Գարիկ Սարգսյանի երեկվա քարոզարշավը, որին ներկա են եղել նախարարներ, պատգամավորներ, օրենքի խախտումով է եղել

Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավն անցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից թույլ տրվող բազմաթիվ խախտումներով, սակայն իրավապահ մարմինները, չգիտես՝ ինչու, աչք են փակում դրանց վրա։

Վերջին ուշագրավ խախտումը 168.amբացահայտել էր օրեր առաջ, երբ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի հրահանգով Վեդիում գտնվող Ջրային կոմիտեի շենքը վերածել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական գաղտնի շտաբի։

Վեդիի համայնքապետի պաշտոնի համար մինչև ատամները «զինված» հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը, որը 2022 թվականի հունվարի 5-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Վեդիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՏԻՄ ընտրությունների նշանակվելուց հետո՝ սահմանված ժամկետում, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար հիմունքներով դահլիճների և այլ շինությունների տրամադրման վերաբերյալ որոշում է կայացրել, որը տեղադրված է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում։

Համաձայն այս որոշման, մասնավորապես, Վեդու քաղաքային մշակույթի տան մեծ դահլիճը քարոզարշավի համար առաջադրված ուժերին տրամադրվում է երկուշաբթիից կիրակի, ժամը 12։00-17։00-ն։

Ուշագրավ է, որ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարի մեջ մտած ՔՊ-ական Գարիկ Սարգսյանն անտեսելով սեփական կայացրած որոշումը՝ երեկ մշակույթի տանը քարոզարշավ է իրականացրել՝ սահմանված ժամը խախտելով։

Ի դեպ, այդ քարոզարշավին ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը, վարչության անդամ Արսեն Թորոսյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և այլք։

«Իմ հզոր համայնք» կուսակցության ավագանու թեկնածու Վահագն Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ համայնքի ղեկավարը, տվյալ դեպքում՝ ժամանակավոր պաշտոնակատարը, նախքան ուժերի առաջադրվելն է որոշումը կայացնում։ Նա ևս ընդգծեց, որ երեկ երեկոյան Վեդիի մշակույթի տանը ՔՊ-ի իրականացրած քարոզարշավը խախտումով է եղել․

«Իրենք օրենքից, արդարությունից են խոսում, բայց իրենց կայացրած որոշումն իրենք են խախտում։ Վաղը քարոզարշավի վերջին օրն է, ժամը 12։00-15։00-ն իրենք են անցկացնելու քարոզարշավը, մենք դիմել էինք, որ ժամը 15։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում մենք անցկացնեինք, բայց իրենք մերժեցին, ասացին՝ կարող եք անցկացնել մինչև 17։00-ն։ Վաղն իրենք ամֆիթատրոնում են անելու քարոզարշավը, 15։30-17։00 մենք ենք անելու՝ Մշակույթի տան դիմաց՝ հարակից տարածքում»։

168.amը կապ հաստատեց նաև Վեդի մշակույթի տան տնօրեն Արթուր Ստամբոլցյանի հետ. որպես պատասխանատու՝ ԿԸՀ կայքում նրա անունն է նշված։

Հարցրեցինք, թե ինչպե՞ս է ստացվում, որ իշխանության պարագայում նորմալ է սահմանված ժամից ուշ քարոզարշավ իրականացնելը, իսկ ընդդիմության պարագայում՝ ոչ։ Պարզվեց՝ Ստամբոլցյանը որևէ բանից անտեղյակ էր․

«Բանը նրանում է, որ ինձ ոչ մի գրություն չեն ուղարկել, ես սպասում եմ գրության։ Տեղյակ չեմ՝ ինչ են գրում ԿԸՀ կայքում, թե ո՞վ է պատասխանատուն, այդ բոլորից ես անտեղյակ եմ, բայց մեր մոտ երեկ էլ է եղել հանդիպում»։

Ստամբոլցյանին հարցրեցինք, որպես պատասխանատու՝ արդյոք տեղյակ չէ՞, որ ժամը 17։00-ից հետո իրավունք չունեն քարոզարշավ անցկացնել, և, որ ՔՊ-ի երեկվա քարոզարշավ-հանդիպումն օրենքի խախտումով է եղել՝ ժամը 19։00-ին է մեկնարկել ու տևել է մեկ ժամից ավելի։

Ի պատասխան՝ նա ասաց․ «Պատկերացրեք, որ ես տեղյակ չեմ, ինձ բացարձակ ոչ մի բան չեն ասում»։

Ճշտող հարցին՝ արդյոք համայնքապետարանից իրեն որևէ իրազեկում չի՞ եղել, Ստամբոլցյանը բացասական պատասխան տվեց․

«Ոչինչ չեն ասել։ Ուղղակի երեկ առավոտյան ասել են, որ երեկոյան ժամը 7-ին հանդիպում կա։ Ի՞նչ հանդիպում է, պատասխանեցին՝ հանդիպում։ Այդքան բան»։

Հարցին, թե ո՞վ է իրեն նման բան ասել, Վեդիի մշակույթի տան տնօրենը պատասխանեց․

«Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆիկ Հակոբյանը, Գարիկ Սարգսյանի տեղակալը (Գարիկ Սարգսյանն արձակուրդ է վերցրել, որպեսզի մասնակցի ՏԻՄ ընտրություններին)։ Ես հիմա էլ սպասում եմ գրության, բայց չունեմ գրություն»։

Հարցին՝ այսինքն՝ դուք տեղյակ էլ չէի՞ք, որ ձեր անունը ԿԸՀ պաշտոնական կայքում տեղադրված է՝ որպես Վեդու քաղաքային մշակույթի տան մեծ դահլիճի պատասխանատու, Արթուր Ստամբոլցյանը պատասխանեց, որ այդ մասին միայն մեզանից է իմանում։

Ինչ վերաբերում է ամփոփիչ քարոզարշավն անցկացնելու տեղի և ժամի վերաբերյալ կուսակցությունների կողմից նախապես տրամադրվող գրություններին, Ստամբոլցյանն ասաց, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ևս գրություններն իրեն տրամադրել են միայն քարոզարշավի օրը, այն էլ՝ միջոցառումը սկսելուց հետո»։

168.am-ը փորձեց խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալ նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ մարտի 27-ին, Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն։

Ընտրապայքարի մեջ են մտել «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Նշենք նաև, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Իմ հզոր համայնք» կուսակցությունն ամենաշատ ձայներն էր հավաքել։

Տեսանյութեր

Լրահոս