Բաց նամակ Խաչատուր Սուքիասյանին

Բաց նամակ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին.

«Հարգելի պարոն Սուքիասյան

Դուք ԱԺ ամբիոնից հայտարարում եք, որ 30 տարի թալանել են:

Իհարկե, թալանել են, պարոն Սուքիասյան: Բայց  ձեր այս իշխանությունն ամեն ինչ արեց, որ, օրինակ, թալանած փողերով Մոնումենտում կառուցված տունը վաճառվի և «մարսվի»: Որպես նվեր ընդունեց Ծաղկաձորի հյուրանոցը, որպեսզի մնացածը հաջողությամբ մարսվի:

Ավելին, ձեր իշխանության բազմաթիվ անդամներ, որոնց ես և Դուք ճանաչում ենք տասնյակ տարիներ, և այդ տարիների ընթացքում փաբերում բացառապես պարտքով էին գարեջուր խմում…, այսօր «բուրժուական» խրախճանքների մեջ են հունաստաններում, բալիներում և եվրոպաներում:

Այս պարագայում, իրավունք ունե՞մ ես կասկածելու, որ 3-4 տարում հարստացած, թանկարժեք տներ և մեքենաներ ձեռք բերած այդ տղաներն ու աղջիկները նախկին «թալանից» փայ են ստացել, որպեսզի աչք փակեն մնացած «թալանի» վրա: Եվ վերջապես կարծում եմ, որ թալան էր նաև այն, որ ՀՀ բոլոր վարորդներին ստիպում էին, որ յուրաքանչյուր ավտոմեքենայի մեջ պարտադիր «ագնետուշիտել»(կրակմարիչ) լինի, որպեսզի ընդամենը մեկ «բիզնեսմեն» ներկրի այդ կրսկմարիչները և «օրինական» հարստանա:

Թալան էր նաև այն, որ ՀՀ բոլոր օբյեկտների տերերին ստիպում էին, որ յուրաքանչյուր խանութի կամ սրճարանի դիմաց պարտադիր լապտերներ լինեն, որպեսզի ընդամենը մեկ «բիզնեսմեն» ներկրի այդ լապտերները և «օրինական» հարստանա:

Թալան էր նաև այն, որ անձնագրերը փոխելու առաջին տարվա ընթացքում ՀՀ բոլոր քաղաքացիները ստիպված էին միայն մեկ տեղ լուսանկարվել, որովհետև «պասպորտ սեղանները» միայն այդ լուսանկարչատան նկարներն էին ընդունում, որպեսզի ընդամենը մեկ «բիզնեսմեն» «օրինական» հարստանա:

Այս ամենը գրեցի, որ հաջորդ անգամ ճշմարտությունը կիսատ չասեք…, եթե ուզում եք ժողովրդի հետ կիսվել, կիսվեք մինչև վերջ… կամ ոչինչ մի ասեք, պարզապես սուսուփուս զբաղվեք թուրքական լոբբինգով: Դա Ձեզ մոտ շատ լավ է ստացվում:

Ամենայն հարգանքով՝ Կարեն Քոչարյան»։

Տեսանյութեր

Լրահոս