Իտալիան տեղյակ է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կրած տառապանքների մասին. ԱԳ նախարար Լուիջի դի Մայո
Իտալիան տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ հետևանքների և խաղաղ բնակչության կրած տառապանքների մասին: Այդ մասին Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հայտարարեց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն:
Նախարարը վերահաստատեց իր երկրի խորը համերաշխությունը հակամարտության բազմաթիվ զոհերին՝ ընդգծելով, որ Իտալիան պատրաստակամ է աջակցելու քաղաքացիական բնակչությանը:
«Մենք դրական ենք վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի բարձր մակարդակի ուղիղ շփումներին և վճռականորեն աջակցելու ենք խաղաղ, համապարփակ և կայուն լուծմանը՝ լուծում, որը երաշխավորում է խաղաղության և կայունության հեռանկարը կովկասյան ողջ տարածաշրջանում, որն իսկապես ռազմավարական խաչմերուկ է ողջ Եվրոպայի համար»,- հայտարարեց Իտալիայի ԱԳՆ ղեկավարը:
Այս համատեքստում, ըստ Լուիջի դի Մայոյի, Իտալիան մեծ կարևորություն է տալիս Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը:
«Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին նոր համաձայնագիրը արժեքավոր հնարավորություն է Բրյուսելի և Երևանի միջև համագործակցությունն ամրապնդելու համար: Այդ պատճառով մենք աջակցում ենք այն հավակնոտ ֆինանսական միջոցառումներին, որոնք Եվրամիությունը առաջարկել է՝ խթանելու օրենքի գերակայությունը, բարեփոխումները և նպաստելու երկրում սոցիալ-տնտեսական աճին», – հավելեց Իտալիայի արտգործնախարարը: