Պատմության ուսուցչի գործով ամբաստանյալը հրաժարվեց իր նախկին ցուցմունքներից, դատարանն անթույլատրելի ճանաչեց մեղադրանքի հիմքում դրված ձայնագրությունը
Երևան քաղաքի դատարանի Ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Պատմության ուսուցչի» գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով` բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։
Համաձայն դատախազության մեղադրական եզրակացության՝ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել։
Հակոբ Գրիգորյանի ներկայացուցիչը դատարանում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն է:
Դատարանում այսօր շարունակվում էր ապացույցների հետազոտման փուլը: Գործով վկա դպրոցի նախկին տնօրեն Լիանա Պետրոսյանը, ով այս պահին այդ նույն դպրոցում ուսուցիչ է աշխատում, չցանկացավ, որ իր հարցաքննությունը տեսանկարահանվի, սակայն խոսքը ձայնագրելուն դեմ չէր:
Մինչ բուն թեմային անցնելը Լիանա Պետրոսյանը նախ նկատեց՝ դժվար է ուսուցիչ գտնել:
«Վերջին երկու տարում 4 պատմության ուսուցիչ եմ ընդունել ու ազատել: Մեկի ներվերը չէին դիմանում, մյուսն ընդհանրապես չգիտեր՝ ինչ բան է պատմություն ու ուսուցիչ… Դրանից հետո ընդունել եմ Հակոբին՝ մեր կուրսի լավագույն ուսանողին: Ինքը շատ լավ ուսուցիչ էր: Ծնողները գալիս էին, շնորհակալություն հայտնում»,- ասաց նախկին տնօրենը:
Նրա խոսքով՝ ինքը մանկավարժական խորհրդի ցանկացած նիստի ժամանակ ասել է ուսուցիչներին՝ ոչինչ դրսից ներս մի բերեք, քաղաքականություն՝ առավել ևս:
«Մտքովս երբեք չի անցել, որ պարոն Գրիգորյանը կարող է նման բան ասել: Դա որ եղավ, շոկ էր»,- ասաց Լիանա Պետրոսյանը՝ հավելելով, որ տեսանյութը տարածվել է, իրենք Ֆեյսբուքից են իմացել, ու հենց հաջորդ օրն էլ Հակոբ Գրիգորյանը, չցանկանալով հարվածի տակ դնել դպրոցը, դիմում է գրել ու աշխատանքից ազատվել:
Հաջորդիվ հարցաքննվելու հերթը պատմության ուսսուցիչ Հակոբ Գրիգորյանինն է:
Հակոբ Գրիգորյանը իր ցուցմունքի սկզբում ներկայացրեց այդ օրվա դասի թեման, ապա հատուկ շեշտեց, որ քաղաքականությամբ չի զբաղվում և չի զբաղվել:
Քաղաքականությամբ երբևէ չզբաղված Հակոբ Գրիգորյանը, սակայն, հպարտությամբ դատարանում ներկայացրեց մի տեսաերիզ՝ որպես ապացույց 2018թ. ապրիլյան իշխանափոխությանն իր մասնակցության:
«Այդ օրերին մենք լուր ստացանք, որ, ինչպես ամբողջ Արցախում, այնպես էլ Մեծ Թաղլարում, որտեղից ծնունդով են իմ պապն ու մայրը, թուրքերն ավերել են խաչքարերը, եկեղեցին, պատմամշակութային բոլոր հուշարձանները, ազատամարտիկների շիրիմները: Հայ մարդու համար դա մեծ ցավ է: Ես չեմ հիշում իմ ասածները, բայց ինչ որ ասել եմ, իմ ապրումների, զգացածների տակ է եղել»,- ասաց Հակոբ Գրիգորյանը:
Նիկոլ Փաշինյանին վառելու ցանկություն ունեցած պատմության ուսուցիչը, սակայն, պարզվեց, իշխանափոխության մեծ ջատագով է եղել:
«Հարգելի դատարան, ես հիմա Ձեզ մի ձայնագրություն կտամ, օրը, ժամը շատ լավ հիշում եմ, որովհետև դա իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր, որ իշխանափոխություն եղավ, եկավ Նիկոլ Փաշինյանը: Այս ձայնագրությունը վերաբերում է 2018թ. ապրիլի 23-ին՝ մոտավորապես 15:00-ի կողմերն էր, երբ, եթե չեմ սխալվում, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Ինձ համար այդ իրադարձությունը շատ հաճելի էր, այն այնքան ցանկալի ու հաճելի էր, ոնց որ ամեն հայի համար Շուշիի գրավումը»,- ասաց Հակոբ Գրիգորյանը:
Դատարանի համար, սակայն, անհասկանալի էր՝ ի՞նչ է ուզում ասել ամբաստանյալը: Վերջինիս շահերի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը պարզաբանեց՝ տեսանյութում երևում է, որ Հակոբ Գրիգորյանը մասնակցել է 2018թ. ապրիլյան իրադարձություններին, եղել է Նիկոլ Փաշինյանի աջակիցը:
Հակոբ Գրիգորյանի խոսքով՝ այն, որ ինքը մասնակցել է այդ իրադարձություններին, չի նշանակում, որ քաղաքականությամբ զբաղվել է:
«Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն եմ եղել, ընտրություններում էլ միշտ իրեն եմ ընտրել, բայց էլի եմ ասում, քաղաքական գործիչ չեմ եղել, քաղաքականությամբ չեմ զբաղվել, իմ թույլ կողմը եղել է Արցախը»,- ասաց նա:
Հարցաքննության հաջորդ հատվածում Հակոբ Գրիգորյանը շարունակաբար ցիտում էր Նիկոլ Փաշինյանին ու հատուկ շեշտում, որ համաձայն է նրա մտքերի հետ: Անգիր հիշում էր Նիկոլ Փաշինյանի ելույթների օրերը, հանգամանքները:
«Իմ նախորդ ցուցմունքներից ես շատ բան չեմ հիշում, որովհետև ես ոստիկանություն ներկայացել եմ շատ անտրամադիր, զարմացած, ուղղակի շշմած: Իմ նախկին ցուցմունքներից ես հրաժարվում եմ, որովհետև ուղղակի չեմ հիշում: Ոստիկանություն գնացել եմ մենակ, առանց փաստաբանի: Ինձ թվում էր՝ ամբողջ համակարգը իմ դեմ է: Այդ ձայնագրությունը ես համարում եմ ապօրինի»,- հայտարարեց Հակոբ Գրիգորյանը:
Ուսուցչի խոսքից հետո նրան հարցեր ուղղեց դատախազը, ով կրկին հարցրեց քաղաքական հայացքների մասին:
«Իմ քաղաքական հայացքներն իմ հայրենիքն են, որ չկորցնեմ, իսկ էսօր ես կորցնում եմ: Արցախը կորցրել ենք, հիմա Հայաստանն է… Էդ են իմ քաղաքական հայացքները: Ես չէի պատկերացնում, որ հայրենիք սիրելը, հայրենիքի մասին մտածելը քաղաքականություն է»,- ասաց Հակոբ Գրիգորյանը՝ հավելելով՝ հուզված է եղել, իր խոսքերը բռնության կոչ չի համարում:
Նրա ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը դատարանին հիշեցրեց, որ իրենք շարունակ խոսում են ձայնագրության մասին, սակայն դեռևս չեն քննարկել դրա թույլատրելիությունը:
Վերջինս միջնորդեց անթույլատրելի ճանաչել առանցքը կազմող ձայնագրությունը՝ անհայտ աղբյուրից ձեռք բերված լինելու հիմքով՝ «Թունավոր ծառի պտուղները նույնպես թունավոր են» սկզբունքի հիման վրա: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին վկայակոչեց Քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածները, համաձայն որոնց՝ անձը՝ որպես վկա, չի կարող հարցաքննվել Քրեական օրենսգրքով նախատեսված իր գործառույթներն իրականացնելու համար:
«Դատարանը գտնում է, որ հետաքննության մարմնի աշխատակիցն այս վարույթի շրջանակում չի կարող հարցաքննվել որպես վկա»,- պնդեց դատավոր Մնացականյանը:
Ռուբեն Մելիքյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ պատրաստվում է հաջորդ դատական նիստին միջնորդել անթույլատրելի ճանաչել մյուս բոլոր մեղադրական ապացույցները, որոնք ուղիղ բխել են արդեն իսկ «թունավոր» ճանաչված ձայնագրությունից։