը բավական բարելավվել է վերջին տարիներին, որովհետև նախկինում`2004-2005 թվականներին, իջել էր մինչև 80 տոկոս: Այսօր արդեն կարողանում ենք ապահովել 95-96 տոկոս ընդգրկվածություն: Հաջորդ պատվաստումները երեխաները ստանում են ամբուլատորիաներում: Այդ պատվաստանյութը ԱԿԴՓ/ՎՀԲ/ ՀԻԲ-ն է (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի): Սրա ընդգրկվածությունը 95-96 տոկոս է կազմում: Այս ցուցանիշին էլ ենք աստիճանաբար հասել, որովհետև 2009-ին ներդրել ենք, իսկ հասարակությունը նոր ներդրվող պատվաստանյութերից սկզբում մի փոքր խուսափում է, հետո արդեն դա դառնում է սովորական գործ:

Մյուս պատվաստումը ՕՊՎ-ն է (պոլիոմիելիտ): Սրա ընդգրկվածությունը մի փոքր բարձր է ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ-ից, ցուցանիշը հասնում է մինչև 97 տոկոսի: Մյուս պատվաստման` ԿԿԽ-ի (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) ընդգրկվածության ցուցանիշները բավական բարձր են, 97 տոկոսից չի իջնում ցուցանիշը: Վերջին 3 տարիների ընթացքում այս ցուցանիշը չի իջել, կայուն պահպանվում է: Մյուս պատվաստումը ԱԿԴՓ-ն (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ) է: Ընդգրկվածությունը վերջին տարիներին կազմել է 94-95 տոկոս: Շատ բարձր ցուցանիշներ ունենք հատկապես դպրոցից առաջ կատարվող երեխաների պատվաստումների համար: Ցուցանիշները 97 տոկոսից չեն ընկնում:

Կարդացեք նաև

– Ինչո՞վ է ասվածը պայմանավորված:

– Սա պայմանավորված է նրանով, որ երեխաներին դպրոց տանելուց առաջ ծնողները մտահոգվում են, որ երեխաները ստանան պատվաստումները, պաշտպանված լինեն: Բացի այդ` դա մանկական տարիքի վերջին պատվաստումներն են, ու ծնողները շահագրգռված են, որ գոնե այդ տարիքում երեխաները ստանան պատվաստանյութերը:

– Պատվաստումների ազգային օրացույցի համաձայն`16 տարեկանում ևս որոշակի պատվաստումներ են ստանում: Ինչպիսի՞ն է ընդգրկվածությունն այս պատվաստումներում:

– 16 տարեկանների դեպքում չեմ կարող ասել, որ ընդգրկվածության հոյակապ ցուցանիշներ ունենք: Նրանք դպրոցից պետք է գնան պատվաստումը ստանալու, քանի որ արդեն հասուն տարիքի են, ծնողների դերն այս դեպքում համեմատաբար նվազ է, ու դժվար է լինում այս երեխաներին բերել պոլիկլինիկա: Մեր ցուցանիշներն այս պատվաստումների դեպքում 80 տոկոսից չեն բարձրանում` չնայած մեծ ջանքեր ենք գործադրում:

– Ինչպե՞ս եք գնահատում մեծահասակ բնակչության պատվաստումների ընդգրկվածության աստիճանը:

– Նրանք ստանում են դիֆթերիայի, փայտացման հաջորդ դեղաչափերը: Այստեղ էլ խնդիր ունենք: Մեր մեծահասակ բնակչությունը, որքան ուշադիր է իրենց երեխաների հանդեպ, այնքան էլ սակավ ուշադրություն է դարձնում իր սեփական առողջությանը: Դիմելիությունը բավական ցածր է` 40-50 տոկոս:

Փորձում ենք ամեն միջոցով զգուշացնել, կանչել, միևնույն է՝ դիմելիությունը ցածր է: Նախկինում այս ցուցանիշներն ավելի ցածր էին` 10 տոկոսից չէինք անցնում: Ստիպված արդեն պատվաստումների օրացույցը մի փոքր ճկուն ենք դարձրել: Եթե նախկինում կոնկրետ տարիքներ էինք նշում` 26, 36, 46, 56, ապա հիմա սահմանված է տարիքային խումբ, օրինակ` 26-30, որպեսզի վերջին 10 տարիների ընթացքում եթե պատվաստում չունի, մարդը հնարավորություն ունենա իր պատվաստանյութը ստանալու: Բուժհաստատություններից շատ են բողոքում, որ իրենք զանգահարում, կանչում են, անգամ տեղամասային բուժքույրը գնում է տուն, կանչում է, բայց ստանում է ընդամենը մի պատասխան`գրե՛ք, որ հրաժարվում ենք: Միգուցե դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ շատ հիվանդություններ այլևս չկան:

Մարդիկ մոռացել են դիֆթերիայի մասին, փայտացումն էլ գրեթե չի հանդիպում: Ուղղակի պետք է հիշեցնել, որ ցանկացած պահի կարող են այդ հիվանդությունները մուտք գործել երկիր, որովհետև մեզ շրջապատող բոլոր երկրներում, միգրացիայի օջախ հանդիսացող երկրներից շատ հեշտությամբ հարուցիչը կարող է գալ հանրապետություն, և հարուցիչը հեշտությամբ կտարածվի:

– 2010-2015թթ. իմունականխարգելման ազգային ծրագրում նշված է, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են պատվաuտումների գործընթացի լիարժեք իրականացմանը: Դուք ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

– Մեզ մոտ ընդգրկվածությունը բավական բարձր է, ու այդ ցուցանիշներին մենք հասել ենք ոչ թե մեկ տարվա ընթացքում, այլ վերջին 5 տարիներին կատարված քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Բոլոր դեպքերում մենք ունենք հրաժարումների դեպքեր: Սա հենց խոչընդոտներից մեկն է: Ամեն մեկը պետք է գիտակցի, որ եթե ինքը չի պատվաստվում, դրանով իսկ լուրջ վտանգ է ներկայացվում նույնիսկ պատվաստվածներին: Եթե մարդը պատվաստվում է, իմունիտետը 100 տոկսով կարող է չզարգանալ:

Գոյություն չունի պատվաստանյութ, որը ներարկելով`կարող ես վստահ լինել, որ իմունիտետը 100 տոկոսով զարգացել է: 95 տոկոս դեպքերում պաշտպանողական համակարգը զարգանում է: 5 տոկոս դեպքերում մարդը կարող է պատվաստվել, վստահ լինել, որ ինքը պաշտպանված է, բայց նորմալ պաշտպանողական հատկանիշներ չունենալով` կարող է հիվանդանալ: Չպատվաստված անձինք դառնում են վարակի աղբյուր և հեշտությամբ կարող են վարակը տարածել: Բացի այդ` այն մարդկանց թիվը, ում մոտ իմունիտետ չի ձևավորվում, շատանում է: Կարծում եմ, որ սա նաև բարոյական խնդիր է:

– Բացի պլանային պատվաստումներից` հանրապետությունում արվում են նաև լրացուցիչ պատվաստումներ: 2013-ին նման պատվաստումներ կլինե՞ն:

– Վերջին լրացուցիչ պատվաստումը կատարվել է 2007-ին՝ կարմրուկի, կարմրախտի դեմ: Այսօր դրանց շնորհիվ մենք բավական լուրջ արդյունքներ ունենք: Եթե վերջին 3 տարիների ընթացքում եվրոպական մի շարք երկրներում կարմրուկի, կարմրախտի բավական լուրջ դեպքեր գրանցվեցին, մահվան դեպքեր եղան, մեր երկրում այս խնդիրը չկա: 2008-ին էլ կատարվեցին պոլիոմիելիտի պատվաստումներ միայն նրա համար, որ երեխաներն ավելի կայուն իմունիտետ ունենան: Լրացուցիչ պատվաստումների ծրագիր ապագայի համար չունենք: Փոխարենը աշխատանքներ են տարվում` հայտնաբերելու այն երեխաներին, ովքեր պատվաստում չունեն կարմրախտի, կարմրուկի, պոլիոմիելիտի դեմ, որպեսզի կարողանանք ծնողներին համոզել, բացատրել, որ երեխաներին տանեն պատվաստման:

– Պատվաստանյութերի որակի համար շատ կարևոր է պատվաստանյութերի տեղափոխման, և տեղափոխման համար անհրաժեշտ սառցային շղթան, ինչպես նաև` պահպանման պայմանները: Արդյոք հայաստանյան պոլիկլինիկաներն ապահովվա՞ծ են անհրաժեշտ սարքավորումներով:

– Եթե մենք ուզում ենք բարձր արդյունավետություն ունենալ, ապա շատ կարևոր է, որ պատվաստանյութը համապատասխանի որակին ներկայացվող պահանջին: Դրա համար շատ կարևոր են պատվաստանյութերի պահպանման պայմանները: Մշտական պատվաստումային բոլոր կետերը ապահովված են սառնարաններով, անցկացվում է ամենօրյա ջերմային ռեժիմի մոնիտորինգ: Իսկ որտեղ պահպանվում են Հայաստանի պատվաստանյութերի պաշարները, կան էլեկտրոնային գրիչներ, որոնք շուրջօրյա գրանցում են սառնարանների ջերմային ռեժիմը: Համակարգչային հատուկ ծրագրի միջոցով էլ կարող ենք հասկանալ` ջերմային ինչ տատանումներ ենք ունեցել:

Անգամ, եթե էլեկտրական հոսանքն անջատվի, էլեկտրոնային ազդանշան է գալիս պատասխանատու անձի բջջային հեռախոսին, և նա արդեն հստակ իմանում է` որ սառնարանից ջերմային ռեժիմի խախտում կա, թեպետ նման դեպքեր չեն եղել: Տեղաբաշխումը կատարվում է հատուկ սառնարան-մեքենայով, պատվաստանյութի վրա եղած հատուկ ինդիկատորով ստուգվում է ինդիկատորի, էլեկտրոնային գրիչի վիճակը: Ե՛վ ստացողը, և՛ տեղափոխողը ստորագրում են` ինչ վիճակում են ստացել պատվաստանյութը: Սա հնարավորություն է տալիս հետագայում պատվաստանյութի հետ կապված խնդիրների դեպքում իմանալ` ո՞ր շղթայում է խախտում տեղի ունեցել:

– Որքա՞ն է կազմելու այս տարի ոլորտի պետական ֆինանսավորումը:

– Առողջապահության ոլորտում սա միակ ոլորտն է, որի ֆինանսավորումը տարեցտարի ավելանում է: Եթե առողջապահության ոլորտում բոլոր ծրագրերի ֆինանսավորումը մնում է նույնը, ապա իմունիզացիայի ծրագրի ֆինանսավորումը տարեցտարի ավելանում է խոշոր չափերով: 2009թ. 180 մլն դրամ էր, 2010թ.` 230 մլն, 2011թ.` 340 մլն, այս տարի` մոտ 400 մլն: Սա նշանակում է, որ իմունիզացիայի ծրագիրը երկրի կողմից կարևորվում է` որպես գերակա խնդիր:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս