«Մտածում ենք՝ վտանգը կարող է ձյունը հալվելուց հետո լինի, պետք է միշտ սպասենք ու պատրաստ լինենք»․ Հակոբ Ավետյան
Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ և Նորաբակ գյուղերում, որոնց ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողները 2021 թվականի մայիսի 12-ից առաջացել և տեղակայվել են, վերջին ամիսներին լարվածություն չի նկատվում։ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դա պայմանավորված է նաև առատ ձյան առկայությամբ։
«Ոչ մի արտասովոր բան չկա, կայուն վիճակ է, բայց կայուն ասածն էլ հարաբերական է, ամեն րոպե կարող է մի այնպիսի անակնկալ լինի, որ չպատկերացնենք։ Մեզ մոտ ձյունը ապրիլի կեսերին նոր հալվում է, 1 ամիս կա, որ սարերի ձյունն ամբողջությամբ հալվի, դրանից շուտ ոչ մի տեղաշարժ չի կարող լինել մեր սարերում։
Օրվա ընթացքում կրակոցներ լինում են, ճիշտ է, այնպիսի բան չէ, որ գյուղը տուժի, բայց կրակում են, ինչը մարդկանց մոտ անհանգստություն է առաջացնում, վերջիվերջո, երեխեք կան, լսում են, որ թուրքը կրակեց, վախ է առաջանում․․․
Իրենք զիջելու տրամադրվածություն չունեն, ընդհակառակը, որտեղ հնարավորություն են ունենում մի ոտք առաջ գնալ, գնում են։ Մտածում ենք, որ վտանգը կարող է ձյունը հալվելուց հետո լինի, մի հատ էլ առաջ գալու փորձ անեն, ուստի պետք է պատրաստ լինենք՝ նման սցենարը կանխելու, միշտ սպասենք ու պատրաստ լինենք»,- ասաց Ավետյանը։
Եթե ադրբեջանցի զինված ծառայողները Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ներխուժելու սկզբնական ժամանակահատվածում վրաններում էին մնում, ապա այսօր պատկերը բոլորովին այլ է, գրեթե բոլոր դիրքերում ամրաշինական աշխատանքներն ավարտված են․
«Կապիտալ շինություններ են արել՝ ցեմենտ-բետոնով․ հիմնավորվել են։ Վրաններով չեն, որ ասենք՝ վաղը վրանները հանելու են՝ տանեն։ Երբ թշնամին նոր էր ներխուժել մեր երկրի տարածք ու տեղակայվել, իշխանությունները հայտարարում էին՝ հես ա ադրբեջանցիները հետ են քաշվելու, բայց ես այն ժամանակվանից ասում էի՝ սուտ են ասում, նման բան չկա։ Նույնիսկ հնարավոր է, որ թշնամին մի հատ էլ առաջ գա, բայց հետ գնալը, ես չեմ պատկերացնում՝ ոնց է լինելու։ Աստված տա, այդպես լինի, դրա համար բոլորս էլ պատրաստ ենք համախմբվել, կանգնել, պայքարել։ Եթե զգանք, որ Կառավարությունը նման քայլեր է անում, ես պատրաստ եմ իմ ուժերի սահմաններում կազմակերպեմ, մասնակցեմ, որ այդ հարցը լուծվի, բայց ես տեսնում եմ, որ սուտ է, այդպիսի բան չի լինելու, ոչ էլ ուզում եմ ընկնել երևակայությունների մեջ․․․ Մեր վարած քաղաքականությունով ես ոչ մի սկզբունք չեմ տեսնում, որ քայլ արվի՝ թուրքերին հետ շպրտելու համար»։
Սահմանամերձ դարձած գյուղերում լուրջ խնդիր է նաև անասնապահությունը։ Թշնամու զինված ծառայողներն իրենց վերահսկողության տակ են պահում գյուղերի խոտհարքներն ու արոտավայրերը։ Հակոբ Ավետյանն ասաց, որ խոտի բավարար պաշար չլինելու պատճառով գյուղացիների մեծ մասը վաճառել է անասունները։
Ադրբեջանցի զինծառայողները ոչ միայն իրենց դիտարկման կենտրոնում են պահում խոտհարքներն ու արոտավայրերը, այլև առևանգում են գյուղացիների անասունները, ինչպես նախորդ տարի հունիսի 5-ին էին գողացել Կութի գյուղացիներին պատկանող 80 գլուխ անասունը։ Իշխանության ներկայացուցիչները հայտարարել էին, որ փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ աշխատանքային քննարկումներ են ընթանում, սակայն մինչ օրս քննարկումները հավանաբար չեն ավարտվել, համենայն դեպս, գյուղացիներից որևէ մեկը փոխհատուցում չի ստացել։
«Ոչ մի բան էլ չի եղել, բացարձակ ոչ մի հատուցում չի եղել։ Բազմիցս իրենց դիմել ենք՝ մարզպետարան, Կառավարություն։ Իրենք չեն ասում, թե որն է փոխհատուցում չտրամադրելու պատճառը, բայց ինձ համար հասկանալի է։ Իրենք չեն ուզում այդ հատուցումը տալ, բայց ոչ էլ «չէ» են ասում։ Այնքան որ ձգձգում են, եթե փոխհատուցում պետք է տային, ինչո՞ւ են 1 տարի ձգձգում»,- ասաց Հակոբ Ավետյանը։
Դիտարկմանը, գուցե Կառավարությունը մտավախություն ունի, որ ոչ թե 80, այլ ավելի քիչ անասուն են գողացել ադրբեջանցիները, իսկ գյուղացիներն առիթից օգտվելով՝ ուռճացնում են թվերը, որպեսզի Կառավարությունից գումար ստանան, համենայն դեպս ոչ հրապարակային նման ինֆորմացիա ևս քննարկվում է, Հակոբ Ավետյանն ասաց․
«Դա չի կարող պատճառ լինել, թող գան տեղում ճշտեն։ Չեն կարող միշտ ասել, որ կասկածում են, թող գան հստակեցնեն, կամ ասեն՝ սուտ եք ասում, կամ համաձայնվեն։ Բայց այդտեղ սուտ ասելու ոչ մի բան չկա, որովհետև եթե մեկը փորձի ստել, հարևանները կասեն, ինքը սուտ է ասում, իրեն այդքան կով չի եղել։ Բոլորս էլ գիտենք, որ կոնկրետ այդքան թվով անասուն են գողացել»։
Անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողների՝ մեր երկրի տարածքում տեղակայվելուն, Հակոբ Ավետյանն ասաց, որ այսպես նստել և սպասելով՝ թշնամին դուրս չի գալու մեր հողից․
«Ոչ թե պետք է սպասենք, որ թուրքերը հետ գնան, այլ մենք պետք է հետ շպրտենք, եթե հետ գնալու լինեին, ապա առաջ չէին գա։ Չպետք է ասենք՝ մի օր թուրքը հետ կգնա, կբարիանա, կասի՝ կներեք, որ եկել մտել ենք ձեր հող»։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ էր եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանում։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։
Գեղարքունիքում տեղակայված ադրբեջանցի զինծառայողների սադրանքների հետևանքով հայկական կողմը նաև զոհեր և վիրավորներ է ունեցել։