«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալո՛ւ ենք»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալո՛ւ ենք:

ՀԱԴՐՈՒԹ, քաղաք Արցախի Հանրապետությնում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։

Քաղաքը տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևելյան հատվածում։ Այն Ստեփանակերտից գտնվում է 72 կմ հեռավորության վրա։

Նախկինում անվանվել է նաև Հոնաշեն, Հադրուտ, հետագայում վերանվանվել է Հադրութ։ «Հադրութ» բառացի, թարգմանաբար նշանակում է «երկու գետերի միջև»։ Դարեր շարունակ Հադրութը հայտնի է եղել Դիզակ անունով, այսպես էր կոչվում Դիզակի մելիքությունը, որի տարածքում շրջանը գտնվում էր 1590-1751 թվականներին: Դիզակ գավառը գտնվում էր Իշխանագետից մինչև Արաքս գետը ընկած տարածքում։ Բնակավայրի տարածքում ու շրջակայքում հայտնաբերվել են տասնյակ հուշարձանները, որոնք թվագրվում են հեթանոսական, վաղ քրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններիով։ Այս տեղեկությունները վկայում են, որ բնակչությունը այնտեղ բնակվում էր դեռևս Ք․ա․ 2–1–ին հազարամյակներից սկսված։

Մինչև 387 թվականը Հադրութը կազմում էր Մեծ Հայքի Արցախի նահանգի մաս, 387-640 թթ. ՝ Կովկասյան Ալբանիայի (Աղվանքի) իշխանության տակ գտնվող վասալ հայկական իշխանության մաս, 640-ից 880 թթ.՝ Հայաստանի էմիրության կազմում, 880-1047՝ Անիի հայկական թագավորության մաս, 1047-1201թթ. -հայկական Խաչենի իշխանության մաս, 1201-1380թթ.- Զաքարյանների հայկական իշխանությունում, 1380-1590 թթ. այն կրկին մաս էր կազմում հայկական Խաչենի իշխանության: Կարևոր է նշել, որ Հադրութի շրջանը երբեք չի բնակեցվել թուրքերով, և նույնիսկ խորհրդային տարիներին նրանք այնտեղ աննշան տոկոս էին կազմում:

1926-ի մարդահամարի տվյալներով ՝ Հադրութի շրջանում բնակվում էր 25 247 մարդ, որոնցից 24,685-ը (97,7%) հայեր են: Այժմ այդ մարդիկ ունեն ավելի քան 100 հազար հետնորդներ, ովքեր ներկայումս փախստական են:

Վերջին 100 տարում Հադրութը եղել է հայ-ադրբեջանական հակամարտության օջախներից։ 1918 թվականին Հադրութի բնակչությունը կատաղի դիմադրություն է ցույց տվել Զանգեզուրի վրա հարձակման գնացող թուրքական զորքերին։ 1992 թվականի օգոստոսի 15-ը նշվում է որպես Հադրութի՝ Առաջին պաշտպանական շրջանի ստեղծման օր։

Հադրութը Շուշիից հետո տարածաշրջանում երկրորդ արհեստագործական և արդյունաբերական կենտրոնն էր։ 19–րդ դարի կեսերից քաղաքում աշխուժացել են արհեստները, իսկ 20–րդ դարի սկզբին արհեստների թիվը հասավ 25–ի։ Այդ ժամանակաշրջանում Հադրութում գործել է մետաքսագործական երկու ֆաբրիկա, օղեթորման և գինու պատրաստման 46 արտադրամաս, ոսկերչական և գորգագործական 6 արհեստանոց, կղմինդրի 2 գործարան, ունեցել է շուկա, վաճառանոց, հեռագրատուն, արքունի զորանոց։

1882 թվականին Մոսկվայի տոնավաճառում Հադրութի մետաքսը արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 1883 թվականին ԱՄՆ–ում արժանացել է ոսկե մեդալի։

Հին Հադրութն օղակված է եղել պաշտպանական մի շարք բերդ-ամրոցներով։ Հյուսիս-արևելքում պահպանվել են «Բերդի մուտք» անունով հին բերդապարսպի հետքերը, հարավում՝ «Ծծախաչ» անունով բերդի, հյուսիսում՝ «Վնեսաբերդի», հարավ-արևելքում՝ «Ցորաբերդի» պարիսպների և աշտարակների առանձին մասեր։

Պահպանվել և նորոգվել է հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին, որը հիմնադրվել է 1621 թվականին։ Քաղաքի հին հատվածի որոշ մասեր նույնպես պահպանվել են՝ ի դեմս 1-3 հարկանի պատշգամբներով տների։ Քաղաքի տարածքը հարուստ է 13 սառնորակ աղբյուրներով՝ «Հոռեն», «Օխտը կռան», «Սահականց», «Դերին», «Ցվրա ջուր», «Երե», «Գյուլիսուն», «Շոշ քյահրիզ», «Տանուց», «Արգյունաշա», «Չիմանին», «Ցվրեն», «Նահատակեն» անվանումներով, կար նաև 7 գործող ջրհոր։

Հադրութի բնակչության թիվը 1813 թվականից հետո, երբ Արևելյան Հայաստանը և Արցախը մտան Ռուսական կայսրության կազմ, մի քանի տասնամյակում քառապատկվել է։ Մինչև 2020 թվականը Հադրութի բնակչությունը եղել հիմնականում բնիկներ։ Մինչև քաղաքի հանձնումը, բնակչությունը կազմել է 3200-3250 մարդ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր խաղողի, հացահատիկի և անասնապահական մթերքների արտադրությամբ:

Հադրութում առկա էր միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մանկական երաժշտական դպրոց, մշակույթի և երիտասարդության կենտրոն, շրջանային հիվանդանոց, քաղաքապետարան, իսկ Վանք և Տյաք գյուղերում՝ մշակույթի տներ։ Համայնքային ճանապարհները ասֆալտապատ են։ Կոմունիկացիաների տեսակետից այն զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Հադրութն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ։ Գործում էին վեց տասնյակից ավել առևտրային օբյեկտներ և 3 բանկի մասնաճյուղեր։

Հադրութում էր տեղակայված ԱՀ ՊԲ 18-րդ ԼՀ դիվիզիայի հրամանատարությունը և ՊԲ N 38401 զորամասը՞»:

Տեսանյութեր

Լրահոս