Պաշտպանության բնագավառում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համար տրված գումարները հետ են վերցվում
Մարտի 31-ին «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարվել էր, թե նորագույն տեխնոլոգիաներով, ժամանակակից գիտահետազոտական և արտադրական կարողություններով հագեցած ռազմարդյունաբերական համալիրի առկայությունն ազգային անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության, ինչպես նաև տնտեսական կայուն զարգացման հիմնական երաշխիքներից է:
Մեկ շաբաթ հետո՝ ապրիլի 7-ի կառավարության նիստում որոշվում է 295 մլն դրամ կրճատել «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրից, որի շրջանակում կատարվում են հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ:
Մինչդեռ 2021-ի փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կարգավիճակում Հակոբ Արշակյանը, խոսելով ռազմարդյունաբերության հատկացումների մասին, ոգևորված հայտարարում էր, որ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով 2017-ին հատկացվել է 1.6 մլրդ դրամ, 2018-ին՝ 2.4 մլրդ դրամ, 2019-ին՝ 3.8 մլրդ դրամ, 2020-ին հատկացումը փաստացի կազմել է 3.3 մլրդ դրամ, դրան գումարվել է լրացուցիչ 3.4 մլրդ դրամ՝ պատերազմի մեկնարկին զուգահեռ: 2021-ին նախատեսվել է 4.6 մլրդ դրամի չափով հատկացում:
Սրանից հետո 168.am-ը փորձել էր մասնագետների հետ զրույցներից պարզել՝ որքանո՞վ է արդարացված հատկացումների ավելացումը, արդյո՞ք այդ միջոցները չեն փոշիացվում այս տարբերակով:
Նշենք, որ ռազմատեխնիկական գիտնականներից և մասնագետներից կազմված կոնստրուկտորական բյուրոներ չստեղծվեցին, ինչպես առաջարկում էին փորձագետները, երբ Ռազմարդյունաբերության կոմիտեն հանվեց ՊՆ ենթակայությունից:
2021-ի հոկտեմբերի 2-ին ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ով նաև ղեկավարել է Ռազմարդյունաբերական կոմիտեն, 168.am-ին տված հարցազրույցում ասել էր․
«Ինչ վերաբերում է գիտատեխնիկական, փորձակոնստրուկտորական բյուրոներին, միանշանակ ողջունելի տարբերակ է: Դրա վերաբերյալ որոշակի աշխատանքներ իմ ժամանակ սկսվել էր, բայց արդյունք չկար դեռ՝ ժամանակի առումով, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Ես հիմա տեղեկատվություն չունեմ, թե ինչ փուլում են այդ աշխատանքները: Բայց կարծում եմ, որ պետք են այդպիսի բյուրոներ, որոնք գիտականորեն և ավելի համակարգային կառաջարկեն հարցերի լուծման տարբերակները:
Իսկ այն, ինչ մեզ մոտ կա, փորձի մեթոդներով է. ստացվեց՝ ստացվեց, չստացվեց՝ չստացվեց: Այսինքն, շատ բաներ, որ մերոնք անում են, կիրառություն չի գտնում: Միգուցե այս կամ այլ պատճառով լավ է: Կա՛մ էլ՝ դրա կարիքն է վերացած լինում, կա՛մ ինքնարժեքն է բարձր լինում, կա՛մ չենք կարողանում դնել սերիական արտադրության: Գումարների փոշիացման մասով ես չպատասխանեմ, բայց եթե մենք ամեն ինչ փորձենք սարքել, և կիրառության մեջ չդրվի, իհարկե, գումարները կփոշիանան: Իսկ եթե վերցնենք կոնկրետ նմուշ, կոնկրետ ժամկետներով, ապա այս դեպքում էլ, իհարկե, գումարները պետք է մեծ լինեն և նպատակային: Բայց ավելի լավ է չորսը լինի, քան քսանը, երեսունը՝ միջակ և ոչ արդյունավետ»:
Արտակ Դավթյանը շարունակել էր, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն Պաշտպանության նախարարությունից դուրս բերվեց և տեղափոխվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, սակայն այդ համակարգային մոտեցումները մինչև վերջ չտարվեցին, այդ թվում՝ կազմակերպչական առումով: Ըստ այդմ՝ արդյունավետության այն իրավիճակը, որ հիմա կա, հետագայում էլ այն բավարար չի լինելու Ռազմարդյունաբերական կոմիտեի աշխատանքում:
Վերադառնալով «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրին, նշենք, որ ապրիլի 7-ի նիստում կատարված կրճատումն առաջինը չէ:
2021-ի տարեվերջին կառավարության երկու որոշումներով (2070-Ն, 2156-Ն) բյուջեում կատարվել էր վերաբաշխում և ԲՏԱ նախարարության «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրից կրճատվել էր համապատասխանաբար մոտ 621 մլն դրամ և 1 մլրդ 955 մլն դրամ: Այսինքն՝ գումարային ընդհանուր կրճատվել էր 2 մլրդ 576 մլն դրամ:
Այս համատեքստում անդրադառնանք «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին, և այն, որ իշխանությունները գլուխ են գովում, թե ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 50 ընկերություն՝ 24 թեմատիկ բաժիններով, և որ Հայաստան էին ժամանել պաշտոնական պատվիրակություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Բելառուսից, Իրաքից և Իրաքյան Քուրդիստանից:
Նախ նշենք, որ ցուցահանդեսին հիմնականում մասնակցում էին հայկական և ռուսական ռազմարդյունաբերական ընկերություններ:
Երկրորդ, մեր տեղեկություններով, մոտ 27 տեղական ընկերություն, որոնցից 20-ը նախկինում ՀՀ-ում և դրսում նմանօրինակ ցուցահանդեսների մասնակցության փորձ ունեն, չեն մասնակցել «ԱրմՀայԹեք 2022»-ին: Իհարկե, ոլորտ նոր ընկերություններ մտել են, մշակվել նոր նախագծեր, սակայն, կրկնում ենք՝ փորձառու ընկերություններն անմասն են մնացել պաշտպանական 3-րդ ցուցահանդեսից:
Երրորդ, արդեն մոտ 1.5 տարի նախագահ չունեցող Ռազմարդյունաբերական կոմիտեն, ըստ էության, պատշաճ ներկայություն չէր ապահովել ցուցահանդեսին, եթե չասենք՝ բացակա էր: Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՏԱ նախարարության և կոմիտեի ղեկավարության միջև տարբեր հարցերի շուրջ լրջագույն կոնֆլիկտ կա:
Չորրորդ, նախորդ ցուցահանդեսներին մոտ 12 երկրի ներկայացվածություն է եղել, ընդ որում, բավականին ներկայացուցչական: ՀԱՊԿ-ն ևս բավականին ներկայացուցչական մասնակցություն է ապահովել՝ գլխավոր քարտուղարի կամ տեղակալի մակարդակով:
Մասնավորապես, «ԱրմՀայԹեք-2018»-ին ներկա է եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նա անգամ ելույթ է ունեցել:
Իսկ «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Հավելենք, որ 2022-ին պետք է կայանար 4-րդ «ԱրմՀայԹեքը», սակայն երրորդ ցուցահանդեսի կայացմանը խոչընդոտեց կորոնավիրուսի համավարակը:
Ըստ այդմ՝ «ԱրմՀայԹեք-2020»-ը օբյեկտիվ պատճառներով դարձավ «ԱրՀայԹեք-2021»:
Սակայն, ավելի ուշ «ԱրմՀայԹեք»-ի պաշտոնական կայքը հայտնեց, որ պաշտպանական տեխնոլոգիաների կամ ռազմարդյունաբերական 3-րդ ցուցահանդեսը կկայանա 2022 թ. մարտի 31-ից ապրիլի 2-ը: Հետաձգման պատճառ էր դարձյալ նշվում համավարակը:
Այդ ժամանակ արդեն կայացել էր Աբու Դաբիի IDEX-2021 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին ՀՀ-ն ներկայացել էր բուկլետներով, քանի որ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները, որպես մաքսանենգ ապրանք, մնացել էին Մոսկվայում, և այդպես էլ չհաջողվեց դրանք վերադարձնել: Սա հաշվի առնելով, մասնագետներն արժանահավատ չէին համարում համավարակի հետ կապվող պատճառը: