Առաջին ծալովի iPhone-ը լինելու է սմարթֆոնի և պլանշետի հիբրիդ
Այս սմարթֆոնից հետո Apple-ը կարող է թողարկել շատ արտասովոր MacBook առանց ֆիզիկական ստեղնաշարի։
Հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն կիսվել է նոր կանխատեսումներով՝ կապված Apple-ի կողմից ծալովի էկրանով առաջին սարքի թողարկման հետ: Նրա խոսքով՝ նման նորույթը շուկայում կհայտնվի 2025 թվականից ոչ շուտ, թեև մինչ այդ թողարկման մասին հայտարարվել էր արդեն 2024 թվականին։
Այս կանխատեսմամբ Կուոն հաստատեց մեկ այլ վերլուծաբանի և ինսայդերի՝ Ռոս Յանգի խոսքերը, ով արդեն գրել էր, որ Apple-ը չի շտապում մտնել ծալովի գաջեթների շուկա, բայց ակնհայտորեն աշխատում է այս ուղղությամբ։
Անցյալ տարվա իր զեկույցներում Մինգ-Չի Կուոն գրել էր, որ Apple-ը պատրաստում է Galaxy Flip տիպի սմարթֆոն, այսինքն՝ կոմպակտ ծալովի սարք։ Այժմ նա հայտնում է, որ հիբրիդային iPhone-ի և iPad-ի թողարկումը շատ ավելի հավանական է։ Այն կլինի Galaxy Fold-ի անալոգը։
Apple-ը մշակում է միջին, մեծ և փոքր ծալովի արտադրանքներ և փորձարկում է մոտ 9 դյույմանոց ծալովի OLED էկրաններ, ավելացրել է Կուոն։
Ըստ The Elec-ի՝ LG-ն կդառնա ճկուն պանելների հիմնական մատակարարը։ Ընկերությունն արդեն աշխատում է Apple-ի համար մեկ այլ հիբրիդային լուծման վրա՝ պլանշետների և նոութբուքերի համար նախատեսված OLED էկրան՝ գերբարակ ապակիներով։
Դրա օգտագործման տարբերակներից է առանց ֆիզիկական ստեղնաշարի նոութբուքը, որտեղ պատյանի երկու կեսերն էլ հագեցած են սենսորային դիսփլեյներով։ Ճիշտ է, նման նորույթին սպասել նույնիսկ ավելի երկար կպահանջվի՝ մինչև 2026 կամ 2027 թվականը։
Սիրարփի Աղաբաբյան